Թմրանյութ օգտագործած ամուսինը կնոջը ծեծել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նոյեմբերյանի տարածաշրջանի Զորական գյուղի 24-ամյա բնակիչ Ս. Ե.-ի կինը թմրանյութ օգտագործած ամուսնու կողմից ծեծի ենթարկվելուց հետո ոստիկանության Նոյեմբերյանի բաժին է ներկայացրել իրենց տանը գտնվող թմրանյութը: Իրավապահներից ստացած տեղեկություններով՝ կինն ուղարկվել է դատաբժշկի մոտ հետազոտության, որի արդյունքում պարզվել է, որ նա ստացել է թեթեւ մարմնական վնասվածքներ: Ուշագրավ է, որ նա թեթեւ մարմնական վնասվածքներ ստանալու վերաբերյալ իր բողոքը դեպքից 10 օր հետո չի պնդել, ուստի օրենքի համաձայն՝ այդ դրվագով քրեական գործ չի հարուցվել:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի 1-ին մասով (Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը կամ առաքելը): Սույն հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է առավելագույնը 2 ամիս ժամկետով կալանքով կամ առավելագույնը մեկ տարի կալանքով: Այդ ընտանիքը Նոյեմբերյան քաղաքի բազմաբնակարան շենքերից մեկում վարձով էր բնակվում: Նշված դեպքից հետո ամուսինները մի քանի օր առանձին են ապրել, ապա միացել: Թերեւս դրանով է պայմանավորված, որ ծեծի վերաբերյալ ամուսնու դեմ բողոքը կինը հետ է վերցրել: Ներկայումս ընտանիքը փոխել է բնակության վայրը, նոր տուն վարձակալել:

Ամուսինները 3 տարեկան աղջիկ ունեն: Նշենք, որ կնոջը ծեծի ենթարկած երիտասարդը 2016թ. հուլիսին, մեկ տարի ժամանակով զրկված լինելով տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, նույն թվականի հոկտեմբերին ոչ սթափ վիճակում, 0.633 մգ/լ աստիճանի հարբածությամբ, տրանսպորտային միջոց է վարել: Այդ կապակցությամբ (ոչ սթափ լինելու) կայացած դատավարութան սկզբում Ս. Ե.-ն դատարանին միջնորդել է դատաքննությունն անցկացնել արագացված կարգով՝ ասելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, ինքը համաձայն է դրա հետ: Դատարանը միջնորդությունը բավարարել է: 2016թ. դեկտեմբերի 28-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Ս. Ե.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 243.1 հոդվածի 2-րդ մասով եւ դատապարտել 350 հազար դրամի չափով տուգանքի:

Ոսկան Սարգսյան
Տավուշ




Լրահոս