Երթուղի սպասարկող ընկերությունը սնանկացել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի՝ նոյեմբերի 23-ի վճռով սնանկ է ճանաչվել «Ասկեր Յունիոն» ընկերությունը: Պատճառը հարկային պարտավորություններն են: Տեղեկացնենք, որ այս գործով պարտատերերի առաջին ժողովը նշանակված է այս տարվա մարտի 6-ին: Եւ չնայած սրան՝ նշված ընկերությունը սպասարկում է 80 համարի միկրոավտոբուսային երթուղին:

Նշենք, որ ՀՀ պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության նկատմամբ կիրառված են սահմանափակումներ: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ»-ը զրուցեց «Ասկեր Յունիոն» ընկերության տնօրեն Վլադիմիր Բազայանի հետ: Վերջինս մեզ տեղեկացրեց, որ ընկերության հարկային պարտավորությունները կազմում են 6 մլն դրամ: «Բայց դրա 3.5 մլն դրամը վճարել եմ, եւ մնացել է 2.5 մլն դրամ պարտք: Առաջիկա օրերի ընթացքում պետք է այն վճարեմ: Ես ընկերության սնանկ ճանաչվելու մասին որոշման ծանուցումը դեռ չեմ ստացել: Բայց հարկային մարմինների հետ արդեն իսկ պայմանավորվածույթուն եմ ձեռք բերել, որ առաջիկա օրերի ընթացքում պետք է վճարեմ պարտքի մնացորդը: Ամեն դեպքում, խնդիրը կկարգավորվի»,- հանգիստ տոնով հայտարարեց Բազայանը:

Տեղեկացնենք, որ 80 համարի երթուղու գործունեությունից Վարդաշենի բնակիչները պարբերաբար են դժգոհում: Բանն այն է, որ նրանք պնդում են, որ 80 համարի երթուղին չի պահպանում մեկնման եւ ժամանման ժամանակը: Ինչի արդյունքում 80 համարի երթուղին սպասարկող «Ասկեր Յունիոն»-ի ղեկավարությանը «Երեւանտրանս» ընկերության կողմից պարբերաբար զգուշացվել է եւ նրանց հանձնարարվել ապահովել երթուղու սպասարկման համար անհրաժեշտ շարժակազմի թվաքանակը եւ կանոնավոր սպասարկումը՝ սահմանված չվացուցակներին համապատասխան: Ավելին՝ «Երեւանտրանս» ՓԲԸ-ի կողմից երթուղու աշխատանքը վերցված է հսկողության տակ:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ




Լրահոս