ArmLur.am-ն արդեն գրել էր, որ Գեղարքունիքի մարզային դատախազությունում քրեական գործ է հարուցվել հոկտեմբերի 2-ին Վարդենիսի քաղաքապետի ընտրությունների ժամանակ տեղի ունեցած խախտումների մասով: Բանն այն է, որ Վարդենիսի բնակիչներից շատերը բողոքել են, թե այդ օրը գնացել են ընտրությունների, սակայն իրենց անվան դիմաց արդեն ստորագրված է եղել:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի քաղաքապետի թեկնածու Կարեն Մկրտչյանի հետ:
–Պարո´ն Մկրտչյան, իրավապահները քննություն են սկսել հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում տեղի ունեցած ընտրակեղծարարության առթիվ: Այդ օրերին Դուք որևէ կեղծարարություն նկատե՞լ եք:
– Դատախազությունն այն կառույցն է, որ ստից տեղ քրեական գործ չի հարուցում: Մնում է տեսնենք՝ իրավապահ մարմիններն իրենց գնահատականը կտան: Ի սկզբանե շատ մարդկանց եմ կասկածել, որոնց մասնակցությունը շատ մեծ է եղել: Ինչքան տեղեկացված եմ դատախազությունը փաստեր ունի, որ քաղաքացին մոտեցել է արդեն իր անվան դիմաց ստորագրությունը դրված է եղել: Վարդենիսում էլ շրջանառվող լուրեր կան, որ ինչ-որ ընտրակեղծիքներ են եղել, մամուլն էլ գրել էր այդ մասին: Այս պահին նպատակահարմար չեմ գտնում մանրամասնել, իրավապահներն իրենց գնահատակնները կտան:
-Ձեզ իրավապահները կանչե՞լ են հարցաքննության:
-Գործը, որ դեռ չէր տեղափոխվել Քննչական կոմիտե, ինձ կանչել՝ հարցաքննել են: Ամեն դեպքում, կոնկրետ հիմա անձնավորված չի, որ ասեմ այս ինչ մարդը կամ թեկնածուն կեղծիք է արել, այդպիսի բան չեմ ասում: Ընդամենը քվեատուփերը բացեն, զննեն, իրավապահ մարմիններն իրենց գնահատականը տան:
-Այսինքն՝ Դուք վստա՞հ եք, որ կեղծարարություններ, այնուամենայնիվ, եղել են:
-Ես ասեցի կան շրջանառվող լուրեր, կասկածներ: Ես էլ արդեն ներքին համոզմունք ունեմ, որ ինչ-որ բան այն չէ, բայց կոնկրետ, երբ իրավապահ մարմինները քննությունն ավարտեն, ես այդ ժամանակ ավելի կմանրամասնեմ:
Լիդա Եղիազարյան