Հարց քաղաքացիներից` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում սովորող ուսանողը ո՞ր դեպքում կարող է օգտվել ուսման վարձավճարի զեղչից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում: Խնդրում եմ ասեք՝ նա ո՞ր դեպքում կարող է օգտվել ուսման վարձավճարի զեղչից: Նշեմ, որ ամուսինս մահացել է, եւ ես միայնակ եմ զբաղվում երեխաներիս խնամքով:

Ջուլիա Նահապետյան (44 տարեկան, վաճառողուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը՝
1) սոցիալապես անապահով (ընտանիքների անապահովության սահմանային միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքների) ուսանողներին.
2) միակողմանի ծնողազուրկ (միածնող) ուսանողներին.
3) 3 եւ ավելի անչափահաս կամ 3 եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
4) վճարովի ուսուցման համակարգում երկու եւ ավելի ուսանող երեխաներ ունեցող ընտանիքների ուսանողներին.
5) 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամ ծնող ունեցող ուսանողներին.
6) հեռավոր լեռնային եւ սահմանամերձ գյուղերի հանրակրթական դպրոցների ուսուցիչների երեխա-ուսանողներին.
7) մինչեւ մեկ տարեկան երեխա ունեցող ուսանողներին.
8) ուսանողական նպաստների համակարգում չընդգրկված, բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին՝ ուսումնական հաստատության հայեցողությամբ:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ արհեստագործական եւ միջին մասնագիտական կրթական համակարգը, ըստ կառավարության սահմանած չափի եւ հատկացումների, ֆինանսավորվում է պետական բյուջեից եւ օրենքով չարգելված այլ միջոցներից:




Լրահոս