ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Երեւանի կենտրոնում

Այս կատուն ցատկել է ցայտաղբյուրի վրա եւ փորձում է ջուր խմել: Դատելով ցայտաղբյուրը շրջապատած սառցե շերտերից՝ կարելի է կարծել, թե ինչպիսի մեծ ջանքեր է թափել այս կատուն, որպեսզի իրագործի նպատակը:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեցել եմ վարչական ակտ՝ 5000 դրամ, որը վճարել եմ հավելավճարով՝ 7500 դրամ (հավելավճար՝ 2500), քանի որ մի քանի օր ուշացրել եմ: Սակայն ինձ ծանուցում է եկել այն մասին, որ ես վճարումներ պետք է անեմ (2500 դրամ) նաեւ ԴԱՀԿ-ում: Իսկ ես արդեն հավելավճարով մուծել եւ զրոյացրել եմ իմ տուգանքը: Խնդրում եմ պարզաբանել՝ ինչո՞ւ է ԴԱՀԿ-ն նույնպես հավելավճար պահանջում:

Ալբերտ Մխոյան (29 տարեկան, վարորդ)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66-րդ հոդվածի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերն են դրանց կազմակերպման եւ անցկացման համար հարկադիր կատարողի, ինչպես նաեւ կատարողական վարույթի կողմերի եւ այլ անձանց ծախսած միջոցները: Նույն օրենքի 67-րդ հոդվածի 2-րդ կետի գ) ենթակետի համաձայն՝ կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից՝ մինչեւ 10.000 ՀՀ դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով:

Հարկադիր կատարման ծառայության միջազգային հարաբերությունների եւ հասարակայնության հետ կապերի բաժին

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ կատարողական վարույթին կարող են մասնակցել երկու եւ ավելի պահանջատեր կամ պարտապան: Յուրաքանչյուր պահանջատեր կամ պարտապան կատարողական վարույթում մյուս կողմի նկատմամբ հանդես է գալիս ինքնուրույն: Նա կարող է նաեւ կատարողական վարույթին մասնակցությունը հանձնարարել համամասնակիցներից մեկին:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ունեմ 1997թ. մեքենա: Խնդրում եմ ասեք՝ 20 տարվա վաղեմություն ունեցող մեքենաների համար գույքահարկ վճարվում է, թե ոչ: Եվ ուզում եմ իմանալ՝ գույքահարկը ո՞ր թվականի մեքենաների վրա է տարածվում:

Գալուստ Մանուկյան (30 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն՝
Մինչեւ երեք տարվա վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
Երեք տարուց ավելի վաղեմության ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների համար գույքահարկի գումարը երրորդ տարվան հաջորդող յուրաքանչյուր տարվա համար պակասեցվում է հարկի գումարի 10 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան հարկի գումարի 50 տոկոսը: Ընդ որում, վաղեմության ժամկետը որոշելու համար հիմք է ընդունվում ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման տարեթիվը:
Բեռնատար (բեռնաուղեւորատար) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների վաղեմության ժամկետի 20-րդ տարին լրանալուց հետո տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար գույքահարկ չի հաշվարկվում եւ չի վճարվում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնում ենք, որ փոխադրամիջոցների (բացառությամբ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների) համար գույքահարկը հաշվարկվում է տարեկան հետեւյալ դրույքաչափերով՝
ա) ջրային փոխադրամիջոցների հարկման բազայի՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 150 դրամ կամ յուրաքանչյուր կիլովատի դիմաց՝ 204 դրամ.
բ) անիվավոր, թրթուրավոր, ինքնագնաց մեքենաների եւ մեխանիզմների հարկման բազայի՝ յուրաքանչյուր ձիաուժի դիմաց՝ 50 դրամ կամ հզորության յուրաքանչյուր կիլովատի դիմաց՝ 68 դրամ:
Նշենք, որ փոխադրամիջոցի վրա մեկից ավելի քաշող շարժիչների առկայության դեպքում հարկման բազա է համարվում բոլոր քաշող շարժիչների գումարային հզորությունը: Հարկման բազան որոշելիս շարժիչի հզորության չափման միավորը ձիաուժն է կամ կիլովատը:




Լրահոս