Ադրբեջանը լայնածավալ պատերազմով չի կարող գնալ խնդրի լուծման, իրենց մնում է երրորդ տարբերակը՝ շանտաժ. Վաղարշակ Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանը լայնածավալ պատերազմով էլ, բանակցային առումով չի կարող գնալ խնդրի լուծման, պատրաստ չէ կարգավիճակի։ Իրենց մնում է երրորդ տարբերակը՝ շանտաժ, ինչն էլ անում են: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նա նշեց, որ ներկայումս Ադրբեջանի նպատակն է վախ մտցնել հայ հասարակություն՝ կազմալուծելու համար բանակը: Ըստ նրա՝ այս մարտավարությունը շարունակվելու է, և Ադրբեջանը միշտ խախտելու է հրադադարի ռեժիմը:

Անդրադառնալով տարածքներ զիջելու մասին խոսակցություններին, ՊՆ նախկին նախարարը նշեց. «Ղարաբաղյան հակամարտության առկայությունից ի վեր հասարակության շրջանում եղել են տարածքների զիջման մասին քննարկումներ։ Վստահ կարող եմ ասել, որևէ մեկը տարածք չի տա, եթե նույնիսկ ցանկանա՝ չի կարող տալ»:

Վերջինս նկատեց, որ Հայաստանի երեք նախագահներն էլ ասել են, որ պատրաստ են տարածքներ զիջել միայն կարգավիճակի դիմաց, ինչը բանակցային մոտեցում է, մինչդեռ Ադրբեջանը հայտարարում է, թե տարածքներն իրենն են, իսկ կարգավիճակը միայն Ադրբեջանի կազմում պետք է լինի, ինչից հետո էլ հարցը փակվեց:

 

 




Լրահոս