Դիմելը, սա դուխ չի, որ գնանք, դիմենք. Արագած Ախոյանը՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ճակատագրական պահին՝ Ծառուկյանի հեռանալուց հետո դուրս եկած եւ ՀՀԿ-ից քաղաքական «ապաստան» խնդրած Արագած Ախոյանը, օգտագործելով իր կապերը Արեւմտյան Հայաստանում, ջանում է կրկին պատգամավորական մանդատ ստանալ 2017-ին ձեւավորվելիք խորհրդարանում:

Այս առիթով «Ժողովուրդ»-ը զրուցեց Արագած Ախոյանի հետ:

-Իսկ Դուք դիմե՞լ եք ՀՀԿ-ին կամ անձամբ Սերժ Սարգսյանին՝ ՀՀԿ ցուցակում ընդգրկվելու խնդրանքով:

-Գիտեք, դիմելը, սա դուխ չի, որ գնանք, դիմենք: Այսօր բոլորս էլ՝ ե՛ւ իշխող կուսակցությունը, ե՛ւ՛ մնացած բոլոր կուսակցությունները, շատ լավ գիտեն` ով ինչ է աշխատել, գիտեն՝ ոնց են աշխատել: Առայժմ նույնիսկ նման ակնարկ չի եղել, եւ սպասում եմ, որ եթե լինի, մենք էլ, բնականաբար, պիտի նայենք այն գործառույթներին: Կտեսնենք, որ կուսակցության մեջ ընդգրկվելով՝ հնարավոր կլինի շարունակել այդ գործառույթները: Այնպես որ, որոշում կայացնելիս նայելու ենք տարբեր հարթություններից, որպեսզի ճիշտ որոշում կայացնենք:

-Ո՞վ պետք է Ձեզ ցուցակում ընդգրկվելու երաշխիք տա եւ ինչի՞ դիմաց:

-Երաշխիք ամեն մեկն ինքն իրեն պետք է տա, իսկ մնացած հարցերի գնահատականը կտա հենց ընտրողը, ժողովուրդը: Այլեւս անցել է այդ ժամանակը, երբ որ կարելի է պատկերացնել, որ ժողովուրդն այնքան միամիտ է, ոնց ուզենք, այնպես կլինի, չկա նման բան:

-Սովորաբար պատգամավորներն ասում են, թե ես այսքան ձայն ունեցող գործիչ եմ: Հիմա կարո՞ղ եք ասել՝ մոտավոր հաշվարկներով քանի՞ ձայն կհաջողվի Ձեզ ունենալ:

-Ես նման բան երբեք չեմ ասի, չեմ հայտարարի` ելնելով ռազմավարության շահերից, եւ չգիտենք՝ էլ ով կարող է ընդգրկվել նախընտրական ցուցակներում, այնպես որ նման բան ասելը, կարծում եմ, տեղին չէ այս պահին:

-Իսկ ՀՀԿ-ին քանի՞ ձայն եք խոստացել, ի՞նչ խոստում եք լսել դրա դիմաց:

-Ես չեմ խոստացել ոչ մեկին նման բան: Ես չգիտեմ՝ դեռ ովքեր են առաջադրվելու, չգիտենք՝ դա կլինի ՀՀԿ-ում, թե այլ կուսակցությունում, համենայն դեպս, այդ բոլորը իմանալուց հետո կարող ենք ասել: Դուք գիտեք, թե ինչքան դժվար բան է լինել ընդդիմություն, եւ բոլորս գիտենք, թե ինչքան հեշտ է լինել պետության կողքին: Ես պետականամետ մարդ եմ, բնականաբար, դրսի աշխատանքերը, ուզես թե չուզես, միայն կարգավորվում է երկրի իշխանությունների հետ: Ոչ մի դժվարություններից չենք վախենում, ոչ մի ծանրություն վերցնելուց չենք վախենում, որովհետեւ լինել իշխանության մեջ, դա նաեւ նշանակում է ծանրության բեռի ինչ-որ մաս վերցնել քեզ վրա, որից ես երբեք ո՛չ վախեցել եմ, ո՛չ էլ կվախենամ: Առջեւից գնացողը լինում է խոցելի, դրան էլ եմ պատրաստ, դրան էլ ենք սովոր:

Վահագն Հակոբյան




Լրահոս