Դեսպաններին վերածում են առեւտրային գործակալների. ժամանակն է պահանջելու որակյալ և ծառացած մարտահրավերին համարժեք դիվանագիտական աշխատանք. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչը» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, թե Հայաստանի դիվանագիտական կորպուսը պետք է ջանա արտասահմանում տնտեսական կապերը զարգացնել։ Նկատենք, որ այս մոտեցումն արդեն մեկ տարի է, ինչ շեշտադրվում է ՀՀ դիվանագիտական կորպուսին վերաբերող պաշտոնական հայտարարություններում: Անցած տարի Սերժ Սարգսյանը հատուկ այդ նպատակով հանդիպում-խորհրդակցությունների շարք անցկացրեց տարբեր երկրներում Հայաստանի դեսպանների հետ՝ կառավարության տնտեսական բլոկի պատասխանատուների ներգրավվածությամբ:

Ավելին՝ ՀՀ ԱԳՆ-ում բացվեց փոխնախարարի նոր հաստիք, որը պետք է համակարգեր արտաքին տնտեսական կապերը: Սակայն դատելով Հայաստանում օտարերկրյա ներդրումների ծավալների շեշտակի անկումից՝ նոր փոխնախարարի աշխատանքն առայժմ արդյունավետ չէ: Իրականում այն չէր էլ կարող արդյունավետ լինել, քանի որ միայն այս կամ այն դեսպանատանը տնտեսական կապերի գծով պատասխանատու նշանակելով կամ ակտիվացնելով առեւտրային ներկայացուցիչների ինստիտուտը՝ դժվար է ներգրավել օտարերկրյա ներդրողներին, եթե բուն երկրում չեն արվում կոնկրետ, տեսանելի քայլեր, որոնք կշահագրգռեին օտարերկրյա կապիտալը:

Երեկ, օրինակ, վարչապետը հայտարարել է, թե «գործուն քայլեր են անհրաժեշտ Հայաստանի վարկանիշը՝ որպես հուսալի գործընկեր, ձեւավորելու համար»: Իրականում այդ խնդրի իրագործման հետ դիվանագիտական կորպուսը, կարելի է ասել, առանձնապես կապ չունի: Ի վերջո, որքան էլ մեր դեսպանատները լավ աշխատեն, նրանք չեն կարող ձեւավորել հուսալի գործընկերոջ վարկանիշ մի երկրի համար, որի ղեկավարը չորս տարի բանակցում է ԵՄ հետ, ապա իր իսկ խոստովանությամբ՝ մեկ գիշերում հարյուրութսունտոկոսանոց շրջադարձ կատարում՝ անդամագրվելով ԵՏՄ-ին: Կարեն Կարապետյանը նաեւ նշել է. «Գործուն միջոցառումներ պետք է իրականացնել տնտեսական համագործակցության տեսանկյունից հեռանկարային երկրների հետ արտոնյալ պայմանների սահմանման համար` նպաստելով հայկական ապրանքների ազատ մուտքին»:

Եվ դարձյալ՝ որքան էլ մեծ ջանքեր իրագործվեն, առաջատար երկրների հետ տնտեսական համագործակցության եւ արտոնյալ պայմանների սահմանման հնարավորություններն արդեն իսկ հասցված են զրոյական մակարդակի նույն՝ ԵՏՄ-ին անդամակցությամբ: Փոխարենը այդպես էլ չի հաջողվում նվաճել 170 միլիոնանոց եվրասիական շուկան, ինչի շուրջ խոստումներն այնքան շռայլ էին ընդամենը մեկ տարի առաջ:

Իսկ, առհասարակ, լավ կլիներ, որ մեր պաշտոնատար այրերը հայրենի դիվանագիտական կորպուսից նախ եւ առաջ պահանջեին որակյալ եւ մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերին համարժեք դիվանագիտակա՛ն աշխատանք, այլ ոչ թե արդեն պաշտոնական մակարդակով դեսպաններին վերածեին առեւտրային գործակալների:




Լրահոս