Պաշտոնական Երևանն այդ ե՞րբ է իրեն արժանապատիվ դրսևորել միջազգային հարաբերություններում. Հայկ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունվարի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Մարտունու շրջանի ուղղությամբ՝ Աշաղը Վեյսալի բնակավայրի հյուսիս-արևելքում։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի հետ:

-ՄԻնսկի խմբի հայտարարությանը ինչպե՞ս եք վերաբերվում, արդյո՞ք կրկին հավասարության նշան չդրվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև: Եվ ՀՀ ԱԳն-ի պատասխանի առումով ինչ կարող եք ասել:

– Նախ՝ դրվեց իհարկե հավասարության նշան և դա ամոթալի է: Նախ՝ ամոթալի է Մինսկի խմբի համանախագահ անձանց համար և ապա՝ Հայաստանի համար, որ հանդուրժել է տարիներ շարունակ թե՛ Մինսկի խմբի համանախագահ անձանց և թե՛ ՀԱՊԿ նմանատիպ հայտարարությունները: Այս վերջինն իհարկե, աններելի բովանդակություն ունի և բավական չէ ուղղակիորեն ծխածածկում է պատերազմական հանցագործություն գործած և հրադադար խախտած Ադրբեջանին, այլև՝ Հայաստանին խստորեն կշտամբում է, որ դիվերսանտի դիակը չի հանձնել:

Տեղի է ունեցել զոհի մեղադրում, որ ընդհանրապես արևմտյան մշակույթում խոստորեն դատապարտելի մի բան է: Արևմուտքում՝ ինչպիսին և որքան էլ որ լինի զոհի մեղքը՝ զոհին չեն մեղադրում: Իսկ այստեղ Հայաստանի միակ մեղքն այն է, որ սեփական շահը չի պաշտպանում, դիրքերը մինչև այսօր, դատելով դեկտեմբերյան այդ դեպքից, փաստորեն լավ չեն պաշտպանվում և որ Հայաստանը պարտվողական մոտեցումներով թույլ է տալիս Ադրբեջանին անընդհատ նման հարձակումներ ձեռնարկել: Բայց այդ մեղքերը մեղք են նախևառաջ հայ ժողովրդի առջև և դրա համար հավասարեցնել զոհին դահճին՝ առնվազն անպարկեշտ է: Անթույլատրելի հայտարարություն էր դա:

ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությունն ինչպե՞ս կմեկնաբանեք: Արդյո՞ք արժանի պատասխան էր: 

– Նախ՝ ՀՀ ԱԳՆ պատասխան չի եղել: ԱԳ նախարարը ինչ-որ բաներ է ասել հայաստանյան մի լրատվական գործակալության և ընդամենը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ինչ-որ լրատվական գործակալության չէ, որ ուղղել են իրենց հայտարարությունը և հետո՝ վախվորած խոսքը սեփական խոհանոցում, որքան էլ որ հարևաններին ուղղված լինի՝ և հարևաններին այն պատուհանով լսելի լինի՝ իրականում թուլություն է արտացոլում և այդ առումով շատ ավելի լավ կլիներ, որ այդ հարցազրույցն ընդհանրապես չլիներ:

Անարժանապատիվ լռությունը հաճախ ավելի նախընտրելի է անարժանապատիվ ու մեղմիկ արձագանքներից: Բայց սա նորություն չէ: Պաշտոնական Երևանն այդ ե՞րբ է իրեն արժանապատիվ դրսևորել միջազգային հարաբերություններում: Կարծեմ մեկ անգամ միայն՝ երբ խզվեցին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս