Հնարավո՞ր է` Հայաստանը ստեղծի ռադիոակտիվ ռումբեր և ունենալով արդեն «Իսկանդեր» համալիր՝ թիրախի տակ առնի ցանկացած կետ Ադրբեջանի խորքում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հատկապես ապրիլյան պատերազմից հետո մեզ համար շատ ցավոտ ձեւով պարզվեց, որ սպառազինությունների մրցավազքում հայկական կողմը էապես զիջում է հակառակորդին, ինչի մասին, ի դեպ, հայտարարեց նաեւ Ս. Սարգսյանը՝ նշելով, որ հայկական կողմը կռվում է 80-ական թվականների զենքով:

Ամիսներ անց հայտնի դարձավ, որ ՌԴ-ն Հայաստանին է մատակարարել ամենազոր «Իսկանդեր» համակարգեր: Թեեւ իշխանական շրջանակներից եղան հայտարարություններ, թե «Իսկանդերները» հայկական զինուժի տրամադրության տակ էին դեռեւս մինչ ապրիլյան պատերազմը, սակայն դա թերահավատության տեղիք տվեց, քանզի այդ դեպքում գոնե տեղեկատվական արտահոսքերի տեսքով պիտի որ պատերազմական օրերին ասվեր այդ մասին, ինչը, վստահաբար, կունենար զսպիչ ազդեցություն:

Մինչդեռ մենք այդ օրերին ազգովի մնացինք Հրանտ Բագրատյանի՝ աբսուրդային թվացող հայտարարության հույսին այն մասին, որ Հայաստանում արդեն իսկ ստեղծված է միջուկային զենք: Եվ եթե ընդունենք իշխանության այն փաստարկը, թե «Իսկանդերների» մասին վաղօրոք հայտարարելը որեւէ ազդեցություն չէր ունենա, քանի որ այդ համակարգերը կիրառելի են միայն լայնածավալ ռազմական գործողությունների դեպքում, ապա միջուկային զենքի կիրառելիության մասին խոսելն առհասարակ բարդ խնդիր է, սակայն չնայած դրան՝ Բագրատյանի այդ հայտարարությունն ունեցավ ցունամիի ազդեցություն. շաբաթներ շարունակ ադրբեջանական մամուլը քննարկում էր այդ հարցը, իսկ պաշտոնական Բաքուն անգամ դիմեց համապատասխան միջազգային կառույցներ:

Բագրատյանի հայտարարությունից ավելի քան կես տարի անց էլ, պարզվում է, այն չի մոռացվել, ավելին՝ դրան հղում կատարելով՝ ամերիկյան ռազմաքաղաքական national interest հանդեսը հնարավոր է համարել, որ Հայաստանը ստեղծի «ռադիոակտիվ ռումբեր»: «Ազատության» ներկայացմամբ՝ ամերիկյան հանդեսը գրել է. «Հայաստանն արդեն ունի Մեծամորի ատոմակայան՝ միջուկային ոլորտում հմտացած աշխատակազմով, մյուս կողմից էլ, մտահոգիչ մեծ թիվ են կազմում այն հայերի ձերբակալությունները, որոնք փորձում են երկրից ապօրինի ուրան արտահանել:

Եվ որ ամենակարեւորն է՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ապրիլին հայտարարեց, թե Հայաստանն արդեն միջուկային զենք ունի, կամ պետք է ստեղծի: Ի վերջո, հնարավոր է, որ Հայաստանը, ցանկության դեպքում, ստեղծի ռադիոակտիվ, այսպես կոչված՝ կեղտոտ ռումբեր: Եվ ունենալով արդեն «Իսկանդեր» համալիր՝ թիրախի տակ առնի ցանկացած կետ Ադրբեջանի խորքում»:

Արդյոք նմանատիպ հրապարակումներով հայկական կողմի համար ավելի մեծ գլխացավանք է ստեղծվում, թե հակառակորդին վախեցնելու հնարավորություն, դժվար է ասել: Ամեն ինչ կախված է նրանից, թե որքանով է հոդվածում նշվածը իրատեսական: Համենայն դեպս, այս խնդրի շուրջ ինչպես համապատասխան միջազգային կառույցների արձագանքը, այնպես էլ մեր իշխանությունների լռությունը բավականին խորհրդավոր է:




Լրահոս