ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Սերժ Սարգսյանին զեկուցել է առաջիկայում միջազգային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ուղղությամբ աշխատանքների, անելիքների եւ ձեռքբերումների մասին: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Նալբանդյանը նախ նշել է օրերս Ֆրանկոֆոնիայի 16-րդ գագաթնաժողովում կայացված որոշումը, որի համաձայն ՀՀ-ը 2018թ. կստանձնի միջազգային այդ կազմակերպության նախագահությունը: Նաեւ հիշատակվել է գագաթնաժողովի եզրափակիչ բանաձեւերից մեկում ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցության ամրագրման մասին: Հաջորդիվ՝ անդրադարձ է կատարվել եկող շաբաթ տեղի ունենալիք մի շարք հանդիպումներում՝ Վիեննայում միջուկային անվտանգությանը նվիրված արտգործնախարարների հավաքում, ՆԱՏՕ-ի շրջանակներում ԱԳ նախարարական «Հաստատակամ աջակցություն» առաքելությունում, Փարիզում կայանալիք «Բաց կառավարման գործընկերության» գագաթնաժողովում, Համբուրգում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հանդիպմանը ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:
Պաշտոնական հաղորդագրությանը ծանոթանալով՝ այնպիսի տպավորություն է, որ խոսքը ոչ թե պատերազմի շեմին կանգնած ՀՀ-ի, այլ վատագույն դեպքում՝ արեւելաեվրոպական որեւէ երկրի մասին է: Մի կողմ թողնելով այն, որ Հայաստանի ԱԳ նախարարն իր ժամանակի եւ պետական ռեսուրսների մի զգալի մասը վատնում է ամենատարբեր էկզոտիկ երկրներում շրջայցեր կատարելու եւ կղզի-պետությունների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու վրա, մի կողմ թողնելով այն, որ նույն Ֆրանկոֆոնիայի նշանակությունը մշտապես գերագնահատող Նալբանդյանն անգամ ապրիլյան պատերազմի օրերին էր մասնակցում այդ կազմակերպության կողմից իրականացվող ինչ-որ մշակութային միջոցառման, փոխանակ բոլոր հնարավոր ամբիոններից բարձրաձայներ Ադրբեջանի կողմից միջազգային կոնվենցիաների եւ պարտավորությունների խախտման մասին, հիմա էլ, փաստորեն, այս ամենը երկրի նախագահի հետ հանդիպմանն է փորձ արվում ներկայացնել որպես ՀՀ ԱԳՆ ձեռքբերում:
Մինչդեռ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում անցած մեկ տարվա ընթացքում այնքան բացթողումներ կան, որ ձեռքբերումների մասին առհասարակ պիտի որ խոսք չգնար: Փոխարենը Նալբանդյանը պիտի որ զեկուցեր, թե ինչ քայլեր են իրականացվել առկա ահռելի մարտահրավերները եթե ոչ չեզոքացնելու, ապա գոնե դրանց բացասական ազդեցությունը մեղմելու ուղղությամբ: Ի վերջո, իրեն «զանգ կախող» եւ ոչ թե ճառ ասող համարող ՀՀ ԱԳ նախարարը լավ կաներ՝ զեկուցեր ոչ թե ինչ-որ դեկլարատիվ եւ առանձնապես քաղաքական կշիռ չունեցող բանաձեւերի մասին, այլ ներկայացներ այն ռազմավարությունն ու կոնկրետ քայլերը, որոնք այս օրերին իրականացվում են ՀՀ ԱԳՆ կողմից՝ ի պատասխան ադրբեջանական նոր ագրեսիայի, որի արդյունքում նախօրեին կրկին հայ զինծառայողներ վիրավորվեցին: