Հարց քաղաքացիներից` ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ՀՀ-ից արտերկիր գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթուղթ է անհրաժեշտ ներկայացնել՝ ՀՀ-ից արտերկիր գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու համար եւ արտերկրից ՀՀ գյուղատնտեսական կենդանիներ ներմուծելու համար:

Սերինե Կիրակոսյան (36 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ-ից արտերկիր գյուղատնտեսական կենդանիներ արտահանելու համար անհրաժեշտ է անասնաբուժական վկայական՝ տրված ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից, որի համար ցանկալի է նախօրոք ծառայություն ներկայացնել դիմում՝ կից ներկայացնելով ընդունող երկրի կողմից գրավոր թույլտվություն եւ արտահանվող կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՀՀ գյուղատնտեսական կենդանիներ ներմուծելու համար անհրաժեշտ է անասնաբուժության բնագավառի լիազոր մարմնի կողմից տրված անասնաբուժական վկայական՝ բնօրինակով, տոհմային կենդանու դեպքում՝ նաեւ տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթ:

Մինչ այդ անհրաժեշտ է նախօրոք ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ներկայացնել դիմում՝ ծառայության թույլտվությունը կամ համաձայնությունը, ինչպես նաեւ տվյալ կենդանատեսակի ներմուծման անասնաբուժական պահանջները ստանալու համար:

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ թույլտվություն տալու ժամկետի խախտումը, ինչպես նաեւ թույլտվության մերժումը կարող է բողոքարկվել վերադասության կամ դատական կարգով:




Լրահոս