Մայիսի 31-ից կալանքի տակ գտնվող Ժիրայր Սեֆիլյանի հետ համագործակցությամբ ապօրինի զենք, զինամթերք պահելու մեջ մեղադրվող Ներսես Պողոսյանի շահերի պաշտպանները պատասխանել են ՀՀ գլխավոր դատախազի այն հայտարարությանը, թե Ներսեսն հացադուլ անելով ցանկանում է արժանանալ ուշադրության և դա նրա իրավունքն է:
Պաշտպաններ Նինա Կարապետյանցի և Արայիկ Պապիկյանի հայտարարության մեջ ասվում է.
«ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը նշել է՝ «Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար, այդ թվում՝ նաև Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով»:
Փաստացի, ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Ներսեսը հացադուլ հայտարարել է «ուշադրության արժանանալու» համար, որը նրա «իրավունքն է»: Գլխավոր դատախազը չի անդրադարձել նրան, թե ինչո՞ւ է Ն. Պողոսյանը հացադուլ հայտարարել կամ ինչ գրավոր դիմում-պահանջ է ներկայացրել:
Եթե Ներսես Պողոսյանը ուշադրության արժանանալու ցանկություն ունենար, նա դա կարող էր կատարել սկսած 2016 թվականի մայիսի 31-ից, երբ նա ձերբակալվեց և հետագայում նաև կալանավորվեց:
Ինչ վերաբերում է նրան, որ ըստ ՀՀ Գլխավոր դատախազի Հայաստանում իրավունքի իրացման միջոցը ծայրահեղ քայլի՝ հացադուլի դիմելն է, ապա դա վկայում է, որ հասարակությունը փաստացի այն վիճակում է, երբ իրավունքների իրացումը քաղաքակիրթ և/կամ համակեցության ընդունված կանոններով Հայաստանում դարձել է դժվար կամ անհնար, և անձինք ստիպված դիմում են ծայրահեղ քայլերի: Իսկ իշխանության անունից հանդես եկող անձանց համար իրավունքի դրսևորման ծայրահեղ միջոցները ցավալիորեն դարձել են սովորական:
Գլխավոր դատախազի հայտարարությունից կարելի է ենթադրել, որ իրավունքի իրացման նպատակով անձանց ձեռնարկած ծայրահեղ միջոցները «նորմալ են», ինչը վկայում է, որ Հայաստանում մարդու արժանապատվության, իրավունքի և ազատությունների նկատմամբ հարգանքը բացակայում է ինստիտուցիոնալ մակարդակով:
Ի հավելումն նշվածի ցանկանում ենք վկայակոչել ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածը, որը կարծես թե ՀՀ քաղաքացի Ներսես Պողոսյանին վերաբերելի ՉԷ.
Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք»: