Սերժ Սարգսյանը երեկ խորհրդակցություն էր հրավիրել ՀՀ պետական ծառայության համակարգի զարգացման հեռանկարների քննարկման նպատակով: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկելով պետական ծառայության համակարգի կատարելագործման հարցը՝ անդրադարձ է կատարվել նաեւ ներկայումս մշակվող օրենսդրական փոփոխությունների փաթեթին, որով պետք է ստեղծվի միասնական հակակոռուպցիոն մարմին: Այն, ըստ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի, ձեւավորվելու է բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հենքի վրա, ինչը հանգեցնելու է հանձնաժողովի լիազորությունների շրջանակի ընդլայնմանը:
Մինչ արդարադատության նախարարը ներկայացնում է հակակոռուպցիոն նոր մարմին ստեղծելու հիմնավորումները, նրա անմիջական ղեկավարը՝ վարչապետ Կարեն Կարապետյանը, հայտարարում է, որ որեւէ նոր կառույցի ստեղծմամբ կոռուպցիայի դեմ պայքարը չի հաջողելու, քանի դեռ չի ձեւավորվել համապատասխան միջավայր, որտեղ կոռուպցիայով զբաղվելը կլինի ոչ միայն շատ դժվար, այլեւ ուղղակի աննպատակահարմար:
Անշուշտ, վարչապետը իրավացի է, սակայն դա երկարաժամկետ ծրագիր է, որի իրականացման համար անհրաժեշտ է ինստիտուցիոնալ փոփոխությունների մի ամբողջ շղթա՝ զուգորդված նաեւ սոցիալական շատ լուրջ ռեֆորմներով: Սակայն ինչպես որ իր ծրագրում էր Կարապետյանն առանձնացրել զարգացման երկարաժամկետ եւ կարճաժամկետ քայլերը, այնպես էլ այս հարցում՝ երկարաժամկետը, այսինքն՝ միջավայրի ձեւավորման գործընթացին զուգահեռ պետք է որ լինեն նաեւ կարճաժամկետ քայլեր՝ ի դեմս կոռուպցիոն շատ կոնկրետ եւ շատ ցցուն դեպքերի բացահայտման:
Օրինակ՝ նույն Ռուսաստանում, որի համակարգը մեզանում շատ է քննադատվում որպես ամենակոռումպացվածներից մեկը, պարբերաբար լինում են կոռուպցիոն շատ խոշոր բացահայտումներ: Ընդամենը երեք շաբաթ առաջ տնտեսական զարգացման նախարար Ա. Ուլյուկաեւի հետ կապված կոռուպցիոն սկանդալից հետո երեկ ռուս իրավապահները բացահայտել են եւս մեկ դեպք, որի առանցքում ՌԴ քննչական կոմիտեի քննիչն է, ով հենց կոմիտեի շենքի առջեւ 100 հազար եվրո կաշառք վերցնելիս բռնվել է ՌԴ հատուկ ծառայությունների կողմից:
Մենք ամեն ինչում ընդօրինակում ենք ռուսական փորձը, սակայն, չգիտես ինչու, այս հարցում դա նկատելի չէ: Իր բարեհունչ ելույթներում Սերժ Սարգսյանն այդպես էլ չի անդրադառնում այն հարցին, թե ինչու իր պաշտոնավարման տարիներին այդպես էլ որեւէ «խոշոր ձուկ» /ձեւակերպումն իրենն է/ չի բռնում հայրենի իրավապահ համակարգը՝ կոռուպցիայի դեմ պայքարի իմիտացիան իրագործելով 200 դոլար կաշառք վերցնողների ձերբակալությամբ:
Որքան էլ կարեւորենք միջավայրի ձեւավորումը, ակնառու կոռուպցիոն դրսեւորումների հեղինակների պատասխանատվության հարցը չբարձրացնելը դժվարացնելու է, եթե չասենք՝ անհնար է դարձնելու վարչապետի նշած միջավայրի ձեւավորումը: