Հարց քաղաքացիներից` ավանդները ստանալու համար որտե՞ղ են գրանցվում և ո՞ւմ կողմից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Օրերս հանրապետական ռադիոյով լսեցի այսպիսի լուր, որ զանգահարողի տատիկը 100 տարեկան է, եւ խնայբանկում նրա թողած սովետական ավանդները չեն փոխհատուցվում: Նրան պատասխանեցին, որ նա նախօրոք չի գրանցվել, եւ խնայբանկի գրքույկները կնքված չեն: Ես 80 տարեկան եմ, ունեմ ավանդ, եւ իմ գրքույկը կնքված չէ, ես նույնպես գրանցված չեմ: Խնդրում եմ ասեք՝ որտե՞ղ են գրանցվում եւ ո՞ւմ կողմից:

Արուսյակ Վարդանյան (80 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների փոխհատուցման գործընթացը կարգավորվում է «Հայաստանի Հանրապետության 2016թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանված նորմերին համապատասխան:
Սահմանված է, որ փոխհատուցումը տրամադրվում է «Հայաստանի Հանրապետության 2006 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 8 հավելվածի 4-րդ կետով սահմանված սանդղակին համապատասխան՝ մինչեւ 1931թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված եւ ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների մասնակից եւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող՝ ՀՀ սահմանամերձ համայնքներում 2014թ. օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց:

Կարգի 4-րդ կետի համաձայն՝ փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող ավանդատուները հաշվառման նպատակով իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային բաժին (գործակալություն) անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով ներկայացնում են դիմում՝ համաձայն ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի N 460-Ն որոշման N 2 հավելվածի, եւ հետեւյալ փաստաթղթերը՝

1) անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ.
2) ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին (այսուհետ՝ հանրային ծառայությունների համարանիշ).
3) ավանդատուի խնայողական գրքույկը, ինչպես նաեւ դրա լուսապատճենը՝ գրքույկի առաջին էջի (պարունակում է մասնաճյուղի համարը, բաժանմունքի գտնվելու վայրը, հաշվեհամարը, ավանդատուի անունը, ազգանունը, հայրանունը, մասնաճյուղի կնիքը եւ պաշտոնատար անձի ստորագրությունը) եւ 1993թ. հունիսի 10-ի դրությամբ մնացորդի էջերի մասով.
4) տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից (ավանդային հաշիվն սպասարկող մասնաճյուղի կառավարչի կողմից ստորագրված եւ մասնաճյուղի կնիքով կնքված) ավանդատուի (նաեւ մահացած ամուսնու) բանկային հաշվի քարտում 1993թ. հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին.
Ըստ անհրաժեշտության, ներկայացվում են նաեւ այլ փաստաթղթեր:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ավանդատուների հաշվառման, ինչպես նաեւ փոխհատուցման վճարման կազմակերպման աշխատանքներն իրականացնում են համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնները կամ սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային մարմինները:




Լրահոս