Այսօր երկրի ղեկավարը հայտարարում է ազատագրված բոլոր 7 շրջանները հանձնելու մասին, և ի պատասխան՝ տիրում է մեռելային լռություն. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի՝ օրերս Դ. Կիսելեւին տված հարցազրույցը, պարզվում է, բացի արդեն իսկ այս օրերին քննարկված վիճահարույց հայտարարություններից, պարունակել է եւս մեկ կտոր, որը հրապարակվել է նախօրեին՝ մեկ շաբաթ ուշացումով: Եվ ահա այդ մասում Ս. Սարգսյանը հայտարարում է, որ հայկական կողմը պատրաստ է եղել հանձնել բոլոր 7 շրջանները: Հիշեցնելով 2008թ. Մայնդորֆյան հռչակագրի ստորագրման նախապատմությունը՝ Սարգսյանը շարունակում է. «Դրանից հետո բանակցությունները շարունակվեցին, եւ մենք մի քանի անգամ արդեն մոտ էինք փաստաթղթի ստորագրմանը: Այսինքն՝ հայկական կողմը, հայկական կողմերը՝ Հայաստանն ու Ղարաբաղը, ազատում են բոլոր տարածքները, որոնք հիմա անվտանգության գոտի են, այն տարածքները, որոնց մասին ադրբեջանցիներն ասում են, որ դրանք օկուպացված են: 7 ադրբեջանական շրջանները: Մենք թողնում ենք այդ տարածքները եւ հեռանում: Դա տարածքային ամբողջականության սկզբունքն է: Այո՞»,- հարցադրում է անում Սարգսյանը:

Իսկ արդեն Կիսելեւի ճշտող հարցին, թե պատրա՞ստ եք վերադառնալ այդ փաստաթղթին հիմա եւ այն համարել գործող, Սարգսյանը պատասխանում է. «Մենք պատրաստ ենք այդ երեք սկզբունքների շրջանակներում գնալ Ղարաբաղի հարցի կարգավորմանը»: Այսպիսով՝ Սերժ Սարգսյանը վերստին եւ բաց տեքստով հայտարարում է, որ հայկական կողմը պատրաստ է գնալ Ղարաբաղի հարցի կարգավորման՝ հանձնելով բոլոր 7 շրջանները:

Թե որն է պատճառը, որ «Սասնա ծռերի» զենքը վայր դնելու հաջորդ օրը տարածքային զիջումները «բացառող» Սերժ Սարգսյանը որոշել է հիմա բարձրաձայնել 7 շրջանների հանձնման մասին, դժվար է ասել: Անշուշտ, դա բացառող արմատական շրջանակները՝ ի դեմս «Սասնա ծռերի» եւ «Հիմնադիր խորհրդարանի», ճաղերի հետեւում են, իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերն էլ արդեն զբաղված են նախընտրական սակարկություններով, ուստի քաղաքական դաշտից նմանատիպ հայտարարություններին դիմադրությունը նվազագույն մակարդակի կարող է լինել:

Իսկ ինչ վերաբերում է փորձագիտական շրջանակներին եւ, այսպես ասած, մտավորականությանը, ապա այստեղ հանրության հեղինակությունը վայելող շատ քիչ գործիչներ են մնացել, որոնք մինչ այս էլ ամիսներ շարունակ հնչեցնում էին տագնապի զանգը: Մասնավորապես հիշենք, որ դեռեւս այս գարնանը ստորագրված Շուշիի հռչակագիրը, որի հրատապությունը օրեցօր ավելի ակնհայտ է դառնում, այդպես էլ չարժանացավ հանրային մեծ աջակության: Դժվար է ասել՝ որն է պատճառը: Արդյոք մարդիկ պարզապես չեն հավատում, որ որեւէ հայ ղեկավար կարող է հանձնել արյամբ ազատագրված հողերը, թե այնքան են կքած սոցիալական խնդիրների տակ, որ օրվա հացից անդին՝ այլ բաների մասին ի վիճակի չեն մտածելու: Ամեն դեպքում փաստ է, որ այսօր երկրի ղեկավարը հայտարարում է ազատագրված բոլոր 7 շրջանները հանձնելու մասին, եւ ի պատասխան՝ տիրում է քար լռություն, մեռելային լռություն:




Լրահոս