Ինչ զարգացումներ կան Հովնանյանի հողամասի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիլիջան քաղաքի բնակիչներ Արարատ Մադաթյանին եւ նրա կնոջը՝ Մարինե Ծովյանին, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք դիտավորությամբ՝ կարծելով, որ ունեն որոշակի իրավունք եւ գիտակցելով, որ այն իրականացնում են օրենքով սահմանված կարգի խախտմամբ, 2015 թվականի աշնանից մինչ օրս ինքնագլուխ, խախտելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ ամրագրված սեփականության անձեռնմխելիության իրավունքը, իրականացրել են իրենց ենթադրյալ իրավունքները, այն է՝ բնակվել են «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ին օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքի վրա՝ Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղուն հարող, նախկին առողջարանի տարածքում գտնվող 640 քառակուսի մետր մակերեսով հողամասի վրա տեղադրված ընկերության վագոն-տնակում:

Ամուսիններն այդ հողամասին կից կառուցել են ավտոլվացման կետ՝ նախկինում հողամասից ու վագոն-տնակից իրենց վտարումը համարելով անօրինական, որի հետեւանքով ընկերության շահերին պատճառել են էական վնաս: Բացի այդ՝ Մարինե Ծովյանը՝ գիտակցելով, որ իր կողմից տրամադրվող տեղեկատվությունը կեղծ է, 2016 թվականի հուլիսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում ցուցմունք է տվել, որ իբր «Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ի հետ, ի դեմս ընկերության տնօրեն Լիլիթ Մարտիրոսյանի, 2008 թվականի սեպտեմբերի 3-ին կնքված առքուվաճառքի պայմանագրում, եւ նույն օրը կազմված հանձման-ընդունման ակտում իր անվան դիմաց կատարված ստորագրությունները կեղծված են:

Ա. Մադաթյանին եւ Մ. Ծովյանին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 322 հոդվածի 1-ին մասով («Ինքնիրավչությունը՝ օրենքով կամ այլ նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքներն ինքնակամ (ինքնագլուխ) իրականացնելը, որն էական վնաս է պատճառել անձանց իրավունքներին կամ օրինական շահերին կամ խոշոր վնաս՝ պետական կամ հասարակական շահերին»), Մ. Ծովյանին նաեւ՝ 333 հոդվածի 1-ին մասով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է»):

«Հովնանյան ինտերնեյշնլ» ՍՊԸ-ն պատկանում էր հայտնի գործարար, բարեգործ Վահագն Հովնանյանին, ով մահացել է 2015 թվականի օգոստոսի 31-ին, 83 տարեկան հասակում:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս