Հայտնի գործարար Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Միկա Քորփորեյշն» ընկերությունը սննկացել է: Ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Երեւանի քաղաքապետարանը:
Տարիներ առաջ Միխայիլ Բաղդասարովը Հայաստանի ամենահարուստ մարդկանց եռյակում էր եւ ԱՊՀ երկրների գործարար վերնախավի ամենաազդեցիկ ներկայացուցիչների երեք տասնյակում: Այժմ, սակայն, Բաղդասարովին պատկանող ընկերությունները, իրար հերթ չտալով, սնանկանում են: Հիշեցնենք, որ Բաղդասարովին էին պատկանում նաեւ «Արմավիա» եւ «Միկա Լիմիթեդ» ընկերությունները: Դեռեւս 2014 թվականին «Միկա Լիմիթեդ» ընկերությունը դիմել էր դատարան՝ «Արմավիա» ավիաընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով: Եվ 2014 թվականի դեկտեմբերի 16-ին դատարանի վճռով ընկերությունը սնանկ ճանաչվեց: Նշենք, որ «Արմավիա»-ի պարտատերերի ցուցակում են 122 քաղաքացիներ եւ 27 ընկերություններ: Ընկերության միայն դոլարային պարտքը կազմում է մոտ 90 միլիոն:
Իսկ, ահա, Բաղդասարովին պատկանող մյուս՝ «Միկա Քորփորեյշն» ընկերութունը, որը հայտնի էր բենզինի եւ դիզվառելիքի շուկայում, սնանկ է ճանաչվել՝ հողի հարկերը չվճարելու պատճառով: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ հոկտեմբերի 31-ի վճռով «Միկա Քորփորեյշն» ՓԲԸ-ն ճանաչվել է սնանկ: Իսկ դատարանի՝ նոյեմբերի 4-ի որոշմամբ սնանկության գործով կառավարիչ է նշանակվել Վահագն Ավագյանը: Ի դեպ, պարտատերերն իրենց պահանջները հնարավորություն ունեն ներկայացնելու Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան սնանկության մասին հայտարարությունից հետո՝ մեկամսյա ժամկետում: Իսկ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի հունվարի 20-ին:
«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ «Միկա Քորփորեյշն» ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել Երեւանի քաղաքապետարանը: «Ժողովուրդի» հետ զրույցում քաղաքապետարանի իրավաբանական վարչության պետի տեղակալ Անդրանիկ Մուրադյանը հայտնեց, որ «Միկա Քորֆորեյշն» ընկերությունը քաղաքապետարանին պարտք է հողի հարկի գծով: «Այդ ընկերությունը քաղաքապետարանին պարտք է 1.2 մլն դրամի չափով: Մենք ներկայացրել ենք հայցադիմում, որը վարույթ է ընդունվել: Այս պահին մենք տեղյակ չենք, որ վճիռ է կայացվել»,- նշեց Մուրադյանը:
«Միկա Քորփորեյշնի» աշխատակիցներից տեղեկացանք, որ ընկերությունը 2014 թվականից չի գործում: Ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը հայտարարել էր բոլոր ակտիվներից, այդ թվում՝ նավթային բիզնեսից հրաժարվելու մասին: Այդ ընթացքում հայտարարվեց, որ «Ռոսնեֆտը» գնել է Բաղդասարովի նավթային ակտիվները: Ավելի ուշ պարզվեց, որ «Ռոսնեֆտը» ձեռք է բերել ոչ միայն լցակայաններն ու նավթի բազաները, այլեւ գրասենյակային տարածքները: Այդպիսով՝ «Արմավիա»-ի սնանկանալով ավիացիայից դուրս գալուց հետո «Միկա Քորփորեյշն»-ի սնանկացմամբ Բաղդասարովը դուրս եկավ նաեւ Հայաստանի նավթային շուկայից:
«Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել «Միկա Քորփորեյշն»-ի հետ: Ընկերության անվան տակ գործող հեռախոսահամարներին պատասխանող քաղաքացիները ներկայացան որպես «Միկա Քորփորեյշն»-ի աշխատակիցներ: Սակայն ընկերության սնանկ ճանաչվելու մասին տեղեկությունը լսելուց հետո աշխատակիցները շատ զարմացան՝ նշելով, որ այդ մասին տեղեկանում են «Ժողովուրդ»-ից: «Ես տեղյակ չեմ եւ իրավասու չեմ նման հարցերի շուրջ զրուցել Ձեզ հետ»,- ասաց ընկերության աշխատակից Կարեն Սարգսյանը:
Իսկ ընկերության սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանը, անդրադառնալով ընկերության սնանկ ճանաչվելու վերաբերյալ հայտարարությանը, ասաց՝ գործը նոր է հայտնվել իր ձեռքի տակ, եւ այդ պատճառով չի կարող մանրամասներ ներկայացնել:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ