ՀԱՊԿ-ՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՊԱՐԶԱՊԵՍ ԱՐՀԱՄԱՐՀՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնի այն ժամանակ, երբ այդ կազմակերպությունում լինի կոնսենսուս. լրագրողների հետ ճեպազրույցում երեկ նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը: Հիշեցնենք` ՀՀ ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետք է նշանակվեր դեռ նախորդ տարվանից, բայց այդ որոշումն անընդհատ հետաձգվում է:

«Ընդունվել է որոշում, համաձայն որի` ՀԱՊԿ-ում արդեն գլխավոր քարտուղարի պաշտոնը պետք է ռոտացիոն կարգով փոխարինվի: Եվ բնական է, որ եթե ռոտացիան ուժի մեջ է մտնում, ապա առաջին պետությունը, համաձայն ռուսական այբուբենի, Հայաստանն է: Այդ որոշումը կայացվել էր: Նախորդ տարի նաեւ արձանագրվել էր, որ ռոտացիան պետք է ուժի մեջ մտնի այս տարվա հունվարի 1-ից, եւ բնական է՝ պետք է Հայաստանի ներկայացուցիչը լիներ,- ասել է Քոչարյանը` հավելելով,- ամսի 1-ից ոչ թե նոր գլխավոր քարտուղար կա, այլ ընդամենը պաշտոնակատար է դարձել գլխավոր քարտուղարի տեղակալը, որովհետեւ արդեն կար որոշում, համաձայն որի՝ չէր կարող Բորդյուժան մնալ գլխավոր քարտուղար: Եվ մոտակա գագաթնաժողովը պետք է այդ հարցում հստակեցում մտցներ: Իսկ այդ տեղը Հայաստանինն է, եւ հենց որ եղավ այդ հավաքը եւ կոնսենսուսային որոշումը, կլինի Հայաստանի ներկայացուցիչը»: Իսկ հարցին, թե արդյոք ճիշտ են լուրերը, որ Ղազախստանը եւ Բելառուսը ընդդիմանում են Հայաստանի թեկնածուին, փոխնախարարը պատասխանել է. «Միշտ չէ, որ մամուլում հրապարակվող տեղեկությունները համապատասխանում են իրականությանը: Ես միայն մի բան կարող եմ ասել՝ Ղազախստանը այդ հարցում երբեւիցե խոչընդոտ չի առաջացրել: Բելառուսի նախագահի բացակայությունը նախորդ համաժողովին առաջացրեց այդ խնդիրը»:
Հատկանշական է, սակայն, մեկ հանգամանք. ըստ Շավարշ Քոչարյանի` ռոտացիան պետք է ուժի մեջ մտնի 2017թ. հունվարի 1-ից, այսինքն` Հայաստանի ներկայացուցիչը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը կարող է ստանձնել միայն այս տարվանից: Մինչդեռ իրականում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցիչը պետք է նշանակվեր դեռ նախորդ տարի, պարզապես ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները պարբերաբար խոչընդոտներ են ստեղծել, եւ Հայաստանի ներկայացուցչի նշանակման որոշումը պարբերաբար հետաձգվել է, ու հիմա փորձ է արվում գոնե այսկերպ արդարացնել կատարվածը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում ՀՀ ներկայացուցչի նշանակման հարցը նախատեսված էր դեռ 2015թ. դեկտեմբերին: Սակայն ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները հրաժարվել են այդ որոշումն ընդունելուց: Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ ՀԱՊԿ խորհրդի նիստում գագաթնաժողովի մասնակիցները հրաժարվել են Հայաստանի ներկայացուցչին ՀԱՊԿ-ի նոր գլխավոր քարտուղար դարձնելու մտադրությունից, այդ քայլը մեկնաբանելով, թե այսպիսի նշանակումը ներկա պահին կարող է ընկալվել որպես ալյանսի՝ Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու ցանկություն, ինչը անդամ երկրները չեն ցանկանում։ Որոշվել էր այդ հարցը քննարկել ավելի ուշ: Նախորդ տարվա հոկտեմբերի 14-ին, երբ Երեւանում անցկացվեց ՀԱՊԿ նստաշրջանը, կրկին որոշումը հետաձգվեց. արդեն Սերժ Սարգսյանն էր հայտարարել. «Ցանկանում եմ նաեւ տեղեկացնել, որ սեղմ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը կքննարկենք տարվա վերջին, Սանկտ Պետերբուրգում»: Բայց դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում կայացած նիստում եւս Հայաստանի ներկայացուցչի նշանակման հարցը չորոշվեց: Այն ժամանակ որպես պատճառաբանություն ներկայացվեց Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի բացակայությունը: «Բելառուսի նախագահի բացակայության եւ դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչեւ հաջորդ տարվա ապրիլին կայանալիք կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջան»,- ասված էր պաշտոնական հաղորդագրության մեջ:
Իրականում, սակայն, պարզ է, որ այս որոշման հետաձգման պատճառները միանգամայն ուրիշ են. ՀԱՊԿ-ում գնալով նվազում է Հայաստանի դերն ու ազդեցությունը, եւ սա Սերժ Սարգսյանի վարած ապաշնորհ արտաքին քաղաքականության հետեւանքով:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ

 

 

 
ՏԱՎՈՒՇՑԻՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻ ՉԷ
«ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը ստեղծվել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի կողմից: Օ-Դը-Սենի գլխավոր խորհրդի դեպարտամենտի աջակցությունն ուղղված է Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանը, աշխատատեղերի ստեղծմանը, Տավուշի սահմանագոտու բնակիչների կենսամակարդակի բարելավմանը: Տավուշի բնակիչները, սակայն, դժգոհ են, որ «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի արտադրած կաթնամթերքը Տավուշի մարզում չի վաճառվում: «ՀիմնաՏավուշ»-ի Իջեւանի ֆիրմային խանութը գործել է 2015թ. մարտի վերջից: Այն իջեւանցիների շրջանում բարի համբավ ուներ, օրական 100 հազար դրամի կաթնամթերք էր վաճառում: 2016թ. հիմնադրամի Իջեւանի խանութը փակվել է: Նշենք, որ «ՀիմնաՏավուշ» հիմնադրամը Տավուշի մարզի անասնապահական տնտեսություններից կաթ չի ընդունում: Այս տարեմուտին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ասուլիսի ժամանակ լրագրողները հարց բարձրացրին, որ այդ հիմնադրամն իր արտադրած պանիրը Տավուշի մարզում չի վաճառում, առաքում է Ռուսաստան, բացի այդ՝ հիմնադրամի գործունեությունը լրատվամիջոցների համար թափանցիկ չէ: Տավուշի մարզպետն ասաց, որ 2016թ. ընթացքում հիմնադրամը 120 հազար եվրո է ծախսել դեպի սարեր հեռագնա արոտավայրեր տանող ճանապարհներ կառուցելու համար, որպեսզի հիմնադրամին պատկանող խոշոր եղջերավոր անասունները կարողանան սարեր տեղափոխել: Բացի այդ՝ «ՀիմնաՏավուշ»-ը փոքր ֆերմաներ ստեղծելու ծրագրի շրջանակներում 2016թ. Կողբ եւ Բարեկամավան գյուղերում անասնագոմեր է ստեղծել՝ 170 հազար դոլար ծախսելով: Նշենք, որ 2016թ. հուլիսին «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամի Լուսաձորի անասնապահական ֆերմայի տարածքում հորելով ոչնչացրել են 3,5 տոննա պանիր: «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի կողմից ստեղծված «ԷկոՏավուշ» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Գեւորգյանը «Ժողովուրդ»-ին հայտնել է, որ այդ պանիրը կարող էր վտանգ ներկայացնել սպառողների առողջությանը: Հավելենք, որ Իջեւանի տարածաշրջանի Դիտավանի նախկին գյուղապետ Սեյրան Սարգսյանը եւ նրա 3 համագյուղացիներ 2013 թվականից դատի մեջ են «ՀիմնաՏավուշ» հիմնադրամի հետ: Վնասի փոխահատուցման պահանջով հիմնադրամի դեմ դիտավանցիների հայցը վերաբերում է 2012թ. Դիտավանում ցանված 10 հա եգիպտացորենին, որից ստացված սիլոսը պետք է օգտագործվեր հիմնադրամի կողմից Լուսաձոր գյուղում հիմնված տոհմային անասնապահական ֆերմայի կովերին կերակրելու համար: Հիմնադրամը եգիպտացորեն ցանելու համար դիտավանցիներին կանխավճար է տվել: Ըստ պայմանագրի՝ «ՀիմնաՏավուշ»-ը հնձի շրջանում պետք է ապահովեր տեխնիկայով, ինչը չի արվել: Դրա պատճառով եգիտացորենը գերհասունացել է եւ քիչ բերք է ստացվել:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ

 

 

 
ՉՈՐՍ ՏԱՐԻ ԱՆՑ ՎԱՆԵՔՈՒՄ ԵՐԵԽԱ ԿԾՆՎԻ

ՀՀ Սյունիքի մարզի 12 ընտանիք ունեցող Վանեք գյուղում մոտ մեկ ամիս անց կլսվի նորածնի ճիչ: Սա շատ կարեւոր իրադարձություն է գյուղի համար, քանի որ Վանեքում 4 տարի առաջ է երեխա ծնվել: Գյուղապետ Սամվել Առաքելյանի խոսքերով՝ գյուղը ծերացող է համարվում: Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց Սամվել Առաքելյանի հետ:

-Պարո՛ն Առաքելյան, Վանեքը քանի՞ բնակիչ ունի:
-Գյուղում այս պահին 12 ընտանիք է ապրում: Շատերն էլ ձմռան ամիսներին գյուղից գնում են: Բայց մյուսները փայտով են իրենց տները ջեռուցում, անտառը մոտ է գյուղին, այնտեղից էլ բերում են փայտ:
-Վանեքում դպրոց կա՞:
-Դպրոց չունենք, իսկ գյուղի երեխաները հաճախում են հարեւան գյուղի դպրոց, որը մեզ ավելի մոտ է: Աշակերտները 6-ն են, որոնց թիվը տարիների ընթացքում նվազել է: Ծերացող գյուղ է համարվում: Չորս տարի առաջ է գյուղում երեխա ծնվել: Բայց մոտ մեկ ամիս հետո նորածին կունենանք գյուղում:
-Պարո՛ն Առաքելյան, վանեքցիները հետաքրքրվա՞ծ են խորհրդարանական ընտրություններով:
-Այս ընթացքում այդքան էլ հետաքրքրված չեն: Մեկ-մեկ պատահում է, որ գալիս են, հետաքրքրվում են, թե ինչ է լինելու: Գրեթե բոլորին հետաքրքրում է քվեարկության կարգը: Պարապ ժամանակ, որ նստում ենք գյուղի «բիսետկայում», գալիս են ու այդ ժամանակ են հարցեր տալիս:
-Շրջանառվող լուրերի համաձայն՝ այս ընթացքում Սյունիքի մարզում նախընտրական մթնոլորտը թեժ է..
-Սյունիքը միշտ էլ թասիբով է եղել, միշտ էլ թասիբը պահում է…
-Դուք ՀՀԿ-ական եք, ո՞ւմ թեկնածությունն եք պաշտպանելու:
-Չգիտեմ…
-Ակտիվ լուրեր են շրջանառվում այն մասին, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նույնպես առաջադրելու է իր թեկնածությունը: Եթե հաստատվի դա, կաջակցե՞ք նրան:
-Այ, չգիտեմ, չեմ կարող հիմա ասել այդ մասին:

Զրուցեց ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ

 

 

ՀԱՆԴԻՊԵԼ ԵՎ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ հանդիպել է ՀՀ-ում Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադիին եւ քննարկել Իրանից դեպի Եվրոպա ու հակառակ ուղղությամբ մուլտիմոդալ փոխադրումների (բեռնափոխադրման շղթա` մի քանի տեսակի փոխադրամիջոցների ներգրավմամբ) ծրագիրը: Ընդ որում, այդ հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն: Այս հանդիպումն անուղղակի կերպով վկայում է այն մասին, որ իշխանությունները վերջնականապես ձեռք են քաշել Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագրից, որի մասին խոսում էին 2008թ. սկսած, եւ հիմա իրենք պատրաստվում են Վրաստանից բեռնափոխադրումը երկաթուղով իրականացնել մինչեւ Երաս կայարան, որից հետո մեքենաներով այն տանելու են Իրան:




Լրահոս