Ով-ով, ՀՀԿ-ում չպետք է խոսեն «մեկ օրում» կատարված փոփոխություններից. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20 տարի շարունակ իշխանության առանցքային պաշտոնները զբաղեցրած անձը չի կարող մեկ օրում դառնալ արմատական ընդդիմություն: Այս մասին «Ազատությանն» հետ զրույցում ասել է ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի վերջին ընդդիմադիր հայտարարություններին: Բաղդասարյանը փորձել է հիմնավորել իր պնդումը՝ նշելով, թե. «Արմատական ընդդիմությունը ծնվում է տարիների ընթացքում եւ գաղափարական է լինում։ Ես չեմ կարծում, որ մեկ շաբաթում, մեկ ամսում գաղափարներ կարող են փոխել եւ լինել նոր ինչ-որ քաղաքական գաղափարներ կրող քաղաքական գործիչներ»:

Անկեղծ ասած՝ նորմալ քաղաքական մշակույթ ունեցող երկրի համար Բաղդասարյանի պնդումները, թերեւս, ճիշտ են: Նման մշակույթում ապրող հանրության համար ընկալելի չէ, երբ մարդը, ով տարիներ շարունակ բարձր պաշտոններ է զբաղեցնում եւ երբեւէ չի ընդդիմանում իշխող ուժի վարած քաղաքականությանը, մեկեն հագնում է արմատական ընդդիմադիրի պատմուճանը: Սակայն մեր հանրությունն այս առումով, մեղմ ասած, բազմաչարչար է եւ անցած տարիների ընթացքում քաղաքական այնպիսի այլասերված վայրիվերումների է ականատես եղել, որ ՀՀԿ խմբակցության ղեկավարի զարմանքն անհասկանալի է: Իսկ եթե հիշենք, որ այդ վայրիվերումները հենց Հանրապետական կուսակցության ղեկավարների մշակած սցենարներով են իրականացվել, ապա Բաղդասարյանի զարմանքն ուղղակի կարելի է շինծու համարել:

Օրինակ՝ ինչու է Բաղդասարանը անհնար համարում «մեկ օրում» ընդդիմադիր դառնալը, երբ նրա կուսակցապետի բնորոշած «հաճախորդները», որոնց նա անվանում էր «դհոլ» կամ «իդիոտ», հենց «մեկ օրում» դարձան Սերժ Ազատիչի ամենաջերմեռանդ երկրպագուները: Ինչու է զարմանում Բաղդասարյանը, երբ նրա կուսակցապետը, բառիս ուղիղ իմաստով, մեկ օրում Գագիկ Ծառուկյան «քաղաքական դերակատարին» հեռացրեց ասպարեզից, եւ այդ գործընթացից ոգեւորված ՀՀԿ-ականները, փորձելով հնարավորինս շատ սիրաշահել իրենց ղեկավարին, հանդես եկան այնպիսի բնորոշումներով, ասես երբեք չէին եղել նույն Ծառուկյանի գործընկերը, միասին հաց չէին կիսել եւ ճամփա չէին անցել: Եվ այսօր էլ, երբ դարձյալ որոշվեց, որ Ծառուկյանը վերադառնում է, այդ նույն ՀՀԿ-ականները «մեկ օրում» մոռացան իրենց տված բնորոշումները եւ հայտարարեցին, թե «դրական են գնահատում Ծառուկյանի վերադարձը»:

Ով-ով, ՀՀԿ-ում չպետք է խոսեն «մեկ օրում» կատարված փոփոխություններից. Հանրապետություն բլոկից 90-ականներին «մեկ օրում» «երկրապահ» դարձած, 4 տարի ԵՄ հետ բանակցող թունդ եվրոպամետ ուժից «մեկ գիշերում» Եվրասիական միության ջատագով դարձած ուժի ներկայացուցիչները լավ կլինի՝ առհասարակ չխոսեն «գաղափարների փոփոխության» մասին:




Լրահոս