Ավազակային հարձակում Երևանում. դիմակավորված անձինք մտել են տուն, ատրճանակը դրել կնոջ քունքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից նոյեմբերի 23-ին ժամը 21-ին, Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց զանգահարած քաղաքացին հայտնել է, որ դիմակավորված եւ զինված 2 անձինք մտել են Արաբկիրի 53-րդ փողոցում գտնվող իրենց տուն, կապել են իր եղբոր ոտքերը եւ օգնություն կանչելուց հետո դիմել են փախուստի, իսկ ժամը 21.20-ին քաղաքացին հայտնել է, որ հանցագործները գտնվում են նշված տանն ու զենքով սպառնում են տան անդամներին:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 20.40-ին, դիմակավորված 2 անհայտ անձինք, օգտվելով դռան բաց լինելու հանգամանքից, մուտք են գործել Գայանե Բ.-ի տուն, որից հետո նրանցից մեկը ցուցադրելով ատրճանակը՝ դրել է այն կնոջ քունքին, իսկ մյուսն իր մոտ եղած կտրող գործիքով հարվածել է նրա եղբոր` 47-ամյա Հովհաննես Բ.-ի ձախ ոտքին եւ առանց որեւէ պահանջ ներկայացնելու, իրենց կամքից անկախ հանգամանքներում, ոչինչ չհափշտակելով՝ դիմել են փախուստի:

Նոյեմբերի 24-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս՝ Էրեբունու եւ Ազատամարտիկների փողոցների խաչմերուկից ժամը 13.55-ին, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման է ենթարկվել Երեւանի Նիզամու փողոցի բնակիչ, 23-ամյա Սուրեն Կ.-ն, իսկ ժամը 14.15-ին Էրեբունու փողոցի թիվ 33 շենքի մոտից՝ Էրեբունու փողոցի բնակիչ, 19-ամյա Միքայել Մ-ն:

Սուրեն Կ.-ի կողմից թողնված դիմակը եւ ձեռնոցները հայտնաբերվել են «Հաղթանակ» զբոսայգում:

Ձեռնարկվում են միջոցառումներ հանցագործության գործիք ատրճանակը եւ կտրող գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

Սուրեն Կ.-ն եւ Միքայել Մ.-ն ձերբակալված են:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ եւ 4-րդ կետերի հատկանիշներով:

miqayel-suren-untitled-1001




Լրահոս