«Ժողովուրդ» օրաթերթը չի դադարում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գործելաոճի հետ կապված դժգոհություններ ստանալ: Նախօրեին նման հեռախոսազանգ «Ժողովուրդ»-ը ստացավ «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի կողմից:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ կառավարությունը պետական միջոցներով հաշմանդամ քաղաքացիներին հատկացնում է վերին եւ ստորին վերջույթների պրոթեզներ, պրոթեզի եւ օրթոպեդ կոշիկներ, ձեռնափայտեր, սայլակներ, լսողական սարքեր եւ այլ պարագաներ:
Սակայն «Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի խոսքերով՝ վերջին 2-3 տարիներին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից անցկացվող մրցույթները կազմակերպվում եւ տեղի են ունենում զգալի ուշացումներով: Այսինքն՝ տարվա առաջին չորս ամիսներին հաշմանդամները հնարավորություն չեն ունենում օգտվելու օրենքով իրենց հասանելիք ծառայություններից: Իսկ ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատողները այդ չորս ամիսների ընթացքում անգործության են մատնվում:
Նշենք, որ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ-ն մասնագիտացված է եւ զբաղված է միմիայն հաշմանդամների սպասարկմամբ: Նշված ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի ներկայացմամբ՝ սոցապ նախարարության «բարեփոխումների» արդյունքում իրենց ընկերության ֆինանսավորումը 93 մլն դրամով նվազել է: Այդ պատճառով լուծարվել է ընկերության պրոթեզի եւ օրթոպեդ կոշիկների, հենակների, ձեռնափայտերի եւ քայլակների պատրաստման արտադրամասը: Աշխատանքից ազատվել են մասնագիտական փորձ ունեցող 15 աշխատողներ:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեկտեմբերի 14-ին տեղի է ունեցել լսողական ապարատների եւ հաշմանդամների սայլակների մրցույթ, որին 3 կազմակերպություն է մասնակցել՝ «Պրոթեզաօրթոպեդիկ», «Ագաթ 777» ընկերությունները եւ «Սատար» ՀԿ-ն: Մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Սատար» ՀԿ-ն: Իսկ դեկտեմբերի 21-ին տեղի է ունեցել 106 չափաբաժնով պրոթեզաօրթոպեդիկ պարագաների արտադրության եւ սպասարկման ծառայությունների ձեռքբերման մրցույթ, որին մասնակցել են «Պրոթեզաօրթոպեդիկ», «Ինտեր օրթո», «Նոր որակ» ընկերությունները եւ «Սատար» ՀԿ-ն: Նշված ընկերությունները հաղթող են ճանաչվել, բայց «Ինտեր օրթո» ընկերությանը հասել է առյուծի բաժինը:
«Պրոթեզաօրթոպեդիկ» ընկերության տնօրեն Գագիկ Բաբայանի պնդմամբ՝ Արտեմ Ասատրյանը խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի իրենց ընկերությունը չմասնակցի պետգնումների մրցույթներին` տեղ բացելով յուրայինների համար: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Գագիկ Բաբայանի հետ:
-Պարո՛ն Բաբայան, կոնկրետ ի՞նչ խոչընդոտների մասին է խոսքը:
-Անցած տարի ես լսողական ապարատների մրցույթին մասնակցեցի, հաղթեցի, բայց նախարարը հեչ արեց դա ու պատճառաբանեց, որ պայմաններին չեմ բավարարում: Ասեց՝ վերջին երեք տարում պետք է լսողական ապարատ ներկրած լինեմ, որ հաղթող ճանաչվեմ: Այսինքն՝ այդ մրցույթը կայացավ մեկ ընկերության՝ «Ագաթ 777»-ի համար, որը շինարարական ընկերություն է: Անցած տարի լսողական ապարատի մրցույթը չորս անգամ չեղարկվել է, ամեն անգամ մի պատճառ էին բերում: Հետո ինձ նախարարությունից «զգուշացրին», որ ես այլեւս լսողական ապարտներ չբերեմ: Իսկ «Ագաթ 777»-ը լսողական ապարատներ բերում է ՌԴ-ից ու դրանք վաճառում պետությանը: Հիմա մեր պահեստում լսողական ապարատների մնացորդ կա, որոնց ձեռքը կրակն ենք ընկել: Ուրեմն թեւի տակի հենակների ձեռքբերման մրցույթը հաղթել էր մեր ընկերությունը, բայց նախարարությունից եկան, հենակների վրայի անցքերը հաշվեցին ու հայտարարեցին, թե տեխնիկական պայմանի մեջ նշված է, որ դրանք պետք է լինեն 9 հատ, իսկ մեր ընկերությունը արտադրել էր 7 անցքով: Եւ պակաս երկու անցքի համար մեր ընկերությունը այս տարվա օգոստոսին 1 մլն դրամի չափով տուգանվեց: Պատճառը՝ տեխնիկական պայման էինք խախտել: Տուգանքին ես համաձայն չէի, բայց չնայած դրան՝ մուծեցինք, անցքերն էլ ավելացրինք:
-Իսկ դեկտեմբերի 14-ին, 21-ին կայացած մրցույթների մասով ի՞նչ դժգոհություններ ունեք:
-Ես ուղղակի չեմ հասկանում, ինչպե՞ս է ստացվում, որ մրցույթին մասնակցած մեկ այլ ընկերություն մեր առաջարկած գնից 50-300 դրամ ցածր գին է առաջարկում ու ինքն էլ հաղթող է ճանաչվում: Մեր ընկերությունը կրծքագեղձի պրոթեզը 31 հազար դրամ էր առաջարկել, իսկ մյուս ընկերությունը՝ 30 հազար 800 դրամ: Ու հաղթեց: Մենք այս տարի դրա գինն իջեցրինք 27 հազար 500 դրամ, բայց «Նոր որակ» ընկերությունը առաջարկեց 27 հազար 400 դրամով ու հաղթող ճանաչվեց: Նման բան հնարավո՞ր է: Մենք կասկածներ ունենք, որ մինչեւ մրցույթի կայանալը մեր առաջարկած գների մասին նախարարությունից հայտնում են մյուս ընկերություններին:
Մանրամասները` տեսանյութում:
Սյունէ Համբարձումյան, Նարեկ Սարգսյան