Սերժ Սարգսյանը երեկ հրավիրել է ազգային անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում, համաձայն պաշտոնական հաղորդագրության, ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը զեկուցել է «Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների եւ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգի» նախագիծը: Հայեցակարգը կոչված է ապահովելու ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման քաղաքականության շարունակականությունը` հիմնվելով ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, ատոմային էներգիայի միջազգային գործակալության անվտանգության չափանիշների վրա: Ս. Սարգսյանը հանձնարարել է վարչապետին եւ ոլորտային նախարարներին՝ քննարկել եւ առաջարկություն ներկայացնել այս ռազմավարությունից բխող ՀՀ կառավարության ռազմավարության մշակման ժամկետների վերաբերյալ:
Հաջորդիվ՝ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը անվտանգության խորհրդի անդամներին զեկուցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը 2018թ. ՀՀ-ում անցկացնելու մասին հարցը: Եվ վերստին՝ Ս. Սարգսյանը հանձնարարել է կառավարությանը մեկամսյա ժամկետում ապահովել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախապատրաստման եւ անցկացման գործողությունների ծրագրի մշակումը եւ ներկայացումը ՀՀ նախագահի հաստատմանը: Երեկ նաեւ լսվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի զեկույցը ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի N 27 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած, ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության եւ ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի իրականացման արդյունքների եւ ոլորտի հետագա զարգացման տեսլականի վերաբերյալ:
Միով բանիվ՝ մինչ մեր երկրի շուրջ ընթանում են բավականին դրամատիկ զարգացումներ՝ լի մեր ազգային անվտանգությանը սպառնացող ամենավտանգավոր մարտահրավերներով, մինչ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ անհասկանալի եւ մտահոգիչ հայտարարություններ են հնչում, մինչ նիստի հաջորդ իսկ օրը սպասվում է մեր կարեւորագույն հարեւանի՝ Իրանի նախագահի այցը, ՀՀ-ի ԱԱԽ-ում զբաղված են «թիթեռ նկարելով»: Ի վերջո, մեր երկրի ազգային անվտանգության ամենահրատապ հարցը 2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացո՞ւմն է:
Տպավորություն է, որ Ս. Սարգսյանն ուղղակի ցանկանում է այս ֆորմատն օգտագործել վարչապետ Կարեն Կարապետյանին հանձնարարականներ տալու համար՝ այդպիսով ընդգծելով, թե ով է այս երկրում հանձնարարականներ տվողը: Անշուշտ, ԱԱԽ նիստերում քննարկված ոչ բոլոր հարցերի մասին է, որ պետք է տեղեկատվություն հրապարակվի, սակայն ոչինչ չի խանգարում, որ ընդհանուր ձեւակերպումներով նշվի, որ քննարկվել է, ենթադրենք, իրավիճակը Սիրիայի շուրջ, կամ հայ-իրանական հարաբերությունների հետ ապված հարցեր: Եթե, իհարկե, նման հարցեր առհասարակ քննարկվում են: