Հայաստանում գործազուրկների թիվը աճել է. ամփոփվել է զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը դեկտեմբերի 19-ին ամփոփել է զբաղվածության ոլորտում իրականացված աշխատանքների արդյունքները:

Ըստ գործակալության պետի՝ 2016թ. ընթացքում Զբաղվածության պետական գործակալությունը շարունակել է իրագործել պետության կողմից տարվող զբաղվածության ակտիվ քաղաքականությունը, որի հիմնական սկզբունքը պետական աջակցության տարբեր եղանակներով աշխատանք փնտրողի համար կայուն զբաղվածության ապահովումն է:

«2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված են 95.8 հազար աշխատանք փնտրողներ, որոնցից 80.8 հազարը գործազուրկներ են /84.4 %-ը/: Այս ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են համապատասխանաբար 8.2 և 5.6%-ով:

Գործազուրկների թվաքանակում աշխատաշուկայում անմրցունակ անձանց թվաքանակը կազմում է 73.98 հազար անձ կամ 91.6%: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.6 %-ը կամ 19.1 հազար մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.6% կամ 2.9 հազար մարդ:

Զբաղվածության կարգավորման 2016թ. պետական ծրագրերում ընդգրկված անձանց թիվը 2016թ. դեկտեմբերի 12-ի դրությամբ կազմում է 13000, որը աշխատանք փնտրողների 13.6%-ն է: Նրանցից 1038-ը հաշմանդամություն ունեցող անձ է: Ծրագրերում ընդգրկվածների թվաքանակը նախորդ տարվա համեմատ աճել է 17%-ով»,- նշել է Արտակ Մանգասարյանը:

Անդրադառնալով աշխատանք փնտրողների վիճակագրության, գործակալության պետը նշել է, որ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 16592 աշխատանք փնտրող՝ նրանցից 7927 ապահովվել է սեզոնային կամ ժամանակավոր աշխատանքով: «Նախորդ տարվա համեմատ աշխատանքի տեղավորվածների թվաքանակը աճել է 5.1%-ով:

Աշխատանքի տեղավորվածներից 3508-ը երիտասարդ է, իսկ 977-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ: 2016թ. ընթացքում 2519 գործատուի կողմից ներկայացվել է շուրջ 7647 չկրկնվող թափուր աշխատատեղի հայտ»,- ընդգծել է Արտակ Մանգասարյանը:

Ըստ ներկայացված տվյալների՝ հանրապետությունում առավել պահանջարկված են նախնական և միջին մասնագիտական կրթությամբ մասնագետներ, մասնավորապես դեղագետ, դեղագործ, ֆինանսների և առևտրի բնագավառի մասնագետ, դիզայներ, համակարգչային սարքավորումների սպասարկման մասնագետ, վաճառող, մատուցող, խոհարար, հացթուխ, վարսահարդար, կարող, դերձակ, ավտովերանորոգող, ավտոէլեկտրիկ, էլեկտրիկ, վարորդ, փականագործ, եռակցող, ֆրեզերագործ, ինչպես նաև տարբեր ոլորտներում բանվորական մասնագիտություններ ունեցողներ:

Բարձրագույն կրթությամբ մասնագետների պահանջարկը ոլորտից ոլորտ տարբեր է, այսպես առավել բարձր պահանջարկ առկա է տեղեկատվական տեխնոլոգիաների, արդյունաբերության, սպասարկման ոլորտներում: Երևանում մեծ է ատամնաբույժների, իսկ մարզերում մշտապես առկա է բժշկական նեղ մասնագետների և դասավանդողների պահանջարկը:

2016թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ իրականացվել են զբաղվածության կարգավորման հետևյալ ծրագրերը.

«Այլ վայր աշխատանքի գործուղվող գործազուրկի նյութական ծախսերի հատուցում» ծրագրում ընդգրկված անձանց թիվը կազմել է 25:
«Գործազուրկների և աշխատանքից ազատման ռիսկ ունեցող աշխատանք փնտրող անձանց մասնագիտական ուսուցման կազմակերպում» ծրագրի շրջանակներում ուսուցում է անցել 1293 գործազուրկ, որից` 115-ը հաշմանդամություն ունեցող անձ է:
«Ձեռք բերած մասնագիտությամբ մասնագիտական աշխատանքային փորձ ձեռք բերելու համար գործազուրկներին աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 474 գործազուրկ, որից 7-ը հաշմանդամություն ունեցող անձ:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին աշխատավարձի մասնակի և հաշմանդամություն ունեցող անձին ուղեկցողի համար աշխատավարձի փոխհատուցման տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 417 անձ:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց փոքր ձեռնարկատիրական գործունեության աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում ֆինանսավորվել է 74 բիզնես ծրագիր, որից 9-ը ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց կողմից:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց անասնապահությամբ (տավարաբուծությամբ, ոչխարաբուծությամբ, խոզաբուծությամբ, թռչնաբուծությամբ) զբաղվելու համար աջակցության տրամադրում» ծրագրում ընդգրկվել է 53 գործազուրկ, որից 6-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ:
«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում գործատուին միանվագ փոխհատուցման տրամադրում» ծրագրի շրջանակներում ծրագրում ընդգրկվել է 732 անմրցունակ անձ, որից 58-ը հաշմանդամություն ունեցող անձ է: Այս թվից 21 հաշմանդամություն ունեցող անձի համար իրականացվել է աշխատատեղի հարմարեցում:

«Աշխատաշուկայում անմրցունակ անձանց հարմար աշխատանքի տեղավորման նպատակով գործատուներին այցելության ծախսերի փոխհատուցում» ծրագրում ընդգրկվել է 2005 անձ, որից 59-ը հաշմանդամություն ունեցող անձ:

«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում հանրապետության 10 մարզերի 451 համայնքում 5967 հողօգտագործողի հետ կնքվել է պայմանագիր: Ծրագրերում ընդգրկել է 7640 շահառու, որից 736-ը՝ հաշմանդամություն ունեցող անձ: Ծրագրի իրականացման արդյունքում մշակվել է 9746.7 հա հողատարածք:

«Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպում» ծրագրում ընդգրկվել է 27 համայնք, որից 11-ը՝ քաղաքային և 16-ը՝ գյուղական: Ծրագրերում ընդգրկվել է 287 անձ, որից 38-ը հաշմանդամություն ունեցող: Ծրագրերի շրջանակներում իրականացվել են հիմնականում սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների` մանկապարտեզի, դպրոցի, բժշկական հաստատության, մշակույթի տան հարակից տարածքների բարեկարգման աշխատանքներ, միջհամայնքային, ներհամայնքային ճանապարհների, մայթերի, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգման և գերեզմանատների ցանկապատման, բարեկարգման աշխատանքներ:

«Աշխատանքի տոնավաճառի կազմակերպում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է 11 տոնավաճառ Ապարանում, Չարենցավանում, Գյումրիում, Վանաձորում, Դիլիջանում, Աբովյանում, Գավառում, Իջևանում, Գորիսում, Երևանում և Արմավիրում, որին մասնակցել է 360 գործատու, 15020 աշխատանք փնտրող, գործատուների կողմից ներկայացվել է 1628 առկա և սպասվելիք 1442 թափուր աշխատատեղ: Ծրագրի արդյունքում աշխատանքի է տեղավորվել 692 աշխատանք փնտրող անձ:

«Աշխատաշուկայի հետազոտման աշխատանքների կազմակերպում» ծրագրի շրջանակներում իրականացվել է «Ուսումնասիրություն տնտեսության ճյուղերում» թեմայով հետազոտությունը, որի նպատակն էր գնահատել տնտեսությունում աշխատուժի շարժը և աշխատաշուկայում սպասվելիք փոփոխությունները` առաջիկա 3 տարիների կտրվածքով, ինչպես նաև վեր հանել կանխատեսվող մասնագիտացումներն՝ ըստ ոլորտների:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս