Ինչո՞ւ է Վարդենիսի փոխքաղաքապետը դուրս եկել աշխատանքից. թեկնածու քաղաքապետը թեժացնում է պայքարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարդենիս համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Մկրտչյանը հայտարարություն է տարածել.

«Այսօր առավոտյան Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, խախտելով «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» ՀՀ օրենքը, հավաքել էր համայնքի ավագանուն և աշխակազմին ու հայտնել էր, թե իբրև ես` Վարդենիսի փոխքաղաքապետ, Վարդենիսի համայնքի ղեկավարի թեկնածու Կարեն Մկրտչյանս, կարգ եմ խախտել և ընտրակաշառք եմ բաժանել։

Այս առնչությամբ անհրաժեշտ եմ համարում պարզաբանել, որ նախ իր այդ քայլով Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը խախտեց «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքը՝ համաձայն որի համայնքի ղեկավարի տեղակալին նշանակում և ազատում է համայնքի ղեկավարը: Այն հայեցողական պաշտոն է: Իսկ փոխքաղաքապետի պաշտոնը ինձ համար իմ հայրենակիցներին ծառայելու առիթ է ընդամենը, որը արել եմ ու կանեմ նաեւ առանց պաշտոնի:
Հիմա անդրադառնամ ինձ հասցեագրված մեղադրանքին։ Ես, երբ 2017-ի նոյեմբերի 13-ին նշանակվել եմ Վարդենիսի փոխքաղաքապետ, արդեն 1 տարի 2 ամիս է` համագործակցում էի «Կամրջակ» սոցիալբարեգործական կազմակերպության հետ։ Բարերարի միջոցներով համայնքի սոցիալապես անապահով ընտանիքիներին ձմռան ցուրտ ամիսներին բաժանվում էին օգնության տոպրակներ` սննդի և կենցաղային անհրաժեշտությունների տեսքով. 200-ից ավել ընտանիք արդեն ստացել է այդ օգնությունը, մոտ 300 ընտանիք հերթագրված է։ Վերանորոգվել են 3 բազմաբնակարան շենքերի տանիքներ, որոնք կառուցման օրից երբեք չէր նորոգվել, մոտ 200 ընտանիքի կարտոֆիլի սերմացու, պարարտանյութ է բաժանվել եւ այլ նման աջակցություններ սոցիալապես անապահով ընտանիքներին:

Ու երբ որ ես սկսեցի իմ համագործակցությունը բարերարի հետ, չէի պատկերացնում, որ երկու տարի չանցած Վարդենիսում նոր ընտրություններ են լինելու, որ ընտրակաշառք բաժանեմ. այդ տոպրակները բաժանվել են ու կբաժանվեն։ Տեղեկացնեմ նաև, որ նույն բարերարի միջոցներով 120 միլիոն դրամից ավել ներդրում է կատարվել Վարդենիսում ու դա բերել կապել դեռ չմերկնարկած քարոզարշավի հետ, առնվազն ազնիվ չէ։

Բայց քանի որ առիթը տրվեց, ստիպված եմ արձանագրել, որ Վարդենիս համայնքի ղեկավարը, օգտագործելով Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի հետ ունեցած անձնական հարաբերությունները (նրանք համակուրսեցիներ են) քարոզարշավը սկսել է ավելի վաղ, քան նախատեսում է ՀՀ օրենսդրությունը (քարոզարշավը վաղն է մեկնարկում) եւ շահարկում է մարզպետի անունը։ Հունվարի 16-ին նա հանդիպել է 4-րդ դպրոցի կոլեկտիվին և խոստացել ջեռուցել դպրոցը։ Դրանից հետո հանդիպել է նաև մյուս դպրոցների կոլեկտիվների հետ` դարձյալ խոստումներ տալով։ Այնուհետև դեկտեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզպետարանում հանդիպել է «Գեոպրոմայնինգ» ընկերության ղեկավարության հետ: Եվ մարզպետի կազմակերպած այդ հանդիպումից հետո Վարդենիսի քաղաքապետարանում քաղաքացիներից դիմումներ է ընդունում «Գեոպրոմայնինգ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքում աշխատելու համար։ Ու դարձյալ խոստանում՝ փետրվարի վերջից նրանք կաշխատեն: Բացի այդ համայնքի բյուջեի միջոցներով Բանավան թաղամասում նորոգել է կոյուղագիծ և թողել կիսատ, որպեսզի մարդկանց ազդակ լինի, որ նրա ընտրվելուց հետո միայն կոյուղագծի նորոգման աշխատանքները կավարտվեն։ ՀՀ օրենսդրության կոպտագույն խախումների այս շարքը, որոնք թույլ է տվել Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը, կարող եմ շարունակել, բայց կարծում եմ՝ այսքանն էլ բավարար է պատկերացում կազմելու համար, թե ինչպես է համայնքի ղեկավարը չարաշահում պաշտոնական դիրքը և, օգտահործելով մարզպետ Գնել Սանոսյանի հետ մտերմությունը, փորձում մյուս թեկնածուների նկատմամբ առավելություն տալ իր դիրքին։

Քանի որ Արամ Մելքոնյանը Վարդենիսում եւ ընդհարապես Հայաստանում շատ քիչ է բնակվել, երևի թե լավ չի պատկերացնում, որ առավել ևս հետհեղափոխական Հայաստանում պաշտոնական դիրքն օգտագործելն անընդունելի է։ Վարդենիսցին իր ընտրությունը կատարելու է նայելով մարդկանց աշխատանքին, այլ ոչ թե նրանց, որոնք փորձում են քաղաքապետ դառնալ միայն այն արժանիքի համար, որ մարզպետի ընկերն են։ Սիրելի′ վարդենիսցիներ, դուխներդ տեղը, միասնականությունը կհաղթի»:




Լրահոս