Սերժ Սարգսյանի բառապաշարով ասած, որքան «խղճուկ» է այժմյան պալեմիկան՝ հիմնված ընդամենը անձնական «աբիժնիկության» վրա. ընտրությունների թոհուբոհով. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ շատ է խոսվում այն մասին, որ նոր Սահմանադրությամբ հաստատված կառավարման համակարգում շեշտակիորեն մեծանալու է քաղաքական կուսակցությունների դերն ու նշանակությունը: Սակայն նախընտրական այս փուլում առայժմ ընթանում է քաղաքական ուժերի ֆիզիակական մեծացման գործընթաց: Այս օրերին մենք ականատես ենք լինում տարբեր դաշինքների ձեւավորման, բանակցություններ են ընթանում դաշինքային միավորումների շուրջ, սակայն որ ուշագրավ է, այդ գործընթացներում զրոյական նշանակություն է տրվում գաղափարական ընդհանուր հենքի գոնե ֆորմալ ապահովմանը:

Այնինչ՝ քաղաքական կուսակցությունը ընդհանրական գաղափարախոսության հետեւորդ մարդկանց խումբ է, որոնք ձգտում են իշխանության՝ այդ գաղափարները կյանքի կոչելու համար: Մեզանում սակայն տեսանելի է ընդամենը իշխանության ձգտումը, իսկ թե այս կամ այն ուժը ինչ խնդիր է լուծելու, երկիրը դեպի ուր է տանելու՝ գալով իշխանության, բացառությամբ մեկ-երկու ուժերի, մնացածը ոչինչ չեն ասում:
Մասնավորապես առ այսօր հայտնի չէ, թե քաղաքական ակտիվ դերակատարման հավակնող անձերի շուրջ ձեւավորված դաշինքները ինչպես են տեսնում ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կամ արդյո՞ք անհրաժեշտ են համարում Եվրամիության հետ համագործակցության խորացումը: Էլ չասած այն մասին, որ այդ դաշինքներում «հավաքագրվել» է քաղաքական ամենատարբեր եւ միմյանց հակասող հայացքներ ունեցող այնպիսի «աստղաբույլ», որ որեւէ ընդհանրական մոտեցման ձեւավորում, ըստ էության, անհնար է:

Օրինակ՝ ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության հարցում ինչպիսի ընդհանրական մոտեցում կարող են ունենալ տարիներ շարունակ հակառուսական դիրքորոշմամբ աչքի ընկած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը եւ իր ընդգծված պրոռուսական դիրքորոշմամբ հայտնի Դեմկուսի ղեկավար Արամ Գ. Սարգսյանը: Միթե խորհրդարանական մանդատի գինն այնքան մեծ է, որ կարելի է զոհաբերել տարիներով ձեւավորված քիչ թե շատ գաղափարական գործչի քաղաքական կապիտալը:
Քաղաքական կոնկրետ դերակատարին նվիրված իր հայտնի ելույթում Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք: Մինչդեռ այն, ինչ այսօր կատարվում է մեր քաղաքական դաշտում, շատերին հենց կրկես է հիշեցնում: Օրինակ՝ «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը նախօրեին հայտարարեց, որ չի մասնակցելու «ապագա ընտրություններ կոչվող կրկեսային միջոցառմանը»:

«Գետեր, առվակներ» եւ այլաբանական այլ ձեւակերպումներով միմյանց հետ հրապարակավ հարաբերություններ պարզող քաղաքական երբեմնի համախոհները հավանաբար չեն էլ նկատում, թե, Սերժ Սարգսյանի բառապաշարով ասած, որքան «խղճուկ» է այդ պալեմիկան՝ հիմնված ընդամենը անձնական «աբիժնիկության» վրա:




Լրահոս