Նոյեմբերյանում հաց թխելը եկամտաբեր չէ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տավուշի մարզի սահմանամերձ Նոյեմբերյան քաղաքի սննդի խանութներում վաճառվում են այդ քաղաքում արտադրված հացն ու բուլկեղենը, նաեւ Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակավայրերում՝ Կողբում, Բերդավանում, Այրումում թխված հացը, Վանաձոր քաղաքի բուլկեղենը: Մեծ առաջարկի եւ բնակչության ցածր գնողունակության պատճառով խանութներում հացը լավ չի իրացվում, ապրանքի մի մասը խանութներից վերադարձվում է արտադրողներին:

Հացի արտադրամասերից մեկի տերը «Ժողովուրդին» դժգոհեց, որ փոքր, շուրջ 6 հազար բնակիչ ունեցող Նոյեմբերյան քաղաքում գործում է հացաբուլկեղենի 11 արտադրամաս, ինչը շատ է: Հայկական սովորույթով՝ տեսնելով, որ հարեւանը հացի փուռ է աշխատեցնում, դրացին էլ է հացի արտադրամաս սարքում, որի հետեւանքով բոլորը տուժում են: Հացի փռան տիրոջ խոսքերով՝ խանութներում չվաճառվող, հետ վերադարձվող հացով ինքը խոզ է պահում: Սակայն դա եւս եկամտաբեր չէ, քանի որ հացով պահվող խոզի մսի ինքնարժեքը թանկ է:

Նոյեմբերյանցու խոսքերով՝ անասնակերի խանութներում վաճառվող կերամիավորներով պահվող խոզի մսի ինքնարժեքը համեմատաբար էժան է, սակայն այդ կերով պահված խոզի միսը որակյալ չէ: Նոյեմբերյանի հացի արտադրամասերի տերերը դժգոհում են, որ շատ են չարչարվում, հաց թխում, այն տեղափոխում խանութներ, սակայն հարկերը մուծելուց եւ աշխատողներին աշխատավարձ վճարելուց հետո իրենց չնչին շահույթ է մնում, որը համեմատելի չէ իրենց չարչարանքի հետ:

Հաց թխելը ոչ եկամտաբեր է հատկապես ձմռան ամիսներին, երբ առանձնատների բնակիչներն իրենց բակերի փոքր փռերում ընտանիքի՝ մեկ շաբաթվա եւ ավելի ժամկետով օգտագործման համար հաց են թխում:

Ոսկան Սարգսյան

Տավուշ




Լրահոս