Արտեմ Ասատրյանի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախարար Արտեմ Ասատրյանի ուղերձը Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա կապակցությամբ·

«Հարգելի հայրենակիցնե՛ր,
Դեկտեմբերի 3-ը ողջ աշխարհը նշում է որպես Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օր: Այսօր յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ մեր ամենօրյա աշխատանքով պետք է ապահովենք այդ մարդկանց իրավունքների իրացման հնարավորությունը:
Հաշմանդամություն ունեցող անձինք այսօր արդեն ապացուցում են, որ չկան անհաղթահարելի խնդիրներ, և բարդություններն ընդամենը մարդկային էությունը կոփող գործոններ են, և չկա ոչ մի խոչընդոտ, որ կարող է հաշմանդամություն ունեցող անձին զրկել լիարժեք ապրելու, երկրի հասարակական, քաղաքական, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքից:
Սոցիալական ներառում և մատչելիության ապահովում, ահա այն բանաձևը, որն առաջին հերթին պետք է ներմուծել հաշմանդամության խնդիրներով զբաղվողների ամենօրյա աշխատանքում և հոգեբանության մեջ:

Այս ուղղությամբ Հայաստանի Հանրապետությունը թեև երկար ճանապարհ է անցել, սակայն արդյունքները բավարար համարել չի կարելի: Այս պատճառով էլ ՀՀ կառավարությունը 2016թ. հայտարարել էր Հավասար հնարավորությունների տարի, և անհրաժեշտ է համարում երկրում մի շարք միջոցառումների ու ծրագրերի միջոցով մշտապես խթանել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովումը:
Միևնույն ժամանակ պետք է գիտակցենք նաև, որ պետությունը միայնակ չի կարող լուծել նշված խնդիրը, քանզի այն պահանջում է արժևորում ու գիտակցում հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից: Դա է պատճառը, որ մեծապես կարևորվում է նաև ոլորտում գործող հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցությունը:
Վստահ եմ, որ այդ համագործակցությունն առաջիկայում էլ ավելի կխորանա, և մենք հնարավորություն կունենանք որոշումներ կայացնելիս առաջնորդվել շահառուների հստակ ձևակերպված կարիքներով:
Առաջնորդվելով օրվա խորհրդով՝ կոչ եմ անում յուրաքանչյուրին գործադրել հնարավոր բոլոր ջանքերը, որոնք ուղղված կլինեն հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս