Երեկ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրաձայնեց Վրաստանի տարածքով ռուսական գազը Հայաստան տարանցող մայրուղային գազատարի բաժնետոմսերի վաճառքի մասին հարցը: Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ շուրջ 15 օր առաջ Վրաստանի վարչապետ Գ. Կվիրիկաշվիլին հայտարարել էր գազատարը տնօրինող կոնսորցիումի 25 տոկոս բաժնեմասի վաճառքի հնարավորության մասին, ինչից հետո վերստին ակտիվացել է ադրբեջանական «Soccar» ընկերությունը, որը Հայաստանին գազ մատակարարող խողովակաշարը ձեռք բերելու ուղղությամբ արդեն 5 տարուց ավել ջանքեր է գործադրում:
Այս ընթացքում «Ժողովուրդը» խնդրի շուրջ իր ընթերցողին էր ներկայացրել ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի խորհրդարանի ներկայացուցիչների տեսակետները, նաեւ նշել, որ հայկական կողմից նման հեռանկարը կանխելու ուղղությամբ տեսանելի քայլեր չեն արվում: Համենայն դեպս, այս մտահոգիչ միտումների լրջությունը գնահատելու եւ դրանց չեզոքացման ուղղությամբ Վրաստանում ՀՀ դեսպանատունը ոչինչ չի ձեռնարկում դեսպան Յուրի Վարդանյանի բացակայության պատճառով:
Եվ ահա այս հույժ կարեւոր հարցը երեկ վերջապես ՀՀ ԱԺ-ում ուղղվեց երկրի վարչապետին: Սակայն ելնելով վերջինիս պատասխանից՝ երեւի թե ավելի լավ էր, որ չուղղվեր: Բանն այն է, որ Կարեն Կարապետյանը, փոխանակ հայտարարելու, որ իրենք հարցը կքննարկեն /թեեւ արդեն իսկ պիտի քննարկած լինեին/ իրենց վրաց գործընկերների հետ եւ կգտնեն փոխընդունելի ուղիներ, շտապեց կանաչ լույս վառել Վրաստանի կառավարության առջեւ՝ հայտարարելով. «Եթե այդ գործարքը լինի, 25 տոկոսը վաճառվի, ես մեզ համար ռիսկ չեմ տեսնում: Տոկոսը աճելու դեպքում նման ռիսկեր կարո՞ղ են աճել, կարող են, բայց դա կլինի շատ ավելի այլ՝ միջպետական հարաբերությունների քայլ: Այդ իսկ պատճառով այս առումով ես որեւիցե ռիսկ չեմ տեսնում»:
Անշուշտ, որեւէ մեկը չի կարծում, որ 25 տոկոսի սեփականատերը կարողանալու է որոշում կայացնել, սակայն միեւնույն ժամանակ միթե բաժնետոմսերի մեկ քառորդի սեփականատերը որեւէ ազդեցություն չի ունենալու, եւ, ամենակարեւորը, հող չի նախապատրաստելու՝ իր բաժնեմասը ավելացնելու համար: Պատգամավորի պնդմանը, որ ադրբեջանական կողմը ցանկանում է ձեռք բերել ողջ գազատարի վերահսկիչ փաթեթը, վարչապետը արձագանքեց. «Եթե նման զարգացումներ լինեն, ապա մենք ունենք հարեւան Վրաստանի հետ խոսելու մեր արգումենտացիան»: Ասել է թե՝ առայժմ պետք չէ ոչինչ ձեռնարկել, սպասենք, մինչեւ բանը բանից անցնի, նոր արդեն կսկսենք վերջնագրերի լեզվով գործել: Էֆեկտի՞վ է նման մոտեցումը, չենք կարծում, կարելի՞ էր ի սկզբանե «դաբրո չտալ» Վրաստանի կառավարությանը, անկասկած:
Հ. Գ. Լավ կլինի, որ երկրի անվտանգությանն առնչվող հարցերում մինչեւ վերջերս իրեն ոչ թե քաղաքական գործիչ, այլ մենեջեր համարող պարոն վարչապետը փոքր-ինչ ավելի զգույշ եւ պատրաստված հանդես գա: