Ադրբեջանը, միջազգային կառույցներում իր ունեցած բոլոր հնարավոր միջոցները օգտագործելով, Հայաստանի շահերին դեմ լուծումների է հասնում. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոտ երկու շաբաթ առաջ հայտնի դարձավ, որ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը կանգնած է փակման վտանգի առաջ, քանի որ անդամ պետությունների միջեւ առկա չէ կոնսենսուս՝ կառույցի դաշտային առաքելությունների ծրագրերի շուրջ: Պարզ ասած՝ Ադրբեջանը որոշել է տորպեդահարել ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեությունը՝ վետո դնելով տարբեր ծրագրերի բյուջեների վրա: Բանն այն է, որ ԵԱՀԿ-ում բոլոր ոոշումները կայացվում են 57 անդամների միջեւ բացարձակ կոնսենսուսի առկայության դեպքում միայն: Եվ ահա սեփական երկրում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությունը կասեցրած պաշտոնական Բաքուն հիմա էլ փորձում է հասնել Հայաստանում ԵԱՀԿ-ի գրասենյակի կողմից իրականացվող ծրագրերի չեղարկմանը: Անցնող օրերին հայկական դիվանագիտական շրջանակները բացի տեղեկացնելուց, որ խնդրի շուրջ քննարկումները շարունակվում են, կարծես թե այլ բան չէին անում: Փոխարենը՝ ԵԱՀԿ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դենիել Բաերը օրերս ելույթ էր ունեցել կազմակերպության մշտական խորհրդի նիստում՝ ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցին կոչ անելով հնարավորինս արագ լուծում տալ այս հարցին:

«Ավստրիայի նախագահության առաջիկա կարեւորագույն խնդիրներից մեկը առանձին երկրներում գործող բոլոր դաշտային առաքելությունների մանդատի վերաբերյալ համաձայնության ձեռքբերումն է»,- ասել էր ամերիկյան դեսպանը:
Եվ ահա երեկ ԵԱՀԿ գործող նախագահ Սեբաստիան Կուրցը «Մեդիամաքսին» տված հարցազրույցում հայտարարել է. «Մենք տեղյակ ենք դաշտային առաքելությունների խնդրի շուրջ ծավալված շահարկումներին եւ ենթադրություններին, եւ նման հետաքրքրությունը բնական է: Մենք գնահատում ենք ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի կարեւոր եւ արժեքավոր աշխատանքը եւ այն փակելու ծրագրեր կամ մտադրություններ չունենք»:

Ինչ խոսք՝ նման հայտարարությունը խիստ ողջունելի է եւ ուրախալի, բայց արդյոք այն նշանակում է, որ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի գործունեության շարունակության հարցը լուծված է: Հայաստանյան փորձագետներն առայժմ նման լավատեսության համար առավել հստակ հաստատում, քան ԵԱՀԿ ղեկավարության «մտադրություններն» են, չեն տեսնում եւ ուստի չեն բացառում, որ անկախ այդ «մտադրություններից» գրասենյակի հետագա գործունեության հարցը հնարավոր չլինի կարգավորել:

Այստեղ, սակայն, առավել էական է այն, թե ինչպես է Ադրբեջանին հաջողվում հետեւողականորեն՝ քայլ առ քայլ, միջազգային կառույցներում իր ունեցած բոլոր հնարավոր միջոցները օգտագործել՝ Հայաստանի շահերին դեմ լուծումների հասնելով: Մինչդեռ Հայաստանի դիվանագիտությունը երբեք չի օգտվում նման հնարավորություններից, ավելին՝ հաճախ ինքն է ստանձնում հակահայկական այդ որոշումների հեղինակների համար արդարացումներ ներկայացնելու գործը:




Լրահոս