Ջեյմս Ուորլիքի ուշագրավ որոշման պատճառները. ինչ կարող է փոխվել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հեռանում է ինչպես այդ պաշտոնից, այնպես էլ առհասարակ դիվանագիտական աշխատանքից: Շուրջ 30 տարի ԱՄՆ պետդեպարտամենտում ծառայած փորձառու դիվանագետը, ով, ի դեպ, Մինսկի խմբում երբեւէ եղած ամենաակտիվ համանախագահներից է, այս անսպասելի նորությունը հայտնել է Թվիթերի իր միկրոբլոգում կատարած գրառման միջոցով:

Անշուշտ ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի փոփոխությունը սովորական պրակտիկա է եւ տեղի է ունենում 2-3 տարին մեկ անգամ, եւ այս առումով, թերեւս, Ուորլիքի հեռանալու մեջ որեւէ զարմանալի բան չպետք է փնտրել: Առավել եւս, որ նրա պաշտոնավարման 3 տարին լրացել էր անցած օգոստոսին: Սակայն, այնուամենայնիվ, ամերիկացի դիվանագետի այս որոշումը ուշագրավ է 2 հիմնական պատճառով: Նախ՝ Ուորլիքը այս որոշումը կայացրեց Դոնալդ Թրամփի հաղթանակից եւ ԱՄՆ նոր վարչակազմի ձեւավորման, այդ թվում եւ պետքարտուղարի թեկնածության շուրջ հստակեցումից անմիջապես հետո: Ուղղակիորեն կապել այս երկու իրադարձություններն, անշուշտ, կարող է եւ սխալ լինել, սակայն ամեն դեպքում անտեսելը եւս ճիշտ չէ:

Եվ այս դեպքում սա կարող է նշանակել, որ արդեն կարճ առաջիկայում մենք ականատես կլինենք ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում որոշակի նոր շեշտադրումների եւ նոր աշխատաոճի:
Ի դեպ, նկատենք, որ նախօրեին Ի. Ալիեւը հեռախոսազրույց էր ունեցել ԱՄՆ նորընտիր նախագահի հետ, որի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել էր նաեւ ԼՂ հիմնախնդիրը: Եվ որքան էլ ասվի, որ ԱՄՆ-ն այն երկիրը չէ, որտեղ անձերը «քաղաքական եղանակ» փոխեն, այդուհանդերձ, նկատենք, որ կամային նախագահները շատ որոշակի դերակատարություն ունեցել են ԱՄՆ կայացրած արտաքին քաղաքական որոշումներում: Եվ այս առումով պետք չէ բացառել, որ Դոնալդ Թրամփի եւ նրա ընտանիքի առնչությունները ադրբեջանական իշխանական էլիտայի հետ կարող են իրենց ազդեցությունն ունենալ ԼՂ խնդրի կարգավորման վրա:

Ուորլիքի հրաժարականի հետ կապված երկրորդ կարեւոր պահը հայտարարությունն էր այն մասին, որ այսուհետ նա գործընկեր է դառնալու ռուսական խոշորագույն իրավաբանական ընկերությունում, որը գրասենյակներ ունի տասնյակ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում եւ Մեծ Բրիտանիայում: Համաձայնեք, որ բավականին անսպասելի անցում է ԱՄՆ պետդեպից՝ ռուսական ընկերություն:

Արդյոք այս անցումը ունի քաղաքական մոտիվացիա, թե, ինչպես Ամերիկայում են ասում, սա «զուտ բիզնես է», ցույց կտա ժամանակը: Իսկ առայժմ կարող ենք արձանագրել, որ ներկայումս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից երկուսում նոր ներկայացուցիչներ են: Ի դեպ, մի քանի ամսից, ԱՄՆ-ից բացի, նաեւ Ֆրանսիայում կլինի նոր նախագահ /Օլանդի վերընտրությունը քիչ հավանական է գնահատվում/, եւ սա էլ, բնականաբար, իր հերթին նոր մարտահրավերներ է առաջ բերելու հայկական կողմի համար:




Լրահոս