Որքանո՞վ է արդարացված Ճարտարապետների պալատի գոյությունը. արդյոք այն որոշիչ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2016 թվականի դեկտեմբերի 1-ին կառավարությունը հավանություն տվեց Ճարտարապետական գործունեության մասին օրենքի նախագծին, որի ընդունմամբ կստեղծվի Հայաստանի ճարտարապետների պալատ: «Ժողովուրդ»-ը ճարտարապետների միության վարչության անդամ Սաշուր Քալաշյանի հետ զրուցել է ճարտարապետների պալատի գործառույթների, դրա գործունեության ռիսկային կողմերի մասին:

-Պարո՛ն Քալաշյան, ավելի վաղ նշվել է, որ տվյալ օրենքը կարգավորելու է նաեւ ճարտարապետների հարաբերությունները կառուցապատողների հետ: Ինչպե՞ս եք դա պատկերացնում:

-Խնդիրը վերաբերում է քաղաքաշինական ծրագրերին, փաստաթղթերին, պահանջներին: Կառուցապատողը կարող է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթին ծանոթ չլինել: Այդ դեպքում ճարտարապետը պետք է ուղղորդի նրան, հասկացնի, բացատրի` որն է քաղաքաշինական պահանջը, որպեսզի կողմերը գան ընդհանուր եզրակացության:

-Եթե կառուցապատողը կամ նրա թիկունքում կանգնած անձը, օրինակ, օլիգարխ է, որը ցանկանում է քանդել կամ վնասել պատմամշակութային արժեք ունեցող կառույց եւ դրա տեղում, ասենք, հյուրանոց կառուցել: Ճարտարապետը, որն արդեն ճարտարապետների պալատի անդամ է, կարո՞ղ է միջամտել, որպեսզի դա չիրականանա, թե՞ ոչ:

-Քաղաքակիրթ երկրներում բոլոր կարգի քաղաքաշինական խնդիրները նախապես ծրագրավորված են, մեզ մոտ` ոչ (կամ թերի են ծրագրավորված, պայմանները հստակ չեն): Որեւէ հուշարձանի հետ վարվելու պայմանները որեւէ տեղ գրառված չեն: Մինչդեռ օրենքը պահանջում է, որ ամեն հուշարձան ունենա անձնագիր, որ դրա մեջ գրված լինեն սեփականտիրոջ իրավունքներն ու պարտավորությունները:

-Օրինակ` հուշարձանը վնասելու դեպքում սեփականատերը տուգանվի, այո՞:

-Համապատասխան օրենք ունենք, որը սահմանում է տուգանքի չափ: Բայց այդ ամենը այնքան պայմանական է, որ ամեն խախտող պատրաստ է մի քանի անգամ վճարել այդ գումարը եւ դրանով պրծնել: Օրենքն էլ ասում է, որ նույն խախտման համար եթե մեկը երկու անգամ պատժվել է, երրորդ անգամ նրա դեմ գործ հարուցելու իրավունք չկա: Այսինքն` օրենսդրական դաշտը թերի է:

-Հիմա իրավիճակն այնպիսին է, որ պետությունը չի կազմել այդ անձնագրերը: Ուրեմն` ի՞նչ պետք է անի ճարտարապետը:

-Այս հարցը հիմա մեզ մոտ կարգավորվում է մշակույթի նախարարության կողմից: Ճարտարապետը, նախագծողը պետք է գնա նախարարություն, որտեղ պետք է հատուկ տվյալ շենքի համար առաջադրանք գրվի: Այսինքն՝ ճարտարապետը պետք է գրություն թողնի այն մասին, որ տվյալ օբյեկտը պատմամշակութային հուշարձան է, հարցնի` կարելի է հյուրանոց սարքել, թե չէ:

-Այսինքն` որոշողը մշակույթի նախարարությու՞նն է:

-Այո՛, սեփականատերը չի:

-Բայց ճարտարապետն էլ չի:

-Ո՛չ:

-Այդ դեպքում մշակույթի նախարարությունը կարող է ֆորմալ կերպով արգելք դնել, բայց շինարարությունը, այնուամենայնիվ, իրականացվի, ինչպես դա եղավ Փակ շուկայի պարագայում:

-Այդպես է ստացվում:

-Բայց եթե ճարտարապետն ի զորու չէ իրավիճակ փոխել, արդո՞ք ճարտարապետների պալատի գոյությունն արդարացված կլինի:

-Այո՛, իհարկե, արդարացված կլինի: Այսպես թե այնպես ներդրում պետք է լինի, ու այդ ներդրումների շրջանակում որոշակի ձայն ունեցողը պետք է լինի ճարտարապետը: Նա պատվիրատուի ցանկությունը պետք է կատարի, բայց այդ ցանկությունը չպետք է հակասի օրենքին: Եթե հակասի, ճարտարապետը պետք է հրաժարվի այդ գործից:

Հիմա իրավիճակն այսպիսին է. գործարարը գնում է քաղաքապետարան, ասում է, որ այսքան գումար ունի, ուզում է ներդրում անել: Քաղաքապետն ուրախանում է, գործը տալիս է գլխավոր ճարտարապետին: Ներդրում անողն ասում է` ես ինքս եմ որոշելու` որ կետում եմ ուզում կառուցում իրականացնել: Այդպիսով հարցը փակվում է: Խախտում է տեղի ունենում քաղաքապետարանի մակարդակով: Ճարտարապետն էլ կա՛մ համաձայնում է տվյալ գործն իրականացնել, կա՛մ ոչ:

-Իսկ եթե օրենքի ընդունումից հետո ճարտարապետը համաձայնի ապօրինի շինարարություն իրականացնել, ի՞նչ կլինի:

-Լիցենզիայից կզրկվի: Այսինքն` ճարտարապետների պալատի գլխավոր գործառույթն այն է, որ ճարտարապետները բարեխիղճ լինեն օրենսդրական պահանջների նկատմամբ:

-Հիմա լիցենզիայի հարցն ինչպե՞ս է կարգավորվում:

-Պետությունն ինքն է լիցենզիա տալիս ճարտարապետին, բայց պարզ չէ` վերջինս արժանի է դրան, թե ոչ: Հիմա ով բուհն ավարտում է, փաստաթուղթ է ներկայացնում առ այն, որ ուզում է մասնագիտական գործունեությամբ զբաղվել: Աջից-ձախից երաշխավորական ստորագրություններ է հավաքում, սկսում է աշխատել: Այդ ամենը ձեւական բնույթ է կրում: Թե հետո ինչ կանի այդ ճարտարապետը, պարզ չէ, որեւէ հսկողություն չկա, ազատ նկարչի կարգավիճակ է ստանում:

-Ոլորտի մասնագետներից ոմանք մտավախություն են հայտնում առ այն, որ եթե Ճարտարապետների պալատն է լիցենզիան տրամադրելու, հանարավոր է` կոռուպցիոն ռիսկեր ի հայտ գան: Ի՞նչ կասեք:

-Չի կարող այդպիսի բան լինել: Լիցենզիան բուհի նորավարտ ճարտարապետը ստանում է առանց քննության` անդամագրվելով պալատին, բայց լիցենզիաների տեսակները տարբեր են: Եթե ճարտարապետն ուզում է գործունեության շրջանակն ընդլայնել, պետք է լրացուցիչ քննություններ հանձնի: Իսկ դրանք թեստային քննություններ են, որոնք ստուգում է համակարգիչը: Որեւէ հանձնաժողով չի ձեւավորվելու, եթե կազմվի էլ, դա կլինի պրակտիկ հանձնարարություն տալու նպատակով: Այնպես որ` ծանոթ-բարեկամի հարց չի լինի:

Աննա Բաբաջանյան




Լրահոս