Ինչ խնդիրներ ունեն ՍԴՀԿ-ն և ՀՌԱԿ-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի «Ռամկավար ազատական կուսակցությունը» բանակցություններ է վարում տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում նաեւ քաղաքականություն վերադարձած Գագիկ Ծառուկյանի հետ՝ «Ծառուկյան» դաշինքին միանալու համար: Նույն դաշինքին է արդեն միացել «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան» կուսակցությունը:

Հետաքրքիր է, թե ինչպես են պատկերացնում այս երկու ուժերն իրենց համագործակցությունը՝ հաշվի առնելով առկա տարաձայնությունները: «Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը ՀՌԱԿ ատենապետ Հակոբ Ավետիքյանն է:

-Պարո՛ն Ավետիքյան, հայտարարել եք, որ բանակցություններ եք վարում «Ծառուկյան» դաշինքի հետ: Ինչո՞ւ հենց «Ծառուկյան» դաշինք:

-Ոչ միայն «Ծառուկյան» դաշինք: Շփումների մեջ ենք տարբեր կազմակերպությունների հետ: Նայում ենք՝ ինչ են անում, ինչպիսին են յուրաքանչյուրի հնարավորությունները, այդ թվում նաեւ «Ծառուկյան» դաշինքի կարելիությունները, հնարավորությունները: Հիմա այս ամբողջը իմի ենք բերելու, ուրբաթ օրը՝ մեր վարչության ամբողջական նիստի ժամանակ, պետք է իմի բերենք՝ այս մեկը այսպես է անում, այն մեկը այնպես է անում, մենք ինչ պետք է անենք, դա պետք է որոշվի:

Մեր կուսակցությունը մարդ-կուսակցություն չէ, երկու հոգանոց կուսակցություն չէ, եւ մենք, քանի որ կոչվում ենք ե՛ւ դեմոկրատ, ե՛ւ լիբերալ, ուրեմն նաեւ առաջինը պետք է հարգենք այդ ամբողջը: Դա իմ ցանկությամբ չէ միայն, իհարկե, ես որպես ատենապետ պետք է վարչության անդամներին ներկայացնեմ ամեն ինչ: Վերջնական որոշումը պետք է վարչությունը կայացնի մեծամասնության ձայնով:

-Այնուամենայնիվ, այս պահին ո՞ր քաղաքական ուժի հետ եք հակված դաշինք կազմել:

-Ասեմ, որ այնքան էլ հեշտ չէ դա, քանի որ տեսնում ենք, որ յուրաքանչյուր ուժ ունի իր առավելությունները, իր թերություններն էլ: Ամբողջ սրտով մի դաշինքի մաս կազմելու խնդիր չեմ տեսնում այս պահին: Ասենք՝ «Ծառուկյան» դաշինքի մասին ես ասել եմ, որ այնտեղ տարբեր գաղափարախոսական ուժեր կան:

-Որեւէ դաշինքի հետ համագործակցության դեպքում չի՞ լինում գաղափարական միասնություն…

-Չի լինում: Ինչքան որ մենք հանդիպումներ ունեցանք, տարբեր մտածողության, տարբեր գաղափարախոսության կրողներից բաղկացած խմբավորումներ են:

-Այդ դեպքում ինչպե՞ս եք պատկերացնում համագործակցությունը տարբեր գաղափներ ունեցող ուժերի հետ:

-Ես չեմ խոսում մեր կուսակցության մասին, ընդհանրապես եմ խոսում, ուրեմն ինձ մի մեջբերեք ՀՌԱԿ-ի խոսք ասող, այստեղ ես խոսում եմ որպես անհատ, լրագրող, չգիտեմ՝ քաղաքական գործերին որոշակիորեն ծանոթ մարդ: Եթե գաղափարախոսական նույնություն չկա կամ նմանություն, մոտիկություն, կնշանակի դուռը բաց են թողնում այդ խմբավորումները գործնամտության առաջ: Եւ սա լավ կյանքից չէ:

Ավելի ճիշտ կլիներ, որ գաղափարախոսական նույնականություն լիներ, չկա: Եւ սա ասեմ ոչ միայն այս նորակազմ դաշինքների մասին: Բոլորը ասում են՝ զարգացնենք Հայաստանը, տնտեսությունը այսպես լինի, վերացնենք աղքատությունը, ո՞վ չի ասում, բոլորը առանց բացառության նույնն են ասում, դա գաղափարախոսություն չէ: Թե ոնց պետք է անել այդ ամբողջը՝ այ, դա է:

-Ո՞ր քաղաքական ուժին եք Ձեզ գաղափարակից համարում:

-Մեզ գաղափարակից ավելի շատ մարդիկ են, քան կուսակցություններ:

-Հնարավոր է՝ միանաք «Ծառուկյան» դաշինքին, բայց չէ որ այդ դաշինքին է միացել «Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը», որի հետ ՀՌԱԿ-ը տարաձայնություններ է ունեցել:

-Մենք տարաձայնություններ չունենք, բացարձակապես սխալ է: ՍԴՀԿ-ի հետ մենք ունենք երկար տարիների /սփյուռքի մասին է խոսքը/ համագործակցություն, բայց գաղափարապես նույնական չենք, բացարձակապես: Հենց «Ռամկավար ազատական կուսակցության» 21 թվականի կազմության մեջ վերակազմյալ հնչակյաններ կային:

Ինչու բաժանվեցին մայր կուսակցությունից, ասացին՝ սոցիալիզմի ժամանակը չէ: Ազատագրենք Հայաստանը, որից հետո կմտածենք՝ ինչ գաղափարախոսություն ունենանք, դրանք էլ գործնական մարդիկ էին, նրանց հետ ոչ մի խնդիր չունենք, ուղղակի տարբեր են գաղափարախոսությունները:

-Կարծում եմ՝ նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ երկար ժամանակ ՀՌԱԿ-ը հովանավորել է Արա Աբրահամյանը, այնուհետեւ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը: Արդյո՞ք կուսակցությունն այլեւս հովանավոր չունենալու հետեւանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով է որոշել ընտրություններին դաշինքով մասնակցել:

-Ձեր հարցին այսպես պատասխանեմ. կուսակցությունն այսօր առանձին ներկայանալու հնարավորություններ չունի: Այսինքն՝ դա նշանակում է հարյուր հազար ձայն բերել: Այդ հնարավորությունը չունի: Իսկ ժամանակին, երբ Արա Աբրահամյանը օգնել է, մենք այդ ժամանակ բավական ուժեղ էինք եւ կարողացանք /եթե մեր հավաքած ձայները կուլ չտային/ նվաճել ինչ-որ բան: Իսկ ինչ վերաբերում է Տիգրան Սարգսյանին, մեզ բացարձակապես նյութական եւ այլ կարգի օգնություն չի տվել:

Նա անընդհատ քաջալերել է կուսակցության գործունեությունը այն ուղղությամբ, որ կուսակցությունը մեկ միավոր կազմի՝ նկատի ունենալով հատկապես սփյուռքը: Այսինքն՝ սփյուռքում պետք է լինի ուժեղ եւ իր գործնական դերը կատարի ամբողջ հանրության համախմբման գործում, սա է եղել իր կեցվածքը, որն ինձ համար շատ-շատ ընդունելի գաղափար է:

Վահագն Հակոբյան




Լրահոս