Ես ոչ մեկի ձեռքին էլ չեմ նայում. մենք՝ որպես բիզնեսմեն, երբեք պետքը չունինք կառավարությանը հարցնելու. հարցազրույց Վահագն Հովնանյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր երկարատև ու ծանր հիվանդությունից 83 տարեկան հասակում մահացել է ամերիկահայ գործարար, բարերար, «Վահագնի թաղամասի» սեփականատեր Վահագն Հովնանյանը:

Armlur.am-ը ներկայացնում է 2012 թվականին «Ժողովուրդ» օրաթերթի հարցազրույցը գործարարի հետ:

Ամերիկահայ գործարար Վահագն Հովնանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշել է, որ ինքն ատում է այն երեւույթը, երբ հայտարարում են, թե Հայաստանում սփյուռքահայերը չեն կարողանում իրենց բիզնեսները պահել:

–Պարո՛ն Հովնանյան, տեղեկություններ կան, որ Դուք այժմ խնդիրներ ունեք՝ Ձեր բիզնեսների հետ կապված, հատկապես Վահագնի թաղամասի ծրագիրն իրեն չի «արդարացրել», եւ Դուք սնանկացման եզրին եք:

-Ուրդեղե՞ն են գտած ադ լուրերը: Ո՞վ է ասել է Ձեզ նման բան: Դուք ամեն ասածին պետք է հավատա՞ք: Չկա նման բան, հավատացե՛ք՝ չկա:

-Բայց շատ գործարարներ կուլիսներում խոսում են, որ լուրջ խնդիրներ ունեք՝ նաեւ Ձեր մյուս բիզնեսների հետ կապված, եւ պատրաստվում եք վաճառել դրանք:

-Միանշանակ սխալ է, որը չեմ իմանում՝ որտեղից են տարածել: Ամեն բան նորմալ է:

-Այսինքն՝ Հայաստանում հե՞շտ է բիզնես ունենալ ու այն պահել:

-Ամեն տեղ դժվար է բիզնես վարելը:

-Կոնկրետ Հայաստանում նկատի ունեմ:

-Նույն բանն ամեն տեղ կա, բիզնեսն էնպես է, որ մի օր կլավանա, մի օր կվատանա ու այդպես շարունակ, բոլոր բիզնեսների մեջ դա կա: Հազար ու մեկ ձեւեր կան բիզնեսում, խնդիրներ կան, պետք է ճիշտ ,դեղե տալ բիզնեսին, որ գործը լավանա:

-Երբեւէ փորձե՞լ եք ՀՀ իշխանությունների հետ խոսել, առաջարկություններ անել, թե ինչ պետք է արվի բիզնեսի ծաղկման համար: Ինչպե՞ս են արձագանքել:

-Ես մի բան կասեմ. մենք՝ որպես բիզնեսմեն, երբեք պետքը չունինք կառավարությանը հարցնելու: Գնամ ի՞նչ հարցնեմ. ինչպե՞ս կարող եք օգնել: Այլ հարց, որ ես հարցնեմ՝ մենք ինչպես կարող ենք օգնել: Թե չէ կառավարությունը չպիտի մեզի օգնե եւ ուրիշ պայմաններ դնե: Կամ մեկ ուրիշ մարդ գա ու ասի՝ ես քեզ պրոբլեմի միջից կհանեմ: Ո՛չ, ես ոչ մեկի ձեռքին էլ չեմ նայում:

-2011-ի հունիսին մամուլում հրապարակում եղավ, որ Դուք բողոքել եք Հայաստանում հաստատված մենաշնորհներից եւ հայտարարել, թե ինքներդ ցանկացել եք զբաղվել ՌԴ-ից փայտանյութի ներկրմամբ, բայց Ձեզ համար խոչընդոտներ են ստեղծվել: Անգամ սպառնացել են, որ նման բան չանեք: Ո՞վ կամ ովքե՞ր էին Ձեզ սպառնացել:

-Փայտի գործի հետ կապված հազար անգամ գրել են, ես խոսել եմ: Ինչ վերաբերում է նրան, թե ինձ սպառնացել են, ասեմ, որ երբեք ինձի չեն սպառնացել, երբեք: Որքան որ ես Հայաստանի մեջ եմ, ոչ ոք ինձի չի սպառնացել, այնպես որ, դա սխալ ձեւով են ներկայացնում:

-Այդ դեպքում ինչո՞ւ են սփյուռքահայերը գալիս Հայաստան, ներդրումներ կատարում, իսկ վերջում նեղացած հեռանում: Այդպես վարվեց նաեւ Ջերարդ Գաֆեսճյանը:

-Ես երբեք Գաֆեսճյանի հետ չեմ խոսել՝ իմանալու համար, թե ինչու գնաց Հայաստանից: Մարդը ներքին պրոբլեմներ ուներ իր գործին մեջ եւ իր աշխատանքում, գործը ծախեց գնաց: Չեմ իմանում, կարող է այդ մարդն իր կնոջ հետ ավելի կուզեր ժամանակ անցներ, ավելի ազատ ժամանակ ունենար իրեն աղջկան հետ: Բայց ես նման խնդիր չունեմ, փառք Աստծո, ես լավ առողջություն ունեմ (ձեռքով երեք անգամ հարվածում է սեղանին ու ծիծաղում-Ս. Գ.):

Այնպես որ, ես այդ մտահոգությունները չունեմ, ես տղա ունիմ, աղջիկ ունիմ, որ կրնան իմ գործը շարունակեն: Ես կատիմ այդ հայտարարությունները, թե սփյուռքահայերու համար դժվար է Հայաստանում: Ո՛չ, երբեք դժվարություն չկա: Ամեն մարդու մեջ նախանձություն կա, դժվարություններ են լինում, դա չի նշանակում, որ միայն հայկական տարբերակ է:

-Շուտով Հայաստանում նախագահական ընտրություններ են, արդեն որոշե՞լ եք, թե ում եք Ձեր ձայնը տալու:

-Ով ընտրվի, նա էլ ընկերս է (ծիծաղում է-Ս. Գ.):

-«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ ինքն իր թեկնածությունն է առաջադրելու, հնարավոր է՝ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջադրվի, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, Դուք ո՞ւմ եք նախընտրում:

-Ամեն Ձեր ըսածները կարող ուժ են, կրնան այս հայրենիքը պահել:

Հ.Գ. 2011թ. հունիսի 30-ին Վահագն Հովնանյանն ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանում մենաշնորհ է, ինքը ցանկացել է զբաղվել ՌԴ-ից փայտանյութի ներկրմամբ, բայց իր համար խոչընդոտներ են ստեղծվել: Ապա ցանկացել է զբաղվել ցորենի բիզնեսով, այս դեպքում եւս նրան խոչընդոտել են: Առաջարկեցինք հրապարակել այն մարդկանց անունները, որոնք թույլ չեն տվել զբաղվել նշված բիզնեսներով: Սակայն ոչ մի անուն չասաց:

Զրուցել է Սոնա Գրիգորյանը




Լրահոս