ArmLur.am-ի զրուցակիցն է ՀՀ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանը:
–Արդեն մեկ տարուց ավելի է` ինչ այլևս չեք զբաղեցնում Արդարադատության նախարարի պաշտոնը: Կասեք` այս ընթացքում ինչ գործունեություն եք ծավալել, ինչով եք զբաղվում:
– Ես այն նախկին պաշտոնյաներից եմ, որոնք իրենց կյանքը պատկերացնում են նաև առանց պետական ծառայության: Սա առաջին դեպքը չէ, երբ ես պետական ծառայությունից դուրս իմ գործունեությունն եմ ունեցել: Սա ինձ համար արտասովոր իրավիճակ չէ: Ես այս պահին ավելի շատ զբաղված եմ մասնագիտական-փորձագիտական աշխատանքով:
– Մամուլում ժամանակ առ ժամանակ տեղեկություններ են հրապարակվում Ձեր մասին: Մասնավորապես, վերջերս տեղեկություններ հրապարակվեցին այն մասին, որ դուք այս ընթացքում փորձել եք բանակցություններ վարել նաև կուսակցությունների հետ` նշվում էր «Համախմբում» և «Երրորդ հանրապետություն» կուսակցությունների անունները: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
– Եթե լինեին նման բանակցություններ, ապա դրա մասին ոչ ոք չէր ասի, մինչև որևէ հանգուցալուծում: Բայց կոնկրետ իրավիճակի վերաբերյալ ասեմ, որ հրավերներ ունեցել եմ որոշակի քաղաքական ուժերից, բայց բանակցություններ և լուծումներ չկան:
– Ի վերջո, առաջիկայում ի՞նչ ծրագրեր ունեք: Հնարավոր է` մասնակցություն ունենաք քաղաքական գործընթացների, մասնավորապես խորհրդարանական ընտրություններին:
-Ես որևէ բան չեմ բացառում, բայց պետք չէ խոսել մի բանի մասին, որն այս պահին ակտուալ չէ կամ առարկայական չէ: Առավել ևս այս խորհրդարանական ընտրությունները երկրի վերջին խորհրդարանական ընտրությունները չեն և տարիքս էլ ներում է և տեսականորեն չեմ բացառում այս և հաջորդ համապետական պրոցեսներին մասնակցելուն:
– Պարո′ն Մանուկյան, շատերի համար այդպես էլ հանելուկ մնաց Ձեր հրաժարականի պատճառը: Թեկուզ այսքան ժամանակ անց կպարզաբանեք` ինչո՞ւ որոշեցինք հրաժարական տալ:
– Մարդիկ ավելի հակված են ճշմարտությանը չհավատալու և ավելի շատ ինտրիգներ փնտրելու: Ինչ-որ մի պահի իմ աշխատանքն այդ պաշտոնում անարդյունավետ դարձավ, այդ իսկ պատճառով ես հրաժարական տվեցի, որովհետև իմ ամբողջ գործունեության մեջ ես սովոր չեմ եղել աշխատելու պարզապես աշխատելու համար:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան