ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարը՝ պաշտոնական լրահոսից

Երեկ ՀՀ սփյուռքի նախարարության եւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ ՀՀ կառավարության նիստերի մեծ դահլիճի նախասրահում մեկնարկեց «Սիրիահայ մշակույթի շունչը Երեւանում» ավանդական դարձած բարեգործական ցուցահանդես-տոնավաճառը: Միջոցառմանը մասնակցում էր նաեւ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, որը մի գեղեցիկ մատանի է գնել:

 

 

 
ՀԱՐՑ. Աղջիկս սովորում է քոլեջում, հիմա ցանկանում եմ իմանալ՝ նա կարո՞ղ է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում: Եթե այո, ապա ի՞նչ ձեւաչափով:

Մարինե Իսահակյան (39 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ՝ մինչեւ 2014թ. ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը: Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք նաեւ, որ ուսումնական պլանների փոփոխության պատճառով առաջացած առարկայական տարբերությունները համարվում են ակադեմիական պարտքեր, որոնք ուսանողը պետք է հանձնի ռեկտորի հրամանով հաստատված անհատական ժամանակացույցով, բայց ոչ ուշ, քան մինչեւ տվյալ կիսամյակի քննաշրջանի սկիզբը:

 

 

 
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ի՞նչ է իրենից ներկայացնում միանվագ վճարը: Ուզում եմ հասկանալ՝ որո՞նք են դրա վճարման հիմքերը:

Մարուսյա Գեւորգյան (53 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ միանվագ վճարը, կենսաթոշակային տարիքը լրանալուց հետո, անձի կենսաթոշակային հաշվում առկա միջոցներն ամբողջապես մասնակցին միանգամից վճարելն է:
Եթե մասնակցի՝ կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը փոքր է հիմնական կենսաթոշակի 75 տոկոսից կամ հավասար է դրան, ապա մասնակիցն իրավունք ունի կուտակած միջոցները ստանալ միանվագ վճարների ձեւով: Բացի դրանից՝ եթե մասնակցի՝ կուտակային միջոցները հավասարաչափ ամսական վճարների վերածելու դեպքում ամսական գումարը գերազանցում է հիմնական կենսաթոշակի հնգապատիկը, ապա մասնակիցը պարտավոր է կնքել հիմնական կենսաթոշակի հնգապատիկն ապահովող անուիտետի պայմանագիր, իսկ մնացած մասը նա իրավունք ունի ստանալ միանվագ վճարի տեսքով:
Բացի վերը նշվածը՝ կենսաթոշակային հաշվում առկա միջոցները միանվագ վճարի ձեւով վճարվում են նաեւ՝
1. մասնակցի՝ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ ճանաչվելու դեպքում,
2. մասնակցի ծայրահեղ ծանր վիճակում գտնվելու եւ կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումով հիվանդ լինելու դեպքում:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է 63 տարին լրացած անձին, եթե նա ունի առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ: Ի դեպ, 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաեւ 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ:




Լրահոս