Աշխատանքային այցով Արցախ մեկնած Սերժ Սարգսյանը սահմանագոտի կատարած այցելություններից եւ խորհրդակցություններից հետո՝ նախօրեին, Ստեփանակետում հանդիպել է Հայաստանի եւ Արցախի մշակութային գործիչներին: Զինվորական համազգեստով մտավորականների հետ հանդիպմանը մասնակցող Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ է արել:
Պատասխանելով Երեւանի տիկինիկային թատրոնի ղեկավար Ռուբեն Բաբայանի հարցին, թե ինչու է հենց այս օրերին որոշել այցելել Ղարաբաղ, Ս. Սարգսյանը պատասխանել է. «Դա ներքին պարտադրանք է, որովհետեւ հիմա այն ժամանակահատվածն է, երբ ե՛ւ զորքը, ե՛ւ բնակչությունը, ե՛ւ ԼՂՀ քաղաքացիներն արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու: Զորքը շատ կարիքներ ունի, եւ այդ կարիքները պետք է գնահատել, որովհետեւ մեր հնարավորությունները անսահմանափակ չեն, որպեսզի բոլոր հարցերը, բոլոր խնդիրները լուծվեն: Դրա համար պետք է կարիքները գնահատել, տեսնել՝ որն է առաջնայինը ու այդ խնդիրներին լուծում տալ: Ժամանակահատվածը սրանով է պայմանավորված»:
Անկեղծ ասած՝ ամենեւին չցանկանալով բացասական սպասումներ ձեւավորել՝ չենք կարող չնկատել, որ Արցախի անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի գերագույն գլխավոր հրամանատարի կողմից նման հայտարարությունը բավականին չարագուշակ է հնչում: Ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը՝ ասելով, թե Արցախում բոլորն «արդեն պատրաստ պետք է լինեն մի դժվարին ժամանակահատված անցկացնելու»: Սա ի՞նչ է, պատերազմի նախապատրաստվելու հրապարակային կո՞չ: Եթե ոչ, եթե Սերժ Սարգսյանը, օրինակ, նկատի ուներ ձմռան ամիսները կամ այլ բան, ապա հարկ էր դա ներկայացնել ընդհանրական կոնտեքստով, որպեսզի տպավորությունն այդքան մռայլ չլիներ:
Մինչդեռ նույն այդ հանդիպման ընթացքում Ս. Սարգսյանի հայտարարությունները Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի շուրջ եւս որեւէ լավատեսական ազդակ չեն հաղորդում. «Այս պահին բանակցություններ չկան: Չասեմ բանակցություններ, վերջին լուրջ խոսակցությունը Լեռնային Ղարաբաղի խնդրով տեղի է ունեցել օգոստոսի 10-ին: Դրանից հետո որեւէ լուրջ խոսակցություն խնդրի մասին չի եղել»,- մանրամասնել է նա: Այսպիսով՝ Ս. Սարգսյանը արձանագրում է, որ այս պահին բանակցային լիակատար վակուում է, ասել է թե՝ Ադրբեջանը հրաժարվում է կատարել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները եւ վերջ:
Իրավիճակը հասել է մի կետի, երբ արդեն միջնորդների գերխնդիրը ոչ թե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ բանակցությունները կազմակերպելն է, այլ երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպումը հաջողացնելը: Մի բան, որը հազիվ ստացվեց դեկտեմբերի 9-ին՝ Համբուրգում: Թե դեռ որքան այսպես կարող է շարունակվել, թերեւս ամենից լավ հենց Սերժ Սարգսյանն է պատկերացնում, եւ ինչպես տեսանք՝ Ստեփանակերտում այլեւս բացահայտ կիսվում է իր պատկերացումներով: