Նիկոլայ Բորդյուժայի՝ տարեվերջին արած աղմկահարույց հայտարարությունը, որից երկու օր անց նա հրաժեշտ տվեց պաշտոնին, հարուցեց ադրբեջանական կողմի հիստերիկ արձագանքը: Անգամ այդ երկրի նախագահը հունվարի 12-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում հայտարարեց, թե Բորդյուժան քաղաքական շատ մեծ սխալ թույլ տվեց՝ արտաբերելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն բառերը եւ արդյունքում «արժանացավ նման դառը ճակատագրի»: Արդյոք Բորդյուժայի հեռացումն իսկապես հետեւանք էր այդ հայտարարության, թե հակառակը՝ հեռացումը հենց պատճառն էր կամ առիթը այդպիսի դիրքորոշում հայտնելու, դժվար է միանշանակ ասել: Համենայն դեպս այդպիսով Մոսկվան միանգամից երկու նապաստակ խփեց. մի բան, որ մշտապես անում է Հայաստանի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները բալանսավորելիս:
Եվ այդ առումով բավականին ուշագրավ էր ՀԱՊԿ քարտուղարության՝ երեկ տարածած հայտարարությունը: Դրանում որպես հասցեատեր նշելով ԶԼՄ-ներին՝ «կուժ քեզ եմ ասում, կուլա դու հասկացիր» սկզբունքով հստակ ուղերձ էր ուղղված հենց նախագահ Իլհամ Ալիեւին. «Զանգվածային լրատվամիջոցները մեծ ուշադրություն են հատկացնում հայ-ադրբեջանական սահմանին 2016 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ Ն.Ն. Բորդյուժայի մեկնաբանությանը: ՀԱՊԿ քարտուղարությունը Ն.Ն. Բորդյուժայի մեկնաբանության էության պարզաբանումը ավելի վաղ տվել է, որտեղ ընդգծված ուշադրություն էր դարձվում այն բանին, որ Կազմակերպության գլխավոր քարտուղարը հատուկ անհանգստություն եւ լուրջ մտահոգություն է արտահայտել այն կապակցությամբ, որ զինված միջադեպը տեղի է ունեցել ՀԱՊԿ անդամ պետության սահմանին:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցին, պետք է նշենք, որ ՀԱՊԿ դիրքորոշումն արտացոլված է Կազմակերպության անդամ պետությունների հայտարարությունում, որը ընդունվել է 2016 թվականի հոկտեմբերի 14-ին Երեւանում՝ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում: Միաժամանակ անթույլատրելի ենք համարում Բորդյուժայի պաշտոնաթողությունը 2016 թվականի դեկտեմբերի 29¬ի միջադեպի վերաբերյալ մեկնաբանության հետ կապելը, քանի որ նրա՝ որպես ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, լիազորությունները լրացել են 2016 թվականի դեկտեմբերի 31¬ին՝ պետությունների ղեկավարների որոշմանը խստիվ համապատասխան»,- ընդգծված է հաղորդագրությունում:
Այսպիսով՝ որքան էլ որ ՀԱՊԿ-ը մշտապես աչքի է ընկել իր ոչ ադեկվատ դիրքորոշմամբ հայ-ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցերում, այս անգամ, կարծես թե, այդ կազմակերպությունում որոշել են ՀԱՊԿ-ի՝ որպես ռազմաքաղաքական գործուն դաշինքի հեղինակությունը դասել ավելի վեր, քան Ալիեւի նավթադոլարային գործընկերությունը: Մանավանդ որ նավթադոլարները սպառվում են, իսկ ՀԱՊԿ-ն էլ որպես ՆԱՏՕ-ի հակակշիռ ներկայացնելու հրամայականը ավելի սրվում: