Ապահովվեց ֆորմալ նվազագույնը. և՛ տեսախցիկները կներդրվեն, և՛ ՀՀ կառավարությունը դրա համար փող կտա, սակայն իրականությունը կմնա նույնը. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա ընտրություններում տեխնիկական միջոցների ներդրման հանձնաժողովը, որը բաղկացած է իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչներից, երեկ հրավիրած նիստում հանգել է փոխզիջումային տարբերակի, համաձայն որի՝ թեեւ ոչ բոլոր ընտրատեղամասերում եւ ոչ անհրաժեշտ քանակով, սակայն տեսախցիկներ, այնուամենայնիվ, կտեղադրվեն: Թե կոնկրետ քանի տեսախցիկ կլինի, եւ ինչպես են ընտրվելու ընտրատեղամասերը, առայժմ հայտնի չէ, քանի որ հանձնաժողովի աշխատանքն ավարտվեց երեկ ուշ երեկոյան: Ըստ ամենայնի, այդ մանրամասները հայտնի կդառնան արդեն այսօր: Իսկ մինչ այդ նման հանգուցալուծումը, թերեւս, կարելի է հաջողություն համարել՝ նկատի առնելով այն, որ տեսախցիկների տեղադրման գործընթացն առհասարակ տապալման եզրին էր:

Հիշեցնենք, որ անցած հունիսին 4+4+4 ձեւաչափով կայացած համաձայնությունը ենթադրում էր ընտրական գործընթացի թափանցիկության ապահովման շատ ավելի գործուն մեխանիզմներ, սական ինչպես եւ սպասվում էր՝ դրանք կյանքի չկոչվեցին, քանի որ իշխանություններն ամբողջ 2 ամիս ժամանակ ձգելով՝ ի վերջո հայտարարեցին, որ դրանց ներդրումն անհնար է ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Մինչ այդ, սակայն, նկատենք, որ ԵՄ ներկայացուցիչները հասցրել էին ողջունել ՀՀ իշխանությունների այդ «պատմական համաձայնությունը»՝ չմտածելով, որ նման հանգուցալուծում կարող է լինել:
Խորը հիասթափությունը հաղթահարելով՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին նոր լավատեսությամբ ողջունեց արդեն նոր՝ սեպտեմբերի 13-ին կայացած համաձայնությունը իշխանության եւ ԱԺ ընդդիմադիր ուժերի միջեւ:

Ուշագրավ է, որ նա բացառեց նախորդ փորձի կրկնությունը՝ հայտարարելով. «Դա շատ վատ կազդի ՀՀ-ի հեղինակության վրա, որովհետեւ կարծում եմ, որ այս անգամ համաձայնագրի տեխնիկական, ֆինանսական եւ այլ կողմերը ապահով են այն իմաստով, որ կարող ենք վստահ լինել, որ այս համաձայնագիրն իրագործելի է»: Սակայն արդեն նախօրեին հրավիրած ասուլիսում դիվանագետը նուրբ հեգնանքով մի քանի անգամ շնորհակալություն հայտնեց ՀՀ-ի իշխանություններին՝ այդ գործընթացում առավելագույն ջանքեր ներդնելու համար՝ միեւնույն ժամանակ նկատելով, որ տեխնիկական միջոցների համար ԵՄ հատկացրած 7 մլն դոլարի աջակցությունը ՀՀ կառավարությունը պետք է որ դիտարկի որպես ԵՄ կողմից արված նվիրատվություն, որը ազատվում է ԱԱՀ-ից: Այդ դեպքում տեսախցիկների ներդրման խնդիրն ամբողջության հնարավոր կլիներ լուծել:

ՀՀ կառավարությունը, սակայն, չգնաց դրան. փոխարենը երեկ հաղորդվեց, որ այս ծրագրին կհատկացնի ԱԱՀ չափով գումար: Ասել է թե՝ ապահովվեց ֆորմալ նվազագույնը. ե՛ւ տեսախցիկները կներդրվեն, ե՛ւ ՀՀ կառավարությունը դրա համար փող կտա: Իսկ այն, որ իրականում տեսախցիկների մեխանիզմը լիարժեք չի լինի, իսկ կառավարության հատկացրած գումարն էլ ընդամենը ԱԱՀ-ի փոխհատուցումն է, ֆորմալ մակարդակում չի արձանագրվի:




Լրահոս