Թուխմանուկի հանքավայրը շահագործող ընկերությունը սնանկացել է. որն է պատճառը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրը շահագործող «Մեգո գոլդ» ընկերությունը սնանկ է ճանաչվել: Պատճառը պարտքերն են, որոնք ընկերությունը տարիների ընթացքում կուտակել է:

ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում հայտնի «Մեգո գոլդ» ընկերությանը հարկադրված սնանկ ճանաչելու պահանջով այս տարվա սեպտեմբերի 29-ին դատարան է դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Իսկ մինչ այդ` անցած տարվա սեպտեմբերի 18-ին, «Մեգո գոլդ»-ին հարկադրված սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել նաեւ քաղաքացի Արաքսյա Բոժեվոլնովան: Արդյունքում, Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նոյեմբերի 1-ի վճռով «Մեգո գոլդ» ընկերությունը ճանաչվել է սնանկ։

«Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական ռեգիստրից տեղեկացավ, որ «Մեգո գոլդ» ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին, իսկ հիմնադիրն է Հրայր Թովմասյանը: Ըստ որոշ տեղեկությունների՝ խոսքը ՀՀ արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի մասին է: Ավելին՝ ըստ շրջանառվող լուրերի՝ որպես ընկերության իրավաբանական հասցե նշված է Թովմասյանի հայրական տան հասցեն` նրա ծննդավայր Արարատի մարզի Դարակերտ գյուղում: Նշենք, որ 2000 թվականին, երբ ոսկու հանք շահագործելու նպատակով հիմնադրվել է «Մեգո Գոլդ» ընկերությունը, Հրայր Թովմասյանն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանում:

Հանքարդյունաբերության ոլորտում հայտնի ընկերությունը ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղում գտնվող Թուխմանուկի ոսկու հանքավայրում աշխատած ավելի քան 40 մելիքգյուղցիների չի վճարել տարիներով կուտակած աշխատավարձերը: Բացի այս՝ «Մեգո Գոլդ» ընկերությունը պատշաճ կերպով չի կատարել համայնքի նկատմամբ ստանձնած պարտավորությունները: Արդյունքում կուտակել է պարտքեր, ապա սնանկացել: Ի դեպ, տեղեկացնենք, որ պարտատերերի առաջին ժողովը նշանակված է 2017 թվականի հունվարի 16-ին:

Չնայած ֆինանսական պարտավորությունների կատարման հարցում թերացմանը՝ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն տեւական ժամանակ փորձում էր կառուցել Թուխմանուկի ոսկու հանքավայրի երրորդ պոչամբարը, սակայն գյուղի բնակիչները դեմ էին ընկերության ներկայացրած նախագծին: Նրանք այս առիթով տարբեր բողոքի ակցիաներ են իրականացրել, ընդհուպ փակել են միջհամայնքային ճանապարհը: Բնակիչները զայրացած նշում էին, որ Մելիքգյուղում ոսկու հանքավայրի շահագործման հետեւանքով առողջապահական եւ բնապահպանական լուրջ խնդիրներ են առաջացել: Հիշեցնենք, որ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ին պատկանող 2 պոչամբարները լցված են եւ ո՛չ շահագործվում են, ո՛չ էլ ռեկուլտիվացվում։ Նոր պոչամբարի կառուցմամբ՝ «Մեգո Գոլդ» ՍՊԸ-ն մտադիր էր բաց եղանակով շահագործել Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասը:

Ընկերությունը 2013 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությանը ներկայացրեց երրորդ պոչամբարի կառուցման նախագիծը, սակայն այն մերժվեց: Բանն այն է, որ երբ դեռ 2012 թվականին «Մեգո Գոլդ» ընկերությունը հայտարարեց, որ կառուցում է երրորդ պոչամբարը, բնապահպանները մտահոգվեցին, քանի որ 2006 թվականին, մի կերպ ստանալով հանքի շահագործման թույլատվություն, ընկերությունը հանքի ծավալին համապատասխան ստացել էր երկու պոչամբարներ կառուցելու թույլտվություն, որոնք, ինչպես նշվեց, արդեն լցված են:

Բնապահպանները պնդում էին, որ առանց հանքի ընդլայնման նախագծի ուղղակի անհնար է, որ «Մեգո Գոլդ»-ը երրորդ պոչամբար կառուցի: Եվ հիմա՝ ընկերության սնանկ ճանաչվելուց հետո, հարց է առաջանում, թե ով պետք է ռեկուլտիվացնի լցված պոչամբարները:

Նշենք, որ Թուխմանուկի հանքավայրը գտնվում է Մելիքգյուղի արեւելքում՝ 1.5-2 կմ հեռավորության վրա: Մոտակա համայնքներն են Ապարան քաղաքը, Ծաղկահովիտ ավանը, Մելիքգյուղ, Միրաք, Ջարջառիս եւ Ղուռիբողազ գյուղերը:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս