Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարի վաճառքը մտահոգիչ է. ի՞նչ նախազգուշական քայլեր է պատրաստվում անել Հայաստանը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անցած շաբաթ օրը հայտարարել էր, թե Վրաստանի նավթագազային կորպորացիայի բաժնետոմսերի 25 տոկոսը կարող է վաճառքի հանվել ֆոնդային բորսայում: Հիշեցնենք, որ հենց այս կորպորացիան է տնօրինում Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող Հյուսիս-Հարավ մայրուղային գազատարը: Նման հեռանկարը, անշուշտ, չի կարող չմտահոգել հայկական կողմին:

Հիշեցնենք, որ Վրաստանի տարածքով անցնող մայրուղային գազատարը վաճառելու մասին խոսակցություններ նախկինում էլ են եղել: Մասնավորապես դեռեւս 2010 թ. այդ մասին առաջին անգամ հայտարարվեց Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլու վարչակարգի կողմից, իսկ արդեն 2012-ին այդ ուղղությամբ բավականին լուրջ զարգացումներ եղան, անգամ եղան հստակ հայտարարություններ՝ ադրբեջանական նավթագազային soccar ընկերության կողմից գազատարն ամբողջությամբ գնելու մտադրության մասին: Ի պատասխան հայկական կողմի անհանգստությունների՝ վրացական կողմը հավաստիացնում էր, որ վաճառելու դեպքում խոսքը կգնա ընդամենը 25 տոկոս բաժնեմասի մասին, եւ որ իրենց կողմից նախապատվությունը կտրվի նման ցանկություն հայտնած մեկ այլ՝ բրիտանական ծագմամբ ընկերության, որը, սակայն, եւս միջնորդավորված առնչություն ուներ ադրբեջանական նավթագազային ընկերությունների հետ:
Ի վերջո, Հայաստանի իշխանություններին կարծես թե հաջողվեց համոզել վրացական կողմին՝ չգնալ նման քայլի, եւ, ըստ ամենայնի, եղան որոշակի համաձայնություններ նաեւ ռուսական կողմի հետ՝ տարանցման դիմաց Վրաստանին հատկացվող գազի քվոտաների վերանայման շուրջ:

Թե ինչով է պայմանավորված գազատարի վաճառքի մասին խոսակցությունների թարմացումը, թերեւս դժվար չէ հասկանալ: Նախ՝ Վրաստանում տեսնում են, որ կարծես թե Հայաստան գործուղված «Գազպրոմի մարդը»՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, կարողանում է «հարցեր լուծել»՝ հասնելով գազի սակագնի նվազեցման: Եվ ուրեմն՝ եթե այդպես է, ինչու իրենք էլ չփորձեն ստանալ ավելին՝ սպառնալով վաճառել գազատարի բաժնետոմսերը: Վրացական կողմի ուզածը նորություն չէ. այստեղ դեռ անցած տարիներին ցանկանում էին, որ տարանցման դիմաց ռուսները վճարեն ոչ թե գազով, այլ կանխիկ փողով:

Բացի այդ՝ գազատարի վաճառքի մասին հայտարարությունը կարող է լինել նաեւ հայկական կողմին ուղղված զգուշացում՝ կապված հայ-ռուսական համատեղ զորամիավորման, առաջիկայում նաեւ՝ ՌԴ պետդումայում վավերացվելիք ՀՕՊ համակարգի գործարկման հետ Վրաստանի շուրջ հնարավոր իրավիճակներում: Եթե գազատարը չվաճառելու դիմաց վրացիները ռուսներից հավելյալ փող են ուզում, ապա ՀՀ իշխանություններից հավելյալ երաշխիքներ են պահանջելու, որ այդ համատեղ հայ-ռուսական ռազմական միավորները երբեք չեն գործարկվելու Վրաստանի դեմ:




Լրահոս