Երեկ՝ տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, անդրադառնալով գյուղատնտեսական արտադրանքի աճի ազդեցությանը մակրոտնտեսական ցուցանիշների վրա, ուշագրավ հայտարարություն է արել: Նա մասնավորապես ասել է, որ Հայաստանի բերքի վիճակագրությունը կարող էր ոչ ճիշտ հաշվարկվել։ Նախարարին նման եզրակացության է հանգեցրել այն հանգամանքը, որ սեպտեմբերից բերքի պաշտոնական վիճակագրությունը կտրուկ նվազել է, մինչդեռ մրգերի եւ բանջարեղենի գները չեն բարձրացել։ Մի կողմ թողնելով կոնկրետ գյուղատնտեսության աճի կամ անկման պատճառներն ու դրա մակրոտնտեսական ազդեցության նրբությունները՝ նկատենք, որ ֆինանսների նախարարի կողմից փաստորեն կասկածի տակ են դրվում պաշտոնական վիճակագրության ցուցանիշները:
Այն, որ հայրենի ազգային վիճակագրական ծառայությունում աշխատում են մտքի թռիչք եւ թվանկարչական մեծ հմտություններ ունեցող մասնագետներ, վաղուց արդեն գաղտնիք չէ: Տարիներ շարունակ հայրենի իշխանությունները, հղում կատարելով ԱՎԾ ներկայացրած վիճակագրությանը, հանրությանը սնել են «տնտեսական աճի» մասին հավաստիացումներով: Իսկ երբ հնչել են տարակուսանքներ, թե ինչու ԱՎԾ-ի ցուցանիշներով ներկայացվող աճը տեսանելի եւ զգալի չէ շարքային քաղաքացու համար, վստահեցրել են, որ դա ժամանակ պահանջող գործընթաց է: ՀՀԿ վերջին համագումարում էլ Սերժ Սարգսյանը փորձում էր համոզել, թե մարդկանց աչքը ուղղակի շատ արագ է սովորում լավին: Ավելին՝ նա վստահություն հայտնեց, որ ՀՀ քաղաքացիների բարեկեցությունն աճել է: Նկատենք, սակայն, որ նույն ԱՎԾ տվյալներով՝ երկրի բնակչության մեկ երրորդը շարունակում է մնալ աղքատ:
Եվ ահա հիմա, փաստորեն, առաջին անգամը լինելով՝ ՀՀ կառավարության անդամը հրապարակավ կասկածի տակ է դնում պաշտոնական վիճակագրության հավաստիությունը: Դժվար է ասել՝ որն է պատճառը. արդյոք սրանից հետո ԱՎԾ ներկայացրած տվյալները կարող են կասկածի տակ դրվել նաեւ հետին թվով՝ փորձելով արդարացնել ներկայիս կառավարության թերացումները: Ի վերջո, կասկածի տակ դնելով ԱՎԾ կողմից մինչ օրս արձանագրված ցուցանիշները՝ կարելի է ասել, որ իրավիճակը եղել է շատ ավելի վատթար, պարզապես ճշգրիտ չի ներկայացվել: Դա, իհարկե, միանգամայն հավանական է, եթե չասենք՝ իրական: Սակայն խնդիրն այն է, որ այդպիսով ներկայիս կառավարությունը կարող է ամենաչնչին առաջընթացն էլ ներկայացնել որպես զգալի ձեռքբերում:
Մյուս կողմից, սակայն, կառավարության անդամի կողմից պաշտոնական վիճակագրությունը որպես աներկբա ճշմարտություն չընդունելը ունի նաեւ իր դրական կողմը: Դա հույս է արթնացնում, որ առաջիկայում պետական օղակները այդքան ջանք չեն թափի սին ցուցանիշների հավաքագրման վրա եւ իրենց ջանքերը կփորձեն առավելապես կենտրոնացնել իրական, ոչ թե թվանկարչային փոփոխությունների վրա: