Ինչու է իրավապահ մեքենան այսքան ցուցադրականորեն դաժան հաշմանդամություն ունեցող ազատամարտիկի հանդեպ. ի վերջո նա հաց էր տանում նաև պատանդներին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հուլիսյան լարված օրերին, երբ «Սասնա ծռերի» բազմահազար աջակիցներն ու համակարգող խորհրդի անդամները օրեր շարունակ պահանջում էին ՊՊԾ գնդի ներսում առանց սնունդի մնացած զինված խմբի անդամներին ուտելիք հասցնել, երբ առհասարակ պայքարի ողջ օրակարգը բեւեռվել էր հենց այդ հարցի վրա, եւ իշխանությունների կողմից զիջման գնալու ցանկության բացակայության արդյունքում կրքերը գնալով թեժանում էին, ու հայտնի չէր, թե ինչ հանգուցալուծում կարող էր լինել, մի պարզ հայ մարդ՝ Արթուր Սարգսյան անուն, ազգանունով, իր անձնական մեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը եւ կյանքը վտանգելով՝ սնունդ հասցրեց զինյալներին: Այդ օրերին գուցե շատերը չգիտակցեցին, սակայն այդ քայլով Ա. Սարգսյանը էապես լիցքաթափեց պայթյունավտանգ իրավիճակը:

Նրա այդ քայլը ողջունում էին բոլորը, անգամ «Սասնա ծռերի» գործողությունները դատապարտողները: Եվ երբ խումբը որոշեց վայր դնել զենքն ու հանձնվել, հայտնի տեսանյութում երեւում էր, թե ինչպես է խմբի անդամներից մեկը ակնհայտ ակնածանքով ասում՝ ահա մեզ հաց բերողը՝ նրան առանձնացնելով եւ իրենցից վեր դնելով: Այսօր այդ մարդը կանգնած է լուրջ առողջական խնդիրների առջեւ: Հինգ ամիս շարունակ ճաղերի հետեւում, զինված խմբի անդամների հետ գրեթե նույնական հոդվածներով մեղադրվող հաց բերողի առողջական վիճակը ծանր է: Նախօրեին նրա մոտ սկսվել է ստամոքսի արյունահոսում, ինչի կապակցությամբ նա ընդամենը մի քանի ժամով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ, ապա վերադարձվել բանտ: Ազատամարտիկ Արթուր Սարգսյանը նաեւ տեղաշարժման հետ կապված լուրջ խնդիրներ ունի, իսկ բանտային կյանքի արդյունքում նաեւ կերակրափողի հիվանդություն է ձեռք բերել: Ըստ փաստաբան Տիգրան Եգորյանի՝ նա այս սառնաշունչ եղանակին պահվել է /դեկտեմբերի 12-ի դրությամբ/ չջեռուցվող խցում:

Թե ինչու է իրավապահ մեքենան այսքան ցուցադրականորեն դաժան հաշմանդամություն ունեցող ազատամարտիկի հանդեպ, երեւի թե գիտեն այդ մեքենայի ղեկավարները: Ի պատասխան հաց բերողի հանդեպ այլ վերաբերմունք դրսեւորելու հորդորներին՝ իշխանական գործիչները վրդովվում են, թե ինչպես կարող ենք արդարացնել զինված խմբին աջակցություն ցուցաբերողին, սնունդ տանողին: Բայց չէ որ այդ նույն մարդու՝ ՊՊԾ հասցրած հացը կերել են ոչ միայն զինված խմբի անդամները, այլեւ ՊՊԾ գնդում պահվող բժիշկները /մեկ օր անց մուտք գործած/, որոնց պատանդառության մեջ է նաեւ մեղադրվում հաց բերողը:
Սերժ Սարգսյանը սեպտեմբերին խոստովանեց, որ ներկայումս խնդիր է իշխանության նկատմամբ հանրային վստահության վերականգնումը:

Եթե իրապես կա այդ գիտակցությունը, ապա հարկ է, որ իշխանությունն ավելի մարդկային ու ավելի զգույշ լինի. ժողովրդի համբերության բաժակը առանց այդ էլ հուլիսին շատ մոտ էր լցվելուն, հաջորդ անգամ գուցե չլինեն հաց բերողի նման մարդիկ, եւ իրադարձությունները զարգանան այլ՝ շատ ավելի վատթար սցենարով:




Լրահոս