«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է իր ընթերցողին ներկայացնել ՀՀ ԱԺ 5-րդ գումարման (2012-2017թթ.) պատգամավորների գործունեության ամփոփման շարքը:
Այսօր կանդրադառնանք Հայաստանի Հանրապետական կուսակցության ավագ Լեռնիկ Ալեքսանյանի գործունեությանը: Նկատելի է, որ նա վերջին շրջանում բավականին պասիվ է եւ Սերժ Սարգսյանի հակառակորդներին պատասխանելու բեռը թողել է երիտհանրապետականների ուսերին:
Նաեւ այս հանգամանքով պայմանավորված՝ կասկածելի է նրա հայտնվելը 2017թ. խորհրդարանում:
ՀՀԿ հնաբնակներից Լեռնիկ Ալեքսանյանը պատգամավորական կյանքը վայելել է 1998 թվականից՝ կարճ ընդհատումներով: Եղել է Կարեն Դեմիրճյանի ու Վազգեն Սարգսյանի ղեկավարած «Միասնություն» դաշինքից եւ հաջողությամբ կողմնորոշվել իշխանության գագաթին տիրակալած Քոչարյան-Սարգսյան հերթագայություններում: Ի դեպ, վերջին օրերին նա հատուկ ակտիվություն է ցուցաբերում՝ հավանաբար ցանկանալով Սերժ Սարգսյանին թույլ չտալ, որ մոռանա իր մասին:
Ի վերջո, Սարգսյանն էլ է հասկանում, որ ՀՀԿ-ի ավագներից միանգամից հրաժարվելը այնքան էլ լավ չի դիտվելու: Հատկանշական է, որ խորհրդարանում Ալեքսանյանն անհամեմատ ավելի ակտիվ է եղել իր վերոնշյալ գործընկերոջից: Այսպես՝ 5-րդ գումարման ԱԺ-ի նիստերին նա կողմ է քվեարկել 636 անգամ, դեմ 2, իսկ ձեռնպահ լոկ 1 անգամ: Քվեարկությունից հրաժարվելով 4 անգամ՝ Ալեքսանյանը 5 տարվա ընթացքում բացակայել է միայն 2 նիստից: Այս տարիների ընթացքում նա ԱԺ ամբիոնին է մոտեցել 7, հարցապնդմամբ հանդես եկել 5 անգամ: Ինչպես վայել է իսկական հանրապետականին, Ալեքսանյանը նույնպես կողմ է քվեարկել «ԱԺ կանոնանկարգ-օրենքի» փոփոխություններին, Պնախարար Վիգեն Սարգսյանի «1000 դրամների» նախագծին, Կարեն Կարապետյանի կառավարության բյուջեին եւ այլն:
Ն. Հովսեփյան