Սերժ Սարգսյանի հայտարարությունները որևէ մեկն այլևս լուրջ չի ընդունում, անգամ իրենք՝ ՀՀԿ-ականները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տարիներ շարունակ Հայաստանի իշխանական համակարգի ներկայացուցիչներն իրենց «վարդագույն» խոստումներով փորձել են հանրությանը վստահեցնել, որ Հայաստանի քաղաքացու կյանքը տարեցտարի բարելավվելու է, եւ յուրաքանչյուր տարի լինելու է բեկումնային փոփոխություններով լեցուն: Տակավին օրերս ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ ՀՀ բնակչության բարեկեցությունն աճել է: Իհարկե, նմանատիպ հայտարարությունները որեւէ մեկն այլեւս լուրջ չի ընդունում, անգամ իրենք՝ ՀՀԿ-ականները: Բավական է նշել միայն, որ իշխող ՀՀԿ-ի «պահած» երկրում գործազրկության ցուցանիշը ամսեամիս բարձրանում է: Դրա մասին են վկայում նաեւ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Իսկ թե ինչպես կարող է մի երկրի բնակչության բարեկեցությունն աճել, եթե այդ երկրում գործազրկության ցուցանիշն աճում է, հայտնի է բացառապես Սերժ Սարգսյանին: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների` Հայաստանում 2016 թվականի հունվար-հոկտեմբերին պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 8.5 տոկոսով, այսինքն՝ այս տարվա հունվար-հոկտեմբերին գործազուրկների թվաքանակը կազմել է 78 841 մարդ:
Ենթադրվում է, որ այս աճը կշարունակվի: Դրան, ի թիվս տնտեսական մտահոգիչ իրողությունների, կնպաստի նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումը՝ կրճատել պետական գերատեսչությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ները եւ ԾԻԳ-երը:

Ինչպես հինգշաբթի տեղի ունեցած կառավարության հերթական նիստի ժամանակ հայտարարեց Կարապետյանը` ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ կատարված աշխատանքների արդյունքում մինչ օրս կառավարության որոշումներով լուծարվել են 5 ԾԻԳ-եր: Կարեն Կարապետյանը առաջարկեց նաեւ քննարկել ու կիսով չափ նվազեցնել ԾԻԳ-երի քանակը, իսկ դրանց պահպանման ծախսերը կրճատել մեկ երրորդով, ասել է, թե սկսում է օպտիմալացման երկրորդ փուլը. «Մենք նախնական հաշվարկել ենք՝ 11 ԾԻԳ-ից պետք է մնան հինգը: Բոլոր կողքի կառույցները, ստորաբաժանումները, բաժինները պետք է վերանան: ՓԲԸ-ներում այդ գործառույթն իրականացնող կառույցները նույնպես պետք է օպտիմալացվեն: Առաջարկում եմ երկու շաբաթվա ընթացքում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակացույցը»:

Իսկ թե ի՞նչ պետք է լինի այդ կառույցներում աշխատող անձանց ճակատագիրը, որեւէ պաշտոնյա դեռ չի պարզաբանել: Խոսվում է միայն կրճատումների եւ դրանց միջոցով գումարներ խնայելու մասին: Մինչդեռ ակնհայտ է, որ շարունակական ընթացք ունեցող այս կրճատումները հաջորդ ամիսներին դրսեւորվելու են գործազրկության ցուցանիշների հերթական աճի տեսքով: Եվ այս իրավիճակում պատահական չէ արձանագրվող գնանկումը: Մասնագետների պնդմամբ՝ դա ոչ թե ողջունելի եւ դրական միտում է, այլ հակառակը՝ փաստում է բնակչության գնողունակության անկման եւ սպառման ծավալների նվազման մասին:

Հիմա ավելի մանրամասն: 2016 թվականի հունվար-հոկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 1,5% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորված է պարենային ապրանքների գների նվազմամբ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք եւ ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 3.5%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 2.3%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 2.1% հավելաճ: Ծառայությունների ոլորտում հավելաճը հիմնականում պայմանավորվել է մշակույթի` 10.5 տոկոս, կենցաղային բնույթի` 4.6 տոկոս, բնակարանային-կոմունալ` 3.3 տոկոս, բուժսպասարկման` 4 տոկոս, կրթության համակարգի` 2.7 տոկոս, հանրային սննդի` 5.3 տոկոս, իրավական եւ բանկային` 4.3 տոկոս ծառայությունների սակագների հավելաճով: Նշնք, որ գնաճ արձանագրվել է միայն սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին: Դա էլ, մասամբ, սեզոնային բնույթ է կրում:

Ամփոփելով՝ նկատենք, որ գործազրկության ցուցանիշների աճի ֆոնին բնակչության բարեկեցության բարձրացման մասին պնդումները ոչ միայն համոզիչ չեն, այլեւ խիստ վտանգավոր են, քանզի խոսում են մի բանի մասին. իշխանությունները համառորեն չեն ցանկանում տեսնել այն տխուր իրավիճակը, որում իրենց պաշտոնավարման արդյունքում հայտնվել է երկիրը:

Փոքրիկ հույս ներշնչեց Կարեն Կարապետյանի անկեղծացումը տնտեսության չափազանց ծանր վիճակի մասին: Սակայն նորանշանակ վարչապետի անցած երկու ամիսների գործունեությունն այս առումով առայժմ տեսանելի արդյունք չի նշմարում, փոխարենը սպասվելիք կրճատումների բացասական էֆեկտը միանգամայն կանխատեսելի է: Ի վերջո, սա այն դեպքն է, երբ նպատակը արդարացնում է միջոցները սկզբունքը, մեղմ ասած, վիճահարույց է:

Վահագն Հակոբյան




Լրահոս