Այսօր շատ են այն երգիչ-երգչուհիները, որոք փորձում են իրենց տարբեր հեռուստատեսային պրոյեկտներում, մասնակցում շոուների, նկարահանվում սերիալներում, ֆիլմերում: Նրանց թվում են պարուհի Սոֆի Դեւոյանը, ռեփեր Միշոն, երգիչ Արամոն, երգչուհի Լանա Խաչատրյանը: Հետաքրքիր է` ինչն է դրդում նրանց մտնել իրենց մասնագիտության հետ այնքան էլ կապ չունեցող ոլորտներ: Ավելի ճիշտ չի՞ լինի, եթե ամեն մեկն իր գործով զբաղվի:Վերջերս էլ ռեփեր Համոն հայտնվեց «Շանթ» հեռուստաընկերության «Բանակում» սերիալում: Հեռուստադիտողների մի մասը հավանեց նրա խաղը, մյուսնեը սկսեցին քննադատել` ասելով` ավելի լավ է իր ռեփը կարդար, դերասանությունը մոտն այնքան էլ լավ չի ստացվում: Երբ «Ժողավուրդ» օրաթերթը հյուրընկալվեց ռեփերին, բնականաբար, չէինք կարող չհարցնել, թե հենց ինքն ինչ կարծիք ունի սեփական խաղի մասին: – Գո՞հ ես քո խաղից: Ի՞նչ ես կարծում, քեզ մոտ ստացվո՞ւմ է դերասանությունը: – Չէ, գոհ չեմ, բայց շուտով` փորձի ընթացքում, ինձ թվումա, որ ամեն ինչ կստացվի: Ես շարունակելու եմ նկարահանվել սերիալում: – Չե՞ս վախենում, որ քննադատություններն անպակաս կլինեն: – Չեմ վախենում: Երբ մարդ սկսումա փորձել ինչ-որ նոր բանով զբաղվել, պետք է պատրաստ լինի նաեւ վատը լսելու: Դա վտանգավոր չի, ընթացքում դու հասկանում ես` կարող ես էդ ամենն անել, թե` ոչ: Ի սկզբանե իմ մեջ մի բան կա. ինձ չի հետաքրքրում ոչ մեկի կարծիքը, իհարկե, եթե դա առողջ կարծիք կամ քննադատություն չի: Իսկ խոսակցություններին ընդհանրապես ուշադրություն չեմ դարձնում:- Հեռուստադիտողների մի մասը կարծում է, որ դու ավելի լավ է ռեփ կարդաս, քան նկարահանվես:- Դե, եթե իրենք կարծում են, որ ինձ մոտ չի ստացվում դերասանությունը, կխնդրեի ներկա լինել իմ ներկայացումներին Էլբակայանի թատրոնում: Թող նայեն, հետո կարծիքների մասին կխոսանք: Նոր ներկայացում եմ բեմադրել:- Հիմա դու երգող դերասա՞ն ես, թե՞ դերասան, որը նաեւ երգում է: – Ես երգող եմ, եթե չգիտեք, ասեմ, որ ռեփի մեջ կա այն տարրը, որը կապվածա դերասանության հետ: Ռեփը ո՛չ «պոփսայա», ո՛չ էլ ժողովրդական: Ռեփը են տեսակ երգա, որի ընթացքում քո ասելիքը պետքա այնքան ճիշտ կառուցես, որ լսողը հասկանա: Իսկ դա նմանա դերասանությանը: Դերն էլ պիտի կերտես, գնաս-գնաս, հասնես կուլմինացիային:- Չե՞ս մտածում, որ հնարավոր է` քո փոխակերպումն այդքան արագ չստացվի, եւ հեռուստադիտողն, անկախ իրենից, սկսի չսիրել քո կերտած կերպարը: Առանց այդ էլ այնքան էլ գոհ չէ: – Թող չսիրի: Հնարավորա, որ ես մի պահ թուլանամ, բայց մի կամ 150 կարծիքի պատճառով հետ չեմ կանգնի: Իսկ ինչ վերաբերումա սերիալին, դու կարող ես 5 անգամ լավ կտոր խաղալ, բայց ռեժիսորի աչքն ուրիշ կտոր հավանի, ու դնի այն, ինչ ինքնա ընտրել:- Փաստորեն, ռեժիսո՞րն է մեղավոր, որ դերասանները վատ են խաղում:- Ես դա չեմ ասում: Ոչ մի նոր ոլորտում միանգամից չես կարա լավը լինել: Արվեստը սիրումա, որ դու իրա հետ հա առնչվես ու զարգանաս: Չէի էլ կարծում, որ պետքա մտնեի ու միանգամից լավ խաղայի: Դա ոնց որ մաթեմատիկա լինի. սկզբից սովորում ես 2 անգամ 2-ը, հետո 2 անգամ 3, իսկ հետո էլ ավելի բարդ բանաձեւեր: Ոչ ոք չպետքա վախենա փորձելուց, եթե չի ստացվում, էլի փորձի:- Գո՞հ ես հոնորարից: – Ինձ ինչ տալիս են, բավարարումա:- Ավել հոնորար չե՞ս պահանջում:- Ավելին կպահանջեմ այն ժամանակ, երբ ավելի լավ սկսեմ աշխատել ու խաղալ: Իսկ հիմա ես երկար ժամանակ չեմ տրամադրում այդ գործին: Այդ պատճառով էլ ոչ մի ավելորդ բան չեմ ուզում: Հ.Գ. Նշենք, որ ռեփերի կինը` Լիլի Էլբակյանը, ամիսներ առաջ իր հոր` Արմեն Էլբակյանի թատրոնում բեմադրել էր «Ամերիկյան աջաբսանդալ» վերնագրով ներկայացում եւ իր ամուսնուն` Համոյին, ներգրավել որպես դերասան: Ներկայացման պրեմիերային շատերը դեբյուտի կապակցությամբ շնորհավորում էին նաեւ Համոյին: Երեւի այդ ամենից ոգեւորված` Համոն որոշեց իր ուժերը փորձել նաեւ սերիալում: Չշտապենք քննադատել երիտասարդ սկսնակ դերասանին: Միգուցե որոշ ժամանակ անց փորձը ցանկալի արդյունք տա: ԵՎԱ ՌՈՒԲԻՆՅԱՆ
ԹՈՂ ԱՄԵՆ ՄԱՐԴ ԻՐ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ