Իրանի նախագահ Հասան Ռոհանիի՝ 4 տարի շարունակ նախապատրաստվող, սակայն այդպես էլ չիրականացող այցը Հայաստան վերջապես կայացավ: Ճիշտ է՝ այն կարճաժամկետ էր՝ ընդամենը մեկօրյա, եւ Հայաստանից էլ Ռոհանին անմիջապես ուղեւորվեց Ղազախստան, ապա Ղրղզստան: Եվ այնուհանդերձ դա նշանակալի այց էր՝ հաշվի առնելով Իրանի հետ հարաբերությունների կարեւորությունը Հայաստանի համար: Հայ-իրանական օրակարգում դեռ մեկ տասնամյակի պատմություն ունեցող կարեւոր նախագծեր կան՝ սկսած հայ-իրանական երկաթուղու շինարարության, Արաքսի ափին ՀԷԿ-ի կառուցման, նավթավերամշակման գործարանի հիմնման եւ, վերջապես, հայ-իրանական նոր գազատարի անցկացման ծրագրերից, ավարտած արդեն ավելի նոր՝ ԵՏՄ շրջանակներում սերտ գործակցության եւ Պարսից ծոց-Սեւ ծով միջազգային տարանցիկ միջանցք ստեղծելու հնարավորություններով: Արդյոք երեկվա այցի ընթացքում այս հարցերից որեւէ մեկի շուրջ ստորագրվեցին համաձայնագրեր: Ցավոք, ոչ:
Հնչեցին ընդհանրական ձեւակերպումներ՝ մտադրությունների եւ հեռանկարների մասին: Իսկ երեկ ստորագրված երկկողմ փաստաթղթերը հիմնականում վերաբերում էին սպորտի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության պահպանման հարցերում փոխգործակցությանը:
Արդյոք հայ-իրանական ավելի գլոբալ ծրագրերի իրականացման համար բացակայում է իրանական կողմի ցանկությունը, որը պատժամիջոցների վերացումից հետո այլեւս գործընկերների պակաս չի զգում: Անշուշտ այդ գործոնն իր դերակատարությունն ունի: Սակայն կասկածից դուրս է, որ անգամ ՀՀ-ի նման փոքր երկրում Իրանը կարող է ունենալ տնտեսական շահեր, որոնց նշանակությունը կրկնապատկվում է քաղաքական շահերի առկայությամբ: Եվ այս առումով հենց թեկուզ հայ-իրանական նոր գազատարի կառուցումը պետք է որ լիներ երեկ քննարկված առաջնային հարցը: Մինչդեռ Իրանի նախագահը խոսեց միայն դեպի Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացնելու մտադրության մասին:
Ընդ որում, անգամ առկա խողովակաշարով ՀՀ ներմուծվող գազի օգտագործման հետ կապված որեւէ համաձայնագիր չստորագրվեց: Այն դեպքում, երբ շուրջ երկու ամիս առաջ Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հայտարարել էր. «Հայ-իրանական գազային նոր համաձայնագիրը կստորագրվի մոտ ապագայում, եւ դրա շնորհիվ Հայաստանը կկարողանա գազ գնել Իրանից ու վաճառել, օրինակ, Վրաստանին»:
Հարցին, թե հնարավոր է՝ դա տեղի ունենա Ռոհանիի՝ Հայաստան կատարելիք առաջիկա այցի ընթացքում, դեսպանը ժամկետ չնշելով հանդերձ՝ պատասխանել էր. «Փաստաթղթերը մոտ են համաձայնեցման, եւ որեւէ խանգարող հանգամանք երկու կողմերում չեմ տեսնում»: Ի տարբերություն դեսպանի՝ իրանական կողմի համար այդ հանգամանքը, փաստորեն, տեսանելի է: Սերժ Սարգսյանն էլ երեկ ընդգծեց, որ Հայաստանն Իրանի հետ հարաբերության մեջ միշտ եղել է ու կա շիտակ եւ ազնիվ՝ ըստ ամենայնի, նկատի ունենալով հենց «խանգարող հանգամանքի» գործոնը: