Վիգեն Սարգսյանի կողմից վրացական կողմին տրված բացատրություններն ու երաշխիքները համոզիչ կթվան` առաջիկայում գազատարի վաճառքի թեմայի արծարծումից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի այցը Վրաստան հաջորդեց բավականին ուշագրավ իրադարձությունների: Նախ՝ ՀՀ ՊՆ նախարարը եւ նրա ռուս գործընկերը Մոսկվայում ստորագրեցին հայ-ռուսական համատեղ զորամիավորում ստեղծելու մասին համաձայնագիրը: Ապա՝ Վրաստանի վարչապետը հայտարարեց ռուսական գազը ՀՀ առաքող գազատարի 25 տոկոս բաժնետոմսերը վաճառելու հնարավորության մասին: Դրանից հետո վրացական մամուլը գրեց, որ գազատարի բաժնետոմսերի պոտենցիալ գնորդների թվում է ադրբեջանական նավթագազային «Soccar» ընկերությունը, որն արդեն իսկ բանակցություններ է սկսել վրացական կառավարության հետ:

Այս ամենի ֆոնին ՀՀ ՊՆ նախարարը Մոսկվայից հետո մեկնեց Թբիլիսի: Ըստ ամենայնի, այդ այցը պայմանավորված էր նաեւ վրաց իշխանություններին որոշակի պարզաբանումներ տրամադրելու անհրաժեշտությամբ: Բանն այն է, որ հայ-ռուսական համատեղ զորամիավորման ստեղծմամբ կողմերը պարտավորվում են երկրներից որեւէ մեկի սահմանների նկատմամբ ագրեսիայի դեպքում պաշտպանել վերջինիս: Ռուս-վրացական սահմաններին լարված իրավիճակների ոչ վաղ անցյալում մենք արդեն ականատես եղել ենք, եւ նման պոտենցիալ վտանգը, անշուշտ, առկա է նաեւ այսօր: Եթե 2008թ. պաշտոնական Երեւանը, չնայած հյուսիսից գործադրվող ճնշմանը, կարողացավ պահպանել չեզոքություն, ապա առաջիկայում նման իրավիճակների դեպքում Հայաստանն արդեն պարտավոր է ներգրավվել՝ ի պաշտպանություն դաշնակցի անվտանգության:

Հիշեցնենք, որ 2008թ. ռուս-վրացական պատերազմի օրերին տեղեկատվություն հրապարակվեց, որ Գյումրիի ռազմաբազայից օդ են հանվել եւ դեպի Վրաստան ուղղվել ռուսական ռազմական կործանիչներ, որոնց ընթացքը, սակայն, վերջին պահին կասեցվել է: Այս տեղեկատվությունը, որը հետագայում հերքվեց ե՛ւ հայկական, ե՛ւ ռուսական կողմից, բավականին մեծ եւ մնայուն բացասական հետք թողեց հայ-վրացական հարաբերություններում: Եվ ուրեմն հիմա, երբ արդեն խոսք է գնում ՀՀ-ի կողմից ստանձնվող կոնկրետ պարտավորությունների մասին, Վրաստանի իշխանությունը շատ ավելի հստակ եւ կոնկրետ երաշխիքներ է պահանջելու ՀՀ-ից:

Առավել եւս, որ ռուս փորձագետներն ու որոշ քաղաքական գործիչներ իրենց հայտարարություններով էլ ավելի մեծ մտահոգություններ են առաջացնում վրացական կողմի մոտ: Մասնավորապես պարբերաբար նշվում է, որ հայ-ռուսական համատեղ զորամիավորումն ուղղված է լինելու առավելապես ՆԱՏՕ-ի անդամ երկրի դեմ: Ինչպես գիտենք՝ մեր հարեւաններից ՆԱՏՕ-ի անդամ է միայն Թուրքիան, սակայն մյուս կողմից էլ Վրաստանը եւս ամբողջովին կողմնորոշված է դեպի ՆԱՏՕ եւ գտնվում է Դաշինքին անդամակցության շեմին: Այնպես որ, այս առումով շահերի աշխարհաքաղաքական հակասությունները բավականին ցցուն են դառնում:

Համոզիչ կթվան ՀՀ ՊՆ նախարարի կողմից վրացական կողմին տրված բացատրություններն ու երաշխիքները, թերեւս պարզ կդառնա նաեւ առաջիկայում գազատարի վաճառքի թեմայի արծարծումից:




Լրահոս