Տպավորություն է, որ օրենքի հեղինակները որոշել են դաշտում արդեն իսկ առկա բարեփոխումները երկրորդ անգամ «ծախել» նոր կառավարության վրա. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսուհետ բնակարանային հիփոթեքային վարկ ունեցող քաղաքացիների իրավունքներն առավել պաշտպանված կլինեն. ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել «Բնակարանային հիփոթեքային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով սահմանվում են հիփոթեքային վարկավորման միասնական խիստ կանոններ: Այս ավետիսը երեկ հայտնեց ՀՀ Կենտրոնական բանկը: Բնականաբար հիպոթեքային վարկ ունեցող քաղաքացիները, կարդալով այս տողերը, շտապում են պարզել, թե այդ նոր՝ «խիստ կանոնները» ինչ կտան իրենց՝ որպես վարկառուների, եւ իրենց կոնկրետ որ իրավունքներն են այսուհետ առավել պաշտպանված լինելու:

Եվ այսպես՝ նախագծով վարկատուներն այսուհետ պարտավոր են սպառողներին մինչեւ վարկը տրամադրելը մանրամասն ներկայացնել վարկի արդյունավետ տոկոսադրույքի, վարկ վերցնելիս քաղաքացու կատարելիք ծախսերի, ժամկետից շուտ մարելու հնարավորության, դրա կարգի եւ վարկի մարման կանոնները: Զարմանալի է, որ այս տարրական հարցերի ներառումը նոր օրենքում այսպիսի մեծ հնչեղությամբ է մատուցվում:

Իրականում Հայաստանում վաղուց արդեն բոլոր բանկերը բավականին բարեխղճորեն իրականացնում են վերը շարադրվածը, իսկ եթե ինչ-որ մի բանկի ինչ-որ մի անբարեխիղճ աշխատակից էլ թերանում է վարկառուին իր իրավունքները լավագույնս բացատրելու հարցում, ապա վարկառուն միշտ հնարավորություն ունի դա ինքնուրույն անելու թե՛ համացանցում առկա տեղեկատվության միջոցով, թե՛ արդեն վարկային պայմանագրի ստորագրման փուլում՝ այն պարզապես կարդալով: Ուստի այս փոփոխությունները ներկայացնել որպես վարկառուների իրավունքների պաշտպանութան բարձրացում, մեղմ ասած, տեղին չէ:

Փորձենք պարզել, թե էլ ինչ բարեփոխումներ են նախատեսվում նոր օրենքով: Նախագծով սպառողը հնարավորություն կունենա ժամկետից շուտ մարել վարկը՝ առանց էական ռիսկեր կրելու, իսկ վարկատուն չի կարող որեւէ տույժ, վճար կամ հատուցում պահանջել: Վարկատուն հնարավորություն կունենա տույժեր կիրառել միայն այն դեպքում, երբ վարկը վաղաժամկետ մարվում է առաջին 3 տարիների ընթացքում, եւ մարվող գումարի չափը ավելի է նախագծով սահմանված չափից: Եվ դարձյալ տպավորություն է, որ օրենքի հեղինակները որոշել են դաշտում արդեն իսկ առկա բարեփոխումները երկրորդ անգամ «ծախել» նոր կառավարության վրա՝ Կարեն Կարապետյանի մոտ դրական «գալոչկա» ստանալու համար:

Ներկայացված ցանկում թերեւս միակ նկատելի փոփոխությունն այն է, որ անշարժ գույքի գնահատողը չի կարող փոխկապակցված լինել վարկատուի հետ կամ բանկը չի կարող ուղղորդել սպառողին՝ օգտվել իր նախընտրած գնահատողից:
Իսկ, առհասարակ, եթե օրենքի հեղինակներն իրապես ցանկանում են պաշտպանել վարկառուների իրավունքները, լավ կլինի՝ մտածեն ամենակաեւոր հարցի՝ վարկի տոկոսադրույքի նվազեցման ուղիների մասին:




Լրահոս