Գեստապո կա՞ թատրոնում. Արզումանյանի ամբողջական պատասխանը` տնօրինությանն ուղղված մեղադրանքներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդը»-ը գրել էր, որ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի ստեղծագործական կազմի որոշ անդամներ լուրջ դժգոհություններ ունեն տնօրինությունից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` թատրոնի դահլիճը պարբերաբար տրվում է վարձակալության, ինչի արդյունքում խաղացանկային համերգները հազվադեպ են ներկայացվում հանդիսատեսին, իսկ փորձերն էլ հետաձգվում են կամ կիսատ մնում: Ավելին` նույն աղբյուրները նշել էին, որ վարձակալության գումարից անգամ չնչին մաս չի հատկացվում թատրոնի կարիքներին: Թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցել է Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանի հետ:

-Պարո՛ն Արզումանյան, թատրոնի ստեղծագործական կազմի որոշ անդամներ պնդում են, որ արտիստները պարզապես հարմարվողի դերում են, եւ վարձակալությունների պատճառով նրանց սպառնում է դեգրադացում: Ի՞նչ կասեք այս մասին:

-Նման բան ես առաջին անգամ լսում եմ Ձեզնից: Ոչ մի արտիստ ինձ այդ առթիվ դժգոհություն չի ներկայացրել: Դա սուտ խոսակցություն է: Ընդհակառակը, մեր արտիստները հիմա ավելի զբաղված են, քան նախկինում: Օրինակ` 2009-ին Օպերային թատրոնն ունեցել է 48 խաղացանկային ներկայացում, 2010-ին` 47, 2011-ին` 74, 2012-ին` 51, 2013-ին` 56: Ես տնօրենի պարտականությունը ստանձնել եմ 2014-ից: Այսպիսով` նույն թվականին Օպերային թատրոնն ունեցել է 124 ներկայացում, 2015-ին` 102 եւ միայն 2016-ին` 77 ներկայացում (պատճառն այն է, որ մենք խնդիրներ ունեցանք «Սասունցի Դավիթ» օպերայի պրեմիերայի հետ կապված, թատրոնը մի քանի ամիս պարալիզացված էր, թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Գեղամ Գրիգորյանի` կյանքից հեռանալու հանգամանքն էլ բոլորին «շարքից հանեց»): Հիմա ո՞նց կարող է լինել այնպես, որ արտիստները իրենց գործով զբաղվելու հնարավորություն չունենան, եթե այսքան ներկայացումներում են հանդես գալիս: Ընդհանրապես, երբ Օպերային թատրոնն ունենում է իր պրեմիերաները, մի որոշ ժամանակով թատրոնը պարալիզացվում է: Օրինակ` դեկտեմբերի վերջին նախատեսվում է Խաչատրյանի «Դիմակահանդես» բալետի պրեմիերան, եւ ամբողջ թատրոնի ստեղծագործական ու տեխնիկական կազմը զբաղված է դրանով:

-Թվե՛ք, խնդրում եմ, մի քանի միջոցառումներ, որոնք Օպերային թատրոնում իրականացնելու են վարձակալողները դեկտեմբերի ընթացքում: Արդյո՞ք դրանց բնույթը համապատասխանում է թատրոնի ստատուսին:

-Դեկտեմբերի 2-ին, օրինակ, նախատեսված է հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցառումը, դեկտեմբերի 5-ին` Երգի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գրիգորյանի հոբելյանական երեկոն է կայանալու, դեկտեմբերի 11-ին` «Բերդ» պարային անսամբլի, դեկտեմբերի 18-ին` ԶՈՒ երգի եւ պարի համույթն է մեզ մոտ ելույթ ունենալու: Կարծում եմ` այս եւ մյուս միջոցառումները համապատասխանում են Օպերային թատրոնի ստատուսին: Ի՞նչ է, հո մեզ մոտ Արմենչի՞կը չի երգում, հո ռաբիս երաժշտությո՞ւն չի հնչում, թե՞ հարսանիքներ են մեզ մոտ արվում:

-Թվային տվյալներով ներկայացրեք, խնդրում եմ, թե 2016-ի կտրվածքով թատրոնում քանի՞ միջոցառում է կազմակերպվել վարձակալության արդյունքում:

-Նախ ասեմ, որ մենք ունենք գեղարվեստական ղեկավար, որը ներկայացնում է տարեկան միջոցառումների պլանը, եւ այն օրերին, երբ դահլիճն ազատ է լինում, նոր նշանակվում է վարձակալություն, եւ ոչ թե հակառակը: 2016-ին 41 ընդհանուր վարձակալություն է եղել, որից 7-ը` սուբսիդավորված եւ անվճար հիմունքներով: Վարձակալություններից մյուս 7-ի դեպքում կայացել է պետական միջոցառում, դրանցից 13-ն էլ եղել է նվազագույն գնով վարձակալություն (քանի որ տրվել է գլխավորապես պետական համույթներին): Բոլոր միջոցառումների հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան պայմանագրերով, գումարը մուտք է գործում թատրոն, նոր կազմակերպվում են միջոցառումներ: Իսկ պետական միջոցառումների դեպքում մեզ ուղարկվում են պաշտոնական նամակներ:

-Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ մասնավոր միջոցառումների պարագայում Դուք վարձակալությունների մի մա՛սը չեք գրանցում միայն, իսկ մյուս մասն էլ թղթերի վրա կարող է պարզապես չերեւալ:

-Դե, եթե այդպես է, դիմե՛ք քրեական օրգաններ, թող գան, հետախուզություն անեն, տեսնենք` ով է մեղավոր: Ոչ մի միջոցառում, ի վերջո, չի կարող թատրոնից գաղտնի արվել:

-Այո՛, բայց կարող է լինել իրողություն, որի մասին բոլորը գիտեն, բայց լռում են, վախենում են խոսել: Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ վարձակալությունների հետեւանքով արտիստները նորմալ կերպով չեն հասցնում փորձեր անել, երբեմն էլ կիսապատրաստ են բեմ բարձրանում:

-Չկա նման բան. մեր փորձերը տեւում են մինչեւ 15:00-ն, իսկ վարձակալողներն իրենց միջոցառումները սկսում են 15:00-ից հետո:

-«Թատրոնում մի թայֆա կա, որն այդ վարձակալության գումարներով ուտում, խմում, քեֆ է անում: Այդ մարդկանց ձեռնտու է, որ արտիստների տարիներն ուտեն, բայց իրենք Range Rover-ներով շրջեն: Վարձակալության փողից անգամ չնչին գումար չի հատկացվում թատրոնին», ասել էր մեզ աղբյուրը: Սրա՞ մասին ինչ կասեք:

-Նախ` ամոթ է նման բաներ խոսել, եւ հետո` Range Rover էլ կա, Range Rover էլ: Եթե խոսքը 25 տարվա Range Rover-ի մասին է, դրա գինը Ժիգուլիից մի քիչ է բարձր: Բացի այդ` նշյալ գումարները համապատասխան պայմանագրերի համաձայն՝ գնում-մտնում են մեր թատրոնի ընդհանուր դրամարկղ: Վերջին տարիների ընթացքում թատրոնում ահագին բան է փոխվել դեպի լավը: Պետությունը մի փոքր օգնում է մեզ, բայց մի շարք կարիքներ էլ հոգում ենք վարձակալությունից ստացված գումարների միջոցով:

-Իսկ պետությունը տարեկան կտրվածքով որքա՞ն գումար է տրամադրում թատրոնի խաղացանկային ներկայացումների համար:

-50 միլիոն դրամ: Բայց Դուք տեսեք, թե այս տարի մենք այդ գումարով քանի պրեմիերա արեցինք:

-Վարձակալությունից ստացված գումարները, Ձեր հավաստիացմամբ, ուղղվում են թատրոնի ընդհանուր դրամարկղ: Իսկ դրանք ստեղծագործական նպատակներով ե՞ն օգտագործվում, թե՞ ադմինիստրատիվ:

-Էլեմենտար բան ասեմ. պատուհան է պետք փոխել՝ գումար է անհրաժեշտ, արտիստը լավ երգեց, պարգեւատրում է ուզում` գումար է պետք: Ի դեպ, ասեմ, որ ստեղծագործական կազմի անդամների աշխատավարձը երեք տարվա ընթացքում երեք անգամ ավելացել է: Տնօրինությունից կարող են բողոքել մարդիկ, որոնք ուզում են վատություն անել թատրոնին, Երեւանին, Հայաստանին: 650 հոգի մարդ է աշխատում թատրոնում, ցավոք, կգտնվեն նաեւ այդպիսիք: Ինչո՞ւ չեք ուզում մեր արտիստներին հավաքել ու իրենց կարծիքը հարցնել:

-Իսկ ի՞նչ երաշխիք կա, որ թատրոնում ապահովված է այնպիսի մթնոլորտ, որի պայմաններում նրանք կարող են ազատ պատմել այն, ինչ կա իրականում:

-Իսկ ինչո՞ւ ոչ: Գեստապո կա՞ թատրոնում: Արտիստը հիմա շատ ավելի լավ է ապրում, քան առաջ, ավելի շատ դերեր ունի, քան առաջ: Այնպես որ, վստահ եմ, որ համապատասխան մթնոլորտն ապահովված է:

Աննա Բաբաջանյան




Լրահոս